image

Մշակույթի նախարարն ընդունել է Անաստաս Միկոյան կրտսերին՝ Ստաս Նամինին

Մշակույթի նախարարն ընդունել է Անաստաս Միկոյան կրտսերին՝ Ստաս Նամինին

Երևանի «Վելոտրեկում» անցկացրած փառավոր ու ԽՍՀՄ-ում աննախադեպ փոփ-ռոք փառատոնից 35 տարի անց Ստաս Նամինը՝ Անաստաս Միկոյան կրտսերը, վերադառնում է, և այս անգամ՝ ոչ միայն որպես երաժիշտ:

 1981-ին Խորհրդային անվտանգության կոմիտեին հատկապես բարկացրել էր փառատոնի խորհրդանիշը՝ Հայաստանի քարտեզի ֆոնին խոսափողով սավառնող արծիվը, և Երևանի օդակայանում Ստաս Նամինից առգրավել էին անձնագիրը: Իսկ այս անգամ նա մտադիր է Հայաստանում 65-ամյա իր հոբելյանի առիթով կազմակերպվող դեկտեմբերյան միջոցառումների նախերգանքը տալ Արցախում՝ Ստեփանակերտի թատրոնում ներկայացնելով Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը» լեռներում է պիեսի համադրային տարբերակը, ըստ Ստաս Նամինի թատրոնի:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ հանդիպմանն այսօր քննարկվեցին դեկտեմբերի 12-20-ը Երևանում անցկացնելիք այդ միջոցառումների հետ կապված հարցերը. բացի Սարոյանի, Շուկշինի և Էկզյուպերիի մոտիվներով ներկայացումներից՝ Ստաս Նամինի գեղանկարների և գրաֆիկայի ցուցահանդես, «Հայաստանի հնագույն տաճարները» ֆիլմի ցուցադրություն, նրա հեղինակած «Centuria S-Quark» սիմֆոնիայի կատարում, մայրիկի՝ Նամի Միկոյանի գրքերի շնորհանդես...

Պատկերացնելի է դեկտեմբերյան այդ միջոցառումներին այցելելիք հատկապես այն սերնդի զգացումները, որոնք 1981-ին երիտասարդ էին ու կեսգիշերից ժամեր անց էլ չէին ուզում հեռանալ «Վելոտրեկում» շարունակվող համերգներից. դա էլ էր աննախադեպ բան ԽՍՀՄ-ում:

 

 

ՀՀ Մշակույթի նախարարություն