image

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հիւրընկալեց «Նագգաշեան մանուկների տան» բարերարներին, մանկավարժներին, սաներին եւ շրջանաւարտներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հիւրընկալեց «Նագգաշեան մանուկների տան» բարերարներին, մանկավարժներին, սաներին եւ շրջանաւարտներին

Սեպտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Նագգաշեան մանուկների տուն» երեխաների աջակցութեան կենտրոնի 10-ամեակի առիթով հիւրընկալեց կենտրոնի բարերարներին, մանկավարժներին, սաներին եւ շրջանաւարտներին: «Նագգաշեան մանուկների տուն» երեխաների աջակցութեան կենտրոնը գործում է Երեւանում Մայր Աթոռի հովանու ներքոյ:

Հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութիւնը` տնօրէն Նունէ Գեղամեանն անդրադարձ կատարեց կենտրոնի  10-ամեայ գործունէութեանն ու ձեռքբերումներին: Տիկին Գեղամեանն ընդգծեց նաեւ, որ կենտրոնն այսօր արդիւնաւէտօրէն համագործակցում է տարբեր պետական պատկան կառոյցների ու հասարակական կազմակերպութիւնների հետ: 

Ամենայն Հայոց Հայրապետը, իր հայրական օրհնութիւնը փոխանցելով ներկաներին, կարեւորեց կենտրոնի առաքելութիւնը եւ ընդգծեց, որ այն նաեւ լաւագոյն հնարաւորութիւնն է ընձեռում հայորդիներին առաւել հաղորդ դառնալու Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւոր արժէքներին: Այս առիթով Նորին Սրբութիւնը յոյս յայտնեց, որ կենտրոնի սաները, հաղորդակցուելով սուրբ հայրերի ժառանգութեանը,  իրենց բարի պտուղները կը բերեն ի նպաստ հայոց աշխարհի շէնացման ու զօրացման: 

Հանդիպմանը Հայոց Հովուապետն իր գնահատանքը յայտնեց կենտրոնի տնօրինութեանը եւ մանկավարժներին իրենց նախանձախնդիր ու նուիրեալ աշխատանքի, ինչպէս նաեւ վարքային խնդիրներ ու խնամքի կարիք ունեցող երեխաներին ըստ ամենայնի աջակցելու համար: 

Խօսելով կենտրոնի ստեղծման պատմութեան մասին` Վեհափառ Հայրապետն իր մասնաւոր գնահատանքը բերեց բարերարներին, որոնց հոգածութեամբ կեանքի է կոչուել եւ իր առաքլութիւնն է շարունակում իրականացնել «Նագգաշեան մանուկների տուն»-ը:

Անդրադարձ կատարուեց նաեւ կենտրոնն աւարտած սաների յետագայ կեանքի ընթացքի կազմակերպման ուղիներին: