image

Մահվանից երկու ամիս առաջ նա տեսավ հայրենիքը. Մարկ Բալագջյանի հիշատակին

Մահվանից երկու ամիս առաջ նա տեսավ հայրենիքը. Մարկ Բալագջյանի հիշատակին

Լոնդոնաբնակ հայ արվեստագետ, մրցանակակիր նկարիչ եւ տպագրական արվեստի նվիրյալ Մարկ (Մարտիրոս)  Բալագջյանն իր մահվանից երկու ամիս առաջ, այս տարվա ամռանն առաջին անգամ այցելել է  Հայաստան՝ բացահայտելու նախնիների մշակութային ժառանգությունը:  Նա մահացել է ծանր հիվանդությունից, մինչ այդ, գտնվում էր որդու եւ դստեր խնամքի տակ, հայ արվեստագետի մահվան առթիվ գրված դամբանականում տեղեկացնում է  theguardian-ը: Հայ հանրաճանաչ արվեստագետը Լոնդոն է գնացել Լիբանանից, մինչ այդ՝ ավարտելով Լիբանանի ճեմարանն ու հրապուրվելով ճարտարապետությամբ, արվեստով եւ տպագրական գործով: Լոնդոնում նա  նոր կյանք է հաղորդել անհայտ մեցցո տինտոյին (մետաղի վրա փորագրության տեսակ, որն առնչվում է խորը տպագրությանը):

79 տարեկանում Մարկ Բալագջյանը շարունակում էր ստեղծագործել եւ զբաղվել գործարարությամբ: Թերթը նշում է, որ հայ արվեստագետի գործերի վրա մեծ ազդեցություն է ունեցել ցեղասպանության պատմությունը, որի մասին նա լսել է հայ ծնողներից՝ Հակոբից եւ Հայկուհուց: Արվեստաբաններն առեղծվածային էին համարում հայ արվեստագետի գործերը:

Լիբանանից հետո Մարկն այցելել է Փարիզ, Հռոմ և Լոնդոն՝ որոնելու տպագրության ավելի շատ օրինակներ: Նա ստացել է փորագրիչ-արվեստագետի լավագույն կրթություն, բայց նաեւ տարբեր վայրերում ուսումնասիրել է նոր միջոցներ՝ բացահայտելու սեփական հնարավորությունները:

Բալակջյանն ու իր կինը՝ Դորոթեա Ուայթը, ղեկավարում էին մի տպագրական արհեստանոց, որը հովանավորվում էր հայտնի նկարիչների կողմից:  Միաժամանակ արվեստագետ զույգը սեփական աշխատանքներն էր ցուցադրում եւ այդպես հայտնի դարձան, արժանացան մրցանակների: Նրանց աշխատանքները ձեռք են բերել ինչպես մասնավոր հավաքածուները, այնպես էլ՝ Բրիտանական թանգարանը,  Վիկտորիայի և Ալբերտի թանգարանը,  Բրիտանական խորհուրդը, այլ կենտրոններ:  Նրանք նաեւ հետաքրքրված էին կրթական ծրագրերով, սակայն  2009 թվականին Դորոթեան տկարացավ եւ արհեստանոցը փակվեց: 2013 թվականին Մարկի կինը  մահացավ: Սիրելի կնոջ մահվանից չորս տարի հետո մահացավ նաեւ Մարկը՝ թանկ հիշողություններ թողնելով Լոնդոն այցելող այն հայերի սրտում, որոնք Լոնդոնում անպայման փնտրում եւ գտնում էին հայազգի արվեստագետ Մարկ Բալագջյանին:  

 

Մարկը եւ կինը