image

Ատրպէյճան արգելք դրած է Քաշաթաղէն բոլոր տեսակի փոխադրումներուն վրայ

Ատրպէյճան արգելք դրած է Քաշաթաղէն բոլոր տեսակի փոխադրումներուն վրայ

Այսօր առաւօտեան Հաքարիի կամուրջի մօտ տեղի ունեցած ատրպէյճանական սադրանքէն ետք Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր մարդասիրական ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգիլուած են Ատրպէյճանի կողմէ: Յայտնած են Արցախի տեղեկատուական շտաբէն:

«Մասնաւորապէս, Կարմիր խաչի միջազգային կոմիտէի կողմից 25 բուժառու եւ նրանց հարազատներ էին տեղափոխւում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակէտում արգելուել է մեքենաների հետագայ տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ:

Բացի դրանից, չեղարկուել է այսօր նախատեսուած Ստեփանակերտ-Գորիս-Ստեփանակերտ երթուղով տասնեակ անձանց ուղեւորափոխադրումը հումանիտար հրատապ կարիքներից ելնելով, որը պէտք է տեղի ունենար ռուս խաղաղապահների կողմից:

Կասեցուել է նաեւ հումանիտար բեռնափոխադրման նպատակով Գորիս մեկնող ռուս խաղաղապահների բեռնատարների շարժը:

Արցախի Հանրապետութեան իշխանութիւնները հերթական անգամ արձանագրում են, որ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում տեղադրուած ապօրինի ադրբեջանական անցակէտն ինքնին մեծագոյն վտանգ ու խոչընդոտ է Արցախի եւ Հայաստանի միջեւ ազատ տեղաշարժի ապահովման հարցում: Այսօրուայ միջադէպը վերստին հաստատում է այդ վտանգների ու խոչընդոտների առկայութիւնը՝ լրացուցիչ կերպով սպառնալիքի տակ դնելով Արցախի ժողովրդի սուր հումանիտար կարիքների համար նոյնիսկ Կարմիր խաչի եւ ռուս խաղաղապահների կողմից մարդկանց ու բեռների խիստ սահմանափակ տեղաշարժը:

Արցախի իշխանութիւնները վերահաստատում են իրենց դիրքորոշումը, որ անյապաղ ու անվերապահ կերպով պէտք է ապահովուի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ նախատեսուած Լաչինի միջանցքի ռեժիմը առանց ադրբեջանական որեւէ միջամտութեան, ինչպէս նաեւ պէտք է կատարուի ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի 2023թ. փետրուարի 22-ի որոշումն այդ հարցի վերաբերեալ»: