Սամուէլ Բաբայեանի համակիրներու ճանապարհը փակած են եւ կրակ արձակած անոնց ուղղութեամբ։ Այս մասին NEWS.am-ին յայտնած են Սամուէլ Բաբայեանի գրասենեակէն։
Ամբողջական հաղորդագրութիւնը՝ ստորեւ․
«Մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սեւանի մայրուղու Սեւան- Մարտունի ճանապարհահատուածին արցախցիներին յայտնի բանտայի կողմից հետապնդուել են Սամուէլ Բաբայեանի համակիրները, զինակից ընկերները, որոնք Սամուէլ Բաբայեանի հետ մարտական ուղի են անցել եւ վերջինիս հետ ծառայել զինուորական կառոյցներում, այսօր էլ աշխոյժօրէն մասնակցում են նրա հանդիպումներին։ Նրանց ճանապարհը փակել են եւ հրազէնից կրակահերթ ուղղել նրանց ուղղութեամբ։ Այդ ճանապարահատուածի բոլոր հնարաւոր տեսախցիկներն ու արագաչափերը ֆիքսել են «բանտայի» մրցավազքը։
Մեզ հասած տուեալներով դրանք Քարվաճառի եւ Մարտակերտի հրոսակախմբերն են, որոնց պարագլուխներն են Բալայեան Ալեքսէյ, Այտինեան Ռոլանտ, Միրզոյեան Գրիգորի անուններով արցախցիների մէջ քաջ յայտնի երիտասարդները։ Ի դէպ կրակողներից մէկը եղել է սպիտակ Թոյոթա Քեմրի մեքենայում, որը պատկանում է Բալայեան Ալեքսէյին։ Այս բանտաները իրենց պարագլուխներով ծառայում են ԱՀ նախկին վարչապետ, իսկ հիմա ԱՀ նախագահի թեկնածու , «Ազատ Հայրենիք» կուսակցութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանին։ Բազմիցս օգտուելով Արայիկ Յարութիւնեանի հովանաւորչութիւնից, այս բանտայի կարկառուն պարագլուխներից Ռոլանտ Այտինեանը ազատուել է քրէական պատասխանատւութիւնից։ ՀՀ ԱԱԾ-ն այս առումով կարող է դիմել Արցախի Շահումեանի շրջանի ԱԱԾ կառոյցին եւ նրանից պահանջել, թէ ինչ քրէական պատասխանատւութիւնների է ենթարկուել տուեալ անձը, ինչու չի կրել այդ պատասխանատւութիւնը, եւ ում շնորհիւ են կառճուել բոլոր գործերը։
Քանի որ միջադէպը տեղի է ունեցել ՀՀ-ի տարածքի այդ հատուածում, տուժողներն էլ հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ, կոչ ենք անում բոլոր պատկան մարմիններին, յատկապէս ՀՀ ԱԱԾ-ին , հետամուտ լինել այս բանտան գտնելու եւ չէզոքացնելու գործընթացին, այլապէս այս ամէնը կարող է աւարտուել արիւնահեղութեամբ։ Քանի որ տղաները պատերազմ անցած եւ զինուորական կառոյցներում աշխատած տղաներ են, նրանք ունեն բաւականին լայն ու ընդգրկուն թիմ, եւ հաշուի առնելով Սամուէլ Բաբայեանի գործօնը, նրանց հանդարտեցնելու վերջինիս ձգտումները, նրանց հակահարուածը միայն ժամանակի խնդիր է։ Մենք պարտաւոր ենք տեղեակ պահել իրաւապահ մարմիններին այս ոչ առողջ եւ յանցաւոր մթնոլորտի մասին։ Իսկ եթէ իրաւապահ մարմինները հետամուտ չլինեն այս ամէնի բացայայտմանը, ապա մենք ստիպուած կը լինենք կիրառել նոյն մեթոդները եւ պատասխան հասցնել նոյն ոճով, որովհետեւ այլ ելք չի մնում։ Արցախի բոլոր շրջաններում այսպիսի կազմակերպուած բանտաները, որոնք յայտնի են իրենց յանցաւոր գործելաոճով , ահ ու սարսափ են տարածում ազգաբնակչութեան մէջ։ Հասկանալով, որ այլեւս հնարաւոր չէ հին յանցաւոր դիրքերը պահպանել, այսպիսի գործելաոճը ուղղում են երկրում վախի մթնոլորտը կայուն դիրքերում պահելուն։
Ի դէպ կան լուսանկարներ, որոնք կարող ենք ներկայացնել իրաւապահ մարմիններին»։