image

Այլընտրանքների պատրանքը.Սմբատ Հովհաննիսյան

   Այլընտրանքների պատրանքը.Սմբատ Հովհաննիսյան

 

Իսկական այլընտրանքը չպետք է լինի պարզապես տարբեր, այլ նաև իմաստալից և հիմնավոր: Այն պետք է առաջարկի ոչ թե պարզապես նոր ուղի, այլ նոր հորիզոն: Սակայն մեր հասարակությունում «այլընտրանք» հասկացությունը հաճախ վերածվում է մարքեթինգային գործիքի, որը ծառայում է կոնկրետ գաղափարախոսությունների կամ քաղաքական ուժերի շահերին ծառայելուն։ Այն ուղղված է ոչ թե իրական փոփոխությանը, այլ գոյություն ունեցող համակարգերի ամրապնդմանը, վերարտադրմանը կամ բաց թողնվածի, կորսվածի վերականգնմանը:Իրական այլընտրանքը ենթադրում է երկարաժամկետ ազդեցություն և խորքային փոփոխություններ՝ գերազանցելով հրատապ լուծումների սահմանափակ շրջանակը: Այն բաց է՝ համախմբելով բազմազան կարծիքներ, տեսլականներ և շահեր՝ միտված համապարփակ և բազմաշերտ լուծումների առաջարկմանը: Իրական այլընտրանքը չի կարող լինել միակողմանի կամ սահմանափակվել միայն կոնկրետ խմբի շահերով: Այն կառուցողական է և հիմնված է հանրության վստահության վրա՝ դրական փոխզիջումների հասնելու պատրաստակամությամբ։

 

 

Վերջին շրջանում հասարակական դիսկուրսներում «այլընտրանք» բառը վերածվել է մի տեսակ նոր հավատալիքի, որը հաճախ զուգորդվում է դրական փոփոխությունների և առաջընթացի գաղափարների հետ։ Այն հնչում է ամենուր՝ քաղաքականությունից մինչև սպառողական ընտրություն, կրթությունից մինչև կենսակերպ: Բայց արդյո՞ք այդ այսպես կոչված այլընտրանքներն իսկապես տարբերվում են արդեն գոյություն ունեցողներից, թե՞ դրանք պարզապես նույնի այլ փաթեթավորումներն են:

Այսպիսով՝ հաճախ ենք ականատես լինում հին խնդիրների վերափաթեթավորմանը, որոնք հրամցվում են «նորարարական լուծումների» անվան ներքո։ Երևույթ, որը հիշեցնում է հայելիների սրահ, որտեղ յուրաքանչյուր նոր անդրադարձում թվում է տարբեր, սակայն իրականում նույն պատկերն է՝ տարբեր անկյան տակ: Այդու՝ հրամցված «այլընտրանքները» հաճախ նման են լաբիրինթոսի նոր միջանցքների, որոնք թեև տարբեր ուղղություններով են գնում, բայց հանգում են նույն փակուղուն: Դրանք զարդարված են «նոր» գաղափարներով, ժամանակակից եզրաբանությամբ և գրավիչ խոստումներով, սակայն հիմնական խնդիրները կա՛մ շրջանցվում են, կա՛մ էլ քողարկվում: 

Իսկական այլընտրանքը չպետք է լինի պարզապես տարբեր, այլ նաև իմաստալից և հիմնավոր: Այն պետք է առաջարկի ոչ թե պարզապես նոր ուղի, այլ նոր հորիզոն: Սակայն մեր հասարակությունում «այլընտրանք» հասկացությունը հաճախ վերածվում է մարքեթինգային գործիքի, որը ծառայում է կոնկրետ գաղափարախոսությունների կամ քաղաքական ուժերի շահերին ծառայելուն։ Այն ուղղված է ոչ թե իրական փոփոխությանը, այլ գոյություն ունեցող համակարգերի ամրապնդմանը, վերարտադրմանը կամ բաց թողնվածի, կորսվածի վերականգնմանը:

Իրական այլընտրանքը ենթադրում է երկարաժամկետ ազդեցություն և խորքային փոփոխություններ՝ գերազանցելով հրատապ լուծումների սահմանափակ շրջանակը: Այն բաց է՝ համախմբելով բազմազան կարծիքներ, տեսլականներ և շահեր՝ միտված համապարփակ և բազմաշերտ լուծումների առաջարկմանը: Իրական այլընտրանքը չի կարող լինել միակողմանի կամ սահմանափակվել միայն կոնկրետ խմբի շահերով: Այն կառուցողական է և հիմնված է հանրության վստահության վրա՝ դրական փոխզիջումների հասնելու պատրաստակամությամբ։

Արդ իրական այլընտրանքի արդյունավետությունը գնահատելու համար անհրաժեշտ է համակողմանի վերլուծություն` հիմնված մի շարք առանցքային չափանիշների վրա: Նախ՝ կարևոր է գնահատել առաջարկվող լուծման փոփոխությունների ներուժը՝ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում: Սա ենթադրում է ոչ միայն առկա իրավիճակի բարելավման հնարավորությունների ուսումնասիրություն, այլև հնարավոր նոր մարտահրավերների կանխատեսում:

Ապա՝ խնդրի հիմնարար պատճառների լուծմանն ուղղված քայլերի ձեռնարկումն է: Այլընտրանքը պետք է ոչ միայն մեղմի առկա հետևանքները, այլև թիրախավորի հիմնախնդրի սկզբնապատճառները: Միևնույն ժամանակ այն պետք է արտացոլի հանրության իրական կարիքներն ու համապատասխանի շահառուների ակնկալիքներին:

Վերջապես, կարևոր է բացահայտել այլընտրանքի ազդեցության շրջանակը՝ պարզելով, թե որ խմբերն են շահում առաջարկվող լուծումից, և ովքեր են մնում դրանից դուրս: Այս և համանման այլ հարցերի վերլուծությունը թույլ է տալիս ոչ միայն գնահատել առաջարկվող լուծման որակը, այլև կանխատեսել, թե որքանով այն կարող է դառնալ իրական փոփոխությունների շարժիչ ուժ:

 

Բայց իրական այլընտրանքի որոնումը պահանջում է նաև քաջություն՝ դուրս գալու սովորական մտածողության շրջանակներից, և իմաստնություն՝ տարբերակելու իրական փոփոխությունը պատրանքից: Միայն այդ դեպքում է հնարավոր դուրս գալ կրկնության փակուղուց դեպի նոր հնարավորությունների բաց տարածություն: 

 

Արդ, որքանո՞վ ենք պատրաստ տարբերելու իրական այլընտրանքը պատրանքից և ընտրելու այն՝ գիտակցելով դրա բոլոր հետևանքները:

 

Սմբատ Հովհաննիսյան 

07․01․2025