Այս Կիրակի միտքս եկաւ Արցախեան շրջագայութեան մեր ուղեցոյցին՝ Հայկին պատմածը , որ քար առ քար Արցախը մեզ ծանօթացուց իր անցեալով , հերոսական դրուագներով , հինէն եկած առասպելներով : Հայկը պատմեց թէ Ստեփանակերտէն մօտաւորապէս քառասուն քիլոմեթր դէպի հիւսիս , Սխտորաշէն գիւղին մօտ կայ հսկայ Սօսի մը մօտաւորապէս երեք հազար տարեկան , որուն փչակին մէջ կրնայ տեղաւորուիլ աւելի քան հարիւր մարդ: Ըստ աւանդութեան այդ ծառը ցանած է Տիգրան Մեծը , իսկ Աւարայրի ճամբուն վրայ այդ ծառին տակ հանգստացէր է Վարդան Մամիկոնեանը:
Բայց Ինծի համար այս պատմութիւնը ուրիշ տեսակ է որովհետեւ մուսալեռցի եմ եւ գիտեմ որ ծառը կը ցանեն հողագործ մարդիկ եւ ոչ անպայման թագաւորները : Ես կը ճանչնամ «Ճէպէլ Մուսայ»ի նշանաւոր Սօսին եւ կը կարծեմ որ այս երկու ծառերուն մէջ կապ մը կայ ու կ՚ենթադրեմ որ իմ մտածած տարբերակս աւելի իրական է .....
Ըստ մորցուած աւանդութեան կամ չլսուած առասպելին կամ ալ շիտակը եթէ կ՚ուզեք ըստ իմ ենթադրած տարբերակին , երկու եղբայր դարեր առաջ , երբ դեռ Հայաստանը ծովից ծով էր , հայոց Մեծն Տիգրան թագաւորի արշաւանքէն վերադարձին , իրար հրաժեշտ տալով ամէն մէկը գնաց իր նախընտրած ճանապարհով:
Մեծը գնաց հայրենի տուն , վերադարձաւ պապենական իրենց հողին : Հասնելուն պէս Սօսի ծառ մը տնկեց շեմին ու բացատրեց զաւակներուն .-
- Այս ծառը երկար դառեր պիտի հսկէ այս տարածքը , որ պապենական ձեր հողն է: Փոխանցեցէք սերունդներուն ա'յս է իրենց հայրենիքը, որուն համար պարտաւոր են տալու իրենց կեանքը : Եթէ օր մը խլեն ձեզմէ այս սուրբ հողը , արեան գնով ետ արեք զայն : Այս ծառին քով թող հաւաքուին օր մը նաեւ իմ միւս եղբոր զաւակները որովհետեւ այս հողն է ձեր վերջնական հանգրուանը:
Նոյն Սօսիին երկուորեակը , միւս եղբայրը գնաց ցանեց հեռու տեղ մը ու բացատրեց զաւակներուն որ այս ծառը երկար ատէն պիտի հսկէ իրենց երթը ու թելադրեց որ պատգամը լսեն նաեւ բոլոր գալիք սերունդները :
- Ուր որ հասնիք դուք այգիներ ցանեցէք , հողը մշակեցէք ու անոր տուած բարիքները վայլեցէք : Իսկ երբ օր մը պարտադրուիք լքել հողը , մի ափսոսաք դուք ձեր տնկած այգիները , արեան գնով դուք փրկեցէք ժողովուրդը ու բռնեցէք վերադարձի ճանապարհը : Գացէք գտէք այս Սօսիին երկուորեակը , հոն թող ըլլայ ձեր վերջնական հանգրուանը որովհետեւ այդ հողն է ձեր պատմական հայրենիքը.....
Այս Կիրակի երկու Սօսի երկու պատգամ կը փոխանձեն : Առաջինը Արցախի Սօսին է, որ հայրենիքին համար զոհողութիւն կը պատգամէ...Այս պատգամը մեր ժողովուրդը մինջեւ այսօր փառք ու պատուով կը կատարէ , վկան Արցախեան հերոսական պատմութիւնն է :
Երկրորդ Սօսին Մուսա Լեռան Սօսին է որ ժողովուրդին տէր կանգնիլ կը պատգամէ ... Այս պատգամը հարիւր տարի առաջ մեր պապերը Մուսա Լեռան բարձրունքին փառք ու պատուով կատարեցին .... Այսօր սակայն այս նոյն պատգամն է որ կարծես մոռացութեան մատնուած է ...