image

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Աւստրիա բուժման մեկնող զինուորականները

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Աւստրիա բուժման մեկնող զինուորականները

Ապրիլի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիւրընկալեց արցախեան երկրորդ պատերազմում տարբեր աստիճանների վիրաւորումներ ստացած հինգ զինուորականների, որոնք առաջիկայ օրերին կը մեկնեն Աւստրիա` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Կենտրոնական Եւրոպայի Հայրապետական պատուիրակութեան նախաձեռնութեամբ ու աջակցութեամբ ստանալու անհրաժեշտ յետագայ բժշկական օգնութիւնը եւ վերջոյթների պրոթեզաւորումը: Ծրագրի առաջին փուլում բուժում կը ստանան հինգ զինուորականներ։

Հանդիպումը սկսուեց Տէրունական աղօթքով, այնուհետեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլեան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրէն, բ․գ․դ․, պրոֆէսոր Արմէն Չարչեանը Նորին Սրբութեանը ներկայացրեց բուժման մեկնող զինուորականներին՝ տեղեկացնելով, որ Հայաստանի տարբեր բուժհաստատութիւններում արուել է առաւելագոյնը հայրենեաց պաշտպանների կեանքը փրկելու համար։ Պարոն Չարչեանը հաստատեց նաեւ, որ վիրաւորումներ ստացած հայորդիները կարիք ունեն լրացուցիչ բուժման, որպէսզի նրանց ապաքինումը լինի առաւել արդիւնաւէտ ու ամբողջական։ Այս առիթով պարոն Չարչեանն իր երախտագիտութիւնը յայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ Կենտրոնական Եւրոպայի Հայրապետական պատուիրակութեանը հայ համայնքի ջանքերով եւ միջեկեղեցական կառոյցների օժանդակութեամբ հայորդիների յետագայ բուժումը Վիեննայի լաւագոյն բուժհիմնարկներում կազմակերպելու գործում։

Իր հայրական օրհնութիւնը փոխանցելով քաջարի զինուորականներին՝ Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքը բերեց նրանց՝ հայրենիքին մատուցած անձնուէր ծառայութեան եւ պատերազմի օրերին դրսեւորած հերոսական ոգու եւ դիմակայութեան համար։ Նորին Սրբութիւնը փաստեց, որ հայ ժողովրդի իւրաքանչիւր զաւակ երախտապարտ է  եւ ըստ ամենայնի արժեւորում է նրանց՝ ի սէր հայրենիքի դրսեւորած անձնազոհ քաջագործութիւնները։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց նաեւ, որ Հայ Եկեղեցին անցնող տարիներին իր աջակցութիւնը ցուցաբերել է նախկինում վիրաւորում ստացած հայրենեաց պաշտպաններին՝ ջանալով նպաստել նրանց բնականոն կեանքի վերականգնմանը։

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը տեղեկացրեց, որ Մայր Աթոռը իր աշխարհասփիւռ թեմերի ու համայնքների միջոցով ամէն ջանք ի գործ պիտի դնի՝ շարունակելու ըստ անհրաժեշտութեան կազմակերպել տարբեր վիրաւորումներ ստացած զինուորականների բուժումն արտերկրի բուժհաստատութիւններում։ Նորին Սրբութեան ցանկութիւնն էր, որ լրացուցիչ բուժումը օգնի հայորդիներին՝ յաղթահարելու առկայ խնդիրները եւ ապաքինուելով վերադառնալու ազգին եւ հայրէնքին իրենց ծառայութեանը:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղօթքով օրհնեց զինուորականներին՝ մաղթելով բարի ապաքինում եւ շութափոյթ վերադարձ հայրենիք: