image

ՀՀ Քաղաքացիներ չեն կրնար Վրաստան մուտք գործել. ԱԳՆ-ի յայտարարութիւնը

ՀՀ Քաղաքացիներ չեն կրնար Վրաստան մուտք գործել. ԱԳՆ-ի յայտարարութիւնը

ՀՀ Արտաքին Գործոց Նախարարութեան մամուլի խօսնակը յայտարարութիւն տարածած է Վերին Լարսի անցակէտի իրավիճակի վերաբերեալ:

«Եւս մէկ անգամ յայտնում ենք, որ Վրաստանի կառավարութեան որոշման համաձայն` օտարերկրացիները, ներառեալ՝ ՀՀ քաղաքացիները, չեն կարող մուտք գործել Վրաստանի տարածք, այդ թուում Վերին Լարսի անցակէտով: Վերին Լարսի անցակէտը բաց է բացառապէս բեռնատարների, ինչպէս նաեւ ՌԴ եւ Վրաստանի տարածքից հայրենադարձուող Ռուսաստանի եւ Վրաստանի քաղաքացիների համար:

Յաւելենք, որ Ռուսաստանի եւ Վրաստանի մեր գործընկերների հետ վարած բանակցութիւնների եւ մեր գործընկերների բարի կամքի շնորհիւ հնարաւոր է եղել ապահովել մարտի 20-ի ժամը 20:00 դրութեամբ Վերին Լարսի անցակէտում օրեր շարունակ գտնուած մօտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան` Վրաստանի տարածքով:

ՀՀ քաղաքացիների մէկանգամեայ տեղափոխումը իրականացուել է 5 ավդոպուսներով եւ 4 միքրոավդոպուսներով, իսկ ՀՀ քաղաքացիների մարդատար ինքնաշարժները Ռոստովում ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան ջանքերով տեղակայուել են շուրջօրեայ վերահսկողութիւն ունեցող յատուկ կայանատեղիում: Կրկին ընդգծենք, որ այս տեղափոխութիւնը կատարուել է բացառութեան կարգով, եւ ՀՀ-ի եւ Վրաստանի միջեւ ցամաքային սահմանը փակ է ուղեւորների համար:

Ինչպէս նշել էինք, արդէն երրորդ օրն է Ռոստովում ՀՀ գլխաւոր հիւպատոս Վարդան Ասոյեանը գտնուում էր Վերին Լարսի անցակէտում, որտեղ համակարգում էր ՀՀ քաղաքացիներին սննդով եւ առաջին անհրաժեշտութեան պարագաներով ապահովելու աշխատանքները, պատասխանում էր ՀՀ քաղաքացիներին յուզող հարցերին եւ աջակցում վերջիններիս առջեւ ծառացած այլ խնդիրների հասցէագրմանը:

Շնորհակալ ենք ճգնաժամային իրավիճակում յայտնուած բոլոր այն քաղաքացիներին, որոնք ցուցաբերել են ողջամտութիւն եւ ըմբռնում, եւ դրանով իսկ աջակցել են մեր դիւանագէտների աշխատանքին: Կոչ ենք անում նմանատիպ իրավիճակներում յայտնուած մեր բոլոր քաղաքացիներին հանդէս բերել քաղաքացիական բարձր գիտակցութիւն, չտրուել առանձին սադրանքների եւ չխանգարել մեր դիւանագէտների աշխատանքը, որը միտուած է նախ եւ առաջ ճգնաժամային իրավիճակի յաղթահարմանը»,- ըսուած է յայտարարութեան մէջ: