Նախօրեին Բեյրութում` Biel Pavillon Royal-ում, մի խումբ երաժիշտների հետ համերգ է ունեցել հայկական ծագումով ֆրանսիացի երգչուհի Հելեն Սեգարան: Համերգը, որին մասնակցել է նաև ճանաչված հայ դաշնակահար Գի Մանուկյանը, Հելեն Սեգարայի աջակցությունն է եղել վաղաժամ ծնված երեխաներին ու նրանց ծնողներին: Երգչուհին ընդառաջել է վաղաժամ նորածինների հարցերով զբաղվող լիբանանյան Neonate Fund-ի հրավերին և իր մասնակցությունն է բերել ընթրիք-համերգին, որի ընթացքում հավաքված գումարն ուղղվել է բարեգործության:
Lorientlejour-ը համերգի առթիվ անդրադարձել է հայկական ծագումով երգչուհու վերջին տարիների գործունեությանը` նշելով, որ հակառակ իր հիվանդությանը, Հելեն Սեգարան լցված է հույսով և ուրիշներին հույս ներարկելու կամքով: Լիբանանում, համերգի առթիվ ունեցած ասուլիսի ժամանակ Հելեն Սեգարան ասել է, որ մտադիր է մինչև վերջ պայքարել անհայտ հիվանդության դեմ, որպեսզի այն նորից «գլուխ չբարձրացնի»: Նա նաև ասել է, որ հիվանդության պատճառով ետ են ընկել բազում երաժշտական ծրագրեր, որոնք մտադիր է իրականացնել հիմա, երբ ավելի լավ է զգում, մասնավորապես նշել է հայ երաժիշտ Միշել Լեգրանի հետ իր նոր համագործակցության մասին: «Իմ մասնագիտությունն ինձ թույլ է տալիս ծառայել մարդկանց, ես թքած ունեմ լինել թիվ մեկը»,-նշել է երգչուհին: Հելեն Սեգարան Լիբանանում խոսել է նաև իր հայկական ծագման մասին, նշելով, որ իր հայ մայրը միշտ իրեն անվանում էր «բոհեմական»: «Հավանաբար այն պատճառով, որ իմ մեջ ապստամբ մի բան կա»,-ժպտալով ասել է երգչուհին:
