Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում շարունակվում է Հայաստանի ամենահայտնի ռոք փառատոնը՝ River Fest Armenia-ն: Փառատոնը տեղի է ունենում Գետամեջի բնակիչ Հովհաննես Հասասսյանի տան այգում: 2013 թվականից Հասասսյանները նոր շունչ են մտցրել հայաստանյան փառատոնային կյանքում: Նրանք Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի իրենց սեփական տան հսկայական այգում ամեն տարի կազմակերպում են River Fest Armenia փառատոնը՝ Երևանից ոչ շատ հեռու, սակայն մոռացված այդ գյուղում համախմբելով ռոք երաժիշտների ու ռոքասերների: Երկու օր տևող փառատոնի ողջ հասույթը տրամադրվում է Գետամեջի դպրոցին: Առաջին տարիներին փառատոնի տոմսերից ստացված հասույթով սեղան, աթոռներ ու պատուհաններ է գնվել գյուղի դպրոցի համար, անցյալ տարվա հասույթով նրանք Գետամեջում խաղահրապարակ են կառուցել, իսկ այս տարի Հասասսյան ընտանիքը նպատակ ունի ջեռուցման հարցեր լուծելու:
Հովհաննես Հասասսյանը
Ի դեպ, Հասասսյանները Գետամեջի հետ ոչ մի կապ չունեն, նրանք ԱՄՆ-ից տարիներ առաջ Հայաստան գալով, որոշել են, որ հայրենիքում են ապրելու, ընդ որում, ոչ թե Երևանում, այլ՝ գյուղում: Գետամեջցիները սկզբից զարմացել են գյուղում հնչող ռոքի աղմուկից, իսկ այսօր նաև իրենք են մասնակցում փառատոնին: River Fest Armenia-ն գետամեջցիներին հնարավորություն է տալիս տարբեր ուտելիքներ ու իրեր վաճառել երկու օր գյուղում գտնվող հյուրերին:
Այս տարվա փառատոնը նախորդներից տարբերվում էր մասնակից խմբերի քանակով. Գետամեջում երկու օրվա ընթացքում ելույթ պիտի ունենա 23 ռոք խումբ, նրանց մի մասն արդեն ելույթ է, ունեցել, սեպտեմբերի 18-ին սպասվում է ևս մեկ համերգային օր, իսկ մինչև վաղվա համերգը, հանդիսատեսը գիշերում է այգում տեղադրված վրաններում: Փառատոնի մասնակից ռոք խմբերն են՝ LSD Sound Art union, Dead Walking, «Անդրանիկ Մանուկյան և խումբ», Doctor At Large, Mad Nation, The Windrose, Zen Lobster, Rozen Tal,The Hassassian Project,Unaesthetic, CRISIS OF THE GENRE, The Pillows Family, The Small Bodies, Varakvatz, Eweroun, Flower Lover,1243K "twelve for three K", Goofball Circus - Mr. Svarshik, Nemra, Sima Cunningham, Perfect Legacy, Nairi Rock Band, Lousnelius, FairWind, «Ոստան Հայոց»:
Գետամեջում հաստատված հայրենադարձ ընտանիքի սերը ռոքի հանդեպ պատահական չէ. ընտանիքի հայրը նախկին երաժիշտ է, իսկ այսօր պրոֆեսինալ երաժշտությամբ զբաղվում է որդին՝ Սարո Հասասսյանը:
Լուսանկարները՝ «Արևելքի»