Ինչպես հայտնել էինք, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հարցազրույց է տվել «Ալ Մայադին» արբանյակային կայանին, որի ընթացքում նա խոսել է Հռոմի Պապի հայաստանյան այցի նշանակության, հայ եկեղեցու և պետության հարաբերությունների, հայկական սփյուռքի և այլ հարցերի մասին: Պատասխանելով լրագրողի՝ Էջմիածին-Անթիլիաս հարաբերությունների մասին հարցին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ասել է. «50-ական թվականներին որոշակի դժվարություններ առաջացան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փոխհարաբերություններում: Տագնապ ստեղծվեց, սակայն Հայաստանի անկախ պետականության կայացմամբ, երբ նաև Անթիլիասի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա-ն ընտրվեց Ամենայն Հայոց կաթողիկոս, նոր էջ բացվեց Սուրբ Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հարաբերություններում: Եւ փոխգործակցության ուղին որդեգրվեց, որի արդյունքում մենք Արամ կաթողիկոսի հետ միասնաբար կատարեցինք սրբադասումը հայոց ցեղասպանության զոհերի, եպիսկոպոսաց ժողովներ գումարեցինք, այդ եպիսկոպոսաց ժողովների որոշման արդյունքը եղավ սրբադասումը հայոց ցեղասպանության զոհերի, նաև հանձնախմբեր ձևավորված են, որոնք գործում են՝ զանազան մարտահրավերներ, որոնք այսօր ծառացած են մեր եկեղեցու առջև, բարվոք լուծման առաջնորդելու: Մենք հավատում ենք, որ վարչական այս բաժանումը, որ ժամանակին տեղ գտավ եկեղեցական մեր կյանքում, այս համագործակցության ոգով, սիրո, եղբայրության ոգով պիտի կարողանանք բարվոք լուծման առաջնորդել, վերականգնելով այն անխաթար ամբողջականությունը մեր եկեղեցու, որ ունեցել են մեր երկու աթոռները»:
Տալով Սիրիայի պատերազմի գնահատականը՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը նշել է, որ որևէ ազգի, ժողովրդի նկատմամբ գործվող ցեղասպանությունն իր տարողությամբ համամարդկային է, և հայ եկեղեցին մշտապես դատապարտել է նման ոճիրները:
«Մենք, որպես ցեղասպանություն տեսած ժողովուրդ, մշտապես մեր աջակցությունը, մեր զորակցությունն ենք բերում այն ազգերին, այն ժողովուրդներին, որոնք ունեն այդպիսի ողբերգություն, այդպիսի տառապանքի ուղիով են անցնում»,-նշել է նա, ավելացնելով, որ հայերի կողքին նույն տառապանքի մեջ են նաև հայ ժողովրդի արաբ եղբայրները, որոնց համար նույնպես աղոթքներ են կատարվում: Ամենայն Հայոց կաթողիկոսը նաև անդրադարձել է վերջերս Ղամիշլիում ցեղասպանության զոհերի հուշարձանի բացման արարողության ժամանակ Անտիոքի և Համայն Արևելքի պատրիարքի դեմ կատարվածին: «Մեզ համար մեծ ցավ էր, որ վերջերս ցեղասպանության զոհերի հիշատակի արարողության ժամանակ Սուրիո մեջ մահափորձ կատարվեց մեր սիրեցյալ եղբոր՝ Իգնատիուս Եփրեմ Բ ասորի պատրիարքի նկատմամբ»:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը հիշեցրել է, որ սահմանների բացման՝ հայկական կողմի առաջարկը Թուրքիան մերժել է՝ խնդիրը պայմանավորելով ԼՂՀ հակամարտությամբ: Նա ասել է, որ հայ ժողովուրդն իր մեջ վրեժխնդրություն չի կրում և հույս ունի, որ Թուրքիան մի օր կճանաչի հայոց ցեղասպանությունը՝ այդ բեռը թոթափելով իր ու իր ժողովրդի ուսերից և կգա ժամանակը, երբ բարիդրացիական հարաբերություններ կստեղծվեն երկու ժողովուրդների միջև: