Մոտ մեկ տարի առաջ, երբ սիրիացիների գլխավոր հոսքը հասավ Կանադա, օդանավակայանում նրանց դիմավորեց երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն՝ նվիրելով բաճկոններ եւ ձմեռային կոշիկներ: Միջազգային ու հայկակական լրատվամիջոցները, սոցիալական ցանցերն ամիսներ շարունակ բազմալեզու հոդվածներով ու տեսաերիզներով գովքը հյուսեցին վերոնշյալ աննախադեպ նախաձեռնության:
Մինչդեռ աշխարհի արևելյան մի «խուլ» անկյունում, ոչ թե Կանադայի նման օվկիանոսից օվկիանոս ձգվող տարածքում, կա մի փոքրիկ, նորանկախ երկիր՝ թշնամին իր փակ սահմանների հետևում, որը հինգ տարի է, ինչ ջանք չի խնայում տեղահանված իր զավակներին ամրապնդելու հայրենի հողի վրա:
Այդ երկրի անունը ՀԱՅԱՍՏԱՆ է՝ բոլոր հայերի հայրենիքը:
Բազում և բազմապիսի օժանդակություններից՝ Սեպտեմբերի 1-ին ընդառաջ, այսօր կանդրադառնանք միայն Հայաստանի կրթօջախներում սովորող սիրիահայերին տրվող օժանդակություններին:
Սիրիական պատերազմի հինգերորդ ուսումնական տարեշրջանում Հայաստանի կրթահամալիրներում սովորում են շուրջ 2300 աշակերտներ եւ ուսանողներ՝
550 երեխաներ մանկապարտեզներում, որոնցից շուրջ 200-ը ծնվել են Երևանում:
1200 աշակերտներ հիմնական և ավագ դպրոցներում:
480 ուսանողներ Երևանի պետական բուհերում:
Առաջին երկու խմբերի ծախսերը հոգում են Երևանի քաղաքապետարանն ու ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:
Երրորդ խմբի՝ համալսարաններում սովորող ուսանողների ուսումնավարձերը ֆինանսավորում են երեք կառույցներ՝
ՀՀ Կառավարություն
Գալուստ Գյուլբենկյան հիմնարկություն
ՀԲԸՄ
Ու այս բոլորը արվում է այնպես, որ աջ ձեռքը չիմանա ձախի արածը, և այն աստիճան համեստությամբ, որ միլիոնավոր հայեր անգամ անտեղյակ են, միգուցե՝ անտարբեր, և ապրում են Չորրորդ իշխանության լծի տակ:
«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ
Լենա Հալաջյան