Մենք այսօր այստեղ ենք, որովհետեւ հաշտ չենք, որ սրբազաններն ապօրինաբար կը պահէք կալանքի տակ: Հաշտ չենք, որ ազգային բարերարները, քաղբանտարկեալները կը շարունակեն մնալ անազատութեան մէջ: Այսօր այստեղ ենք, որովհետեւ հաշտ չենք, որ պետական հիմնարկները դարձած են այս թոյլ իշխանութեան գերին: Այս մասին Սամուէլ Կարապետեանի ազատութեան պահանջով բողոքի ցոյցի ժամանակ, Քննչական կոմիտէի դիմաց ըսած է «Ուժեղ Հայաստան» կուսակցութեան անդամ Շիրազ Մանուկեանը:
«ՔԿ-ի սիրելի աշխատակիցներ, յունիսի 7-ից յետոյ, երբ միասին ունենանք ուժեղ Հայաստան, դուք գերի չէք լինելու այս թոյլ իշխանութեանը, դուք եւս լինելու էք ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներ, ուժեղ Հայաստանի արդարադատութեան համակարգի աշխատակիցներ: Մենք միասին ենք դա անելու:
Այսօր ութ ամսից աւելի է Սամուէլ Կարապետեանը գտնւում է ապօրինի կալանքի տակ եւ մեր պայքարը, ինչպէս տեսնում էք, չի դադարել եւ օր օրի աւելի մեծ յաջողութիւններ է ունենում: Մենք շարունակելու ենք նաեւ ձեր համար պայքարել, որ դուք ապրէք անկախ, աշխատէք անկախ, որ արդարադատութեան այս ինստիտուտը աշխատի օրէնքի տառին համապատասխան:
Յունիսի 7-ից յետոյ արդարադատութիւնը չի աշխատելու ոչ մի զանգով, ոչ մի նամակով: Մեր նպատակն է, որ բոլոր պետական ինստիտուտներն աշխատեն եւ լինեն անկախ»,-նշած է ան:
Մանուկեանն ընդգծած է, որ իրենց ուժը որդեգրած է յաղթանակի ճանապարհը:
«Յունիսի 7-ից յետոյ ՀՀ-ի վարչապետ լինելու է Սամուէլ Կարապետեանը եւ մենք միասին տօնելու ենք մեր յաղթանակը: Յունիսի 7-ին մեր քաղաքացին անելու է իր վճռական քայլը: Յունիսի 7-ից յետոյ ունենալու ենք ուժեղ Հայաստան, ազատութեան մէջ է լինելու Սամուէլ Կարապետեանը: Ազատութիւ՛ն Սամուէլ Կարապետեանին»,-ըսած է ան, որմէ ետք հաւաքուածները միասին վանկարկած են՝ ազատութի՛ւն Սամուէլ Կարապետեանին: