image

«Արիական մի ժողովուրդ արժանի է դրան». 20 Տարուան մաղթանք՝ Ստեփան Ալաճաճեանէն

«Արիական մի ժողովուրդ արժանի է դրան». 20   Տարուան մաղթանք՝ Ստեփան Ալաճաճեանէն

«…Մաղթենք, որ աշխարհը մեզ ճանաչի աշխարհագրական դիրքով, քաղաքակրթութեամբ ու վարքով, որպէս Եւրոպայի մասը։ Արիական մի ժողովուրդ արժանի է դրան»։

Ուղիղ 20 տարի առաջ ԱՄՆ-ից այսպիսի խօսք է հնչել Նոր տարուան առթիւ: Եւ դա եղել է ոչ թե պարզապես սրտի խոսք, այլ՝ մտաւորականի, սրտացաւ գրողի իրատեսական ցանկութիւն, որ նա հղել է իր հնամենի ժողովրդին՝ ցրուած աշխարհով մեկ եւ իր փոքրիկ հայրենիքին: Ուղիղ 20 տարի յետոյ՝ 2024-ի շեմին որքան արդիական է հնչում թե՛ այդ անհրաժեշտութիւնը եւ թե՛ բոլոր այն ցանկութիւններն ու մաղթանքները, որ գրող, հրապարակախօս Ստեփան Ալաճաճեանը գրել եւ տպագրել է իր հիմնած «Առագաստ» ամսագրում իբրեւ խմբագրական: Նոր տարվա առիթով ներկայացնում ենք այդ խոսքը: 

 

 

 

 

«Առագաստ» պարբերական 2004

Գ տարի #26-27

«Շնորհավոր Նոր տարի –2004թ.։

Ամէնից առաջ բարօրութիւն եւ երջանկութիւն մաղթենք հայրենաբնակ մեր ժողովրդին։

Մաղթենք, որ արտերկրի բոլոր հայերը՝ Աւստրալիայից մինչեւ Եւրոպայ, Ասիայից մինչեւ Ամերիկայ ու Աֆրիկայ, իրենց ապրած երկրների օրինաւոր քաղաքացիները լինելով, գիտակցեն իրենց ազգային պատկանելիութիւնը եւ հաւատան, որ այդ պատկանելիութեան արմատները հիմնաւորուած են այն փոքրիկ հողում, որ կոչւում է Հայաստան, հայրենիք։

Ու մաղթենք բոլորս, ե՛ւ արտերկրում, եւ՛ հայրենիքում ապրող հայերս, որ միշտ առիթներ ունենանք հպարտ զգալու մեր ծագումով՝ ապաւինելով մեր մշակութային հզօր արժէքներին եւ թող մեզ օրինակ հանդիսանան մեր մեծութիւնները, եւ թող մեզանից հեռու մնան մեզ վարկաբերող ստորները։

Մաղթենք, որ Հայաստանը ունենայ գիտակից-քաղաքացիական հասարակութիւն. որը պէտք է թօթափի կէս-գիւղացի ու կէս-քաղաքացի լինելը, մէկ խօսքով գաւառականութիւնը, ազատագրուի քաղքենի սովորոյթներից ու կենցաղավարութիւնից, որդեգրի մարդկային ազնիւ ու ճշմարիտ յարաբերութիւնների վարուելակերպ։

Մաղթենք, որ մեր երկրում լինի իրոք ժողովրդավարութիւն եւ ժողովուրդը զգայ, որ ինքն իր պետականութեան մէջ է ապրում, արդէն գիտակից-քաղաքացիական հասարակութիւնը պետականութիւն ունեցողի գիտակցութիւնն է, եւ պետականութիւնը իր հետ բերում է կարգ ու կանոն, սահմանադրական օրէնքներ է հաստատում ու մենք, որ երկար տարիներ օրէնքներից խուսափող ենք եղել, պիտի սովորենք յարգել այդ օրէնքները եւ ենթարկուել դրանց։

Օրէնքների լաւ իմացութիւնն իմացական հարստութիւն է։

Մաղթենք, որ պահպանուի խօսքի, մամուլի եւ հաւատի ազատութիւնը իբրեւ ժողովրդավարութեան հիմնական սկզբունքներ, եւ յաղթանակած դուրս գանք այն չյայտարարուած ու լուռ կռուադաշտից, ուր ներխուժել են աղանդները ընդդէմ մեր լուսաւորչական-առաքելական դաւանանքի, յաղթանակած դուրս գանք այն մարտադաշտից, ուր տարբեր մշակոյթներ թափանցել են իրենց տարօրինակ պարերով ու երգերով եւ վերջապէս, եւ որ գլխաւորն է, յաղթանակած դուրս գանք այն կռւում, որ մղւում է մեր ինքնութեան դէմ, այն կռւում, որ փորձում է մեզ դարձնել ամերիկացի կամ ֆրանսացի, ռուս կամ վրացի, այսինքն կռուենք ազգափոխութեան դէմ ինքնապաշտպանութեան բոլոր զէնքերով, լեզու, գրականութեան, եկեղեցի, երաժշտութիւն, ազգային ոգի ու դպրոց, այն բոլոր ձեւերով, որոնք պահպանելու են մեր հաւաքականութիւնը, մեզ դարձնում են կազմակերպուած ժողովուրդ։

Մաղթենք, որ մեր պետական այրերը հասկանան, ու ժողովրդավարութիւն ասելով իմանան, որ դա ժողովրդի մասնակցութիւնն է պետութեան աշխատանքներին եւ ոչ թէ ժողովրդից կտրուելը։ Այլապէս... այլապէս կը վերաճի բռնապետութեան... Ուստի պետութիւնը ամէն բանից առաջ պիտի ապահովի քաղաքացու կեանքը, ապրելու իրաւունքը, որպէսզի նա կարողանա իր պարտաւորութիւնները կատարել, ապրել բարեկեցիկ։

Մաղթենք, որ բարեկեցութեան հիմքը՝ աշխատանքը, շատանա՜յ, եւ մեր աշխատասէր ու շինարար ժողովուրդը վերստին ու վերստին զարգացնի երկիրը, մտքի ու բազկի ուժով յաղթահարի դժուարութիւնները, բարգաւաճի ու ցուցադրի աշխարհին, թէ ինչ աւանդոյթներով ու մշակոյթով հարուստ մի ազգի սրբազան գործերի շարունակողն է եւ ոչ թէ լքուած մի բազմութիւն, որ չգիտէ, թէ ուր է գնալու։

Եւ վերջապէս մաղթենք, որ աշխարհը մեզ ճանաչի աշխարհագրական դիրքով, քաղաքակրթութեամբ ու վարքով, որպէս Եւրոպայի մասը։ Արիական մի ժողովուրդ արժանի է դրան։

Շնորհաւոր Նոր տարին։

 

«Առագաստ» պարբերական, 2004 թուական