Աշխարհի տասնյակ երկրներից Արցախ ժամանած Հայ օգնության միության (ՀՕՄ) անդամներն այսօր այցելել են Ստեփանակերտի Հուշահամալիր:
Հուշահալիրում նրանք ծաղիկներ են խոնարհել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ՀՅԴ անդամ Արթուր Մկրտչյանի շիրիմին, ապա՝ ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված հուշակոթողին, տեղեկացնում է «Ապառաժը»:
Ինչպես հայտնի է` օրերս Երեւանում ավարտվեց հայ կանանց ամենամեծ միության` ՀՕՄ-ի 71-րդ պատգամավորական ժողովը, որի ընթացքում միության նոր ատենապետ ընտրվեց Քարոլայն Շմավոնյանը:
Հայ Օգնության Միությունը հիմնվել է 1910 թվականի հունվարի 1-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում, երիտասարդ մտավորական, քաղաքական ու հասարակական գործիչ Խաչատուր Մալումյանի (ծածկանունը` Է. Ակնունի) նախաձեռնությամբ: Այսօր ՀՕՄ-ը հայ կանանց ամենահին կառույցն է, որը աշխարհի բոլոր հայաշատ երկրներում ունի ավելի քանի 15 հազար անդամ:
1970 թվականից Հայ Օգնության Միությունը համագործակցում է Միացյալ Ազգերի Կազմակերպության հետ, եւ որպես ՄԱԿ-ի Տնտեսական ու Սոցիալական Խորհրդի (ECOSOC) անդամ, ու միջազգային մակարդակով գործող ոչ-կառավարական կազմակերպություն, աշխատանքներ է իրականացնում մարդու իրավունքների, սոցիալական արդարության ու քաղաքակիրթ հասարակության իրականացման ուղղությամբ:
Հայաստանում անցկացված վերջին պատգամավորական ժողովին որոշում է ընդունվել աջակցել Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ գյուղերի բնակիչներին:
