Արդեն մի քանի ամիս է, ինչ «ԳՈՀԱՐ»-ը իր հանդիսատեսին և ունկնդիրներին ներկայացրել է իր նոր և սպասված նորությամբ՝ երաժշտական հավելվածով։ Այս մասին «Արևելք»-ին հայտնեցին «ԳՈՀԱՐ»-ից: Այսպիսով այսուհետ բոլոր ժամանակների սիրված հայկական երգերը, «ԳՈՀԱՐ»-ի վերջին նորությունները, հոլովակներն ու նկարները հասանելի են բոլորին մեկ հարթակում։
«Հավելվածում կարող եք վայելել ԳՈՀԱՐ Սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի թվով 5 ալբոմները իրենց շուրջ 300 երգերով։ Հավելվածի առավելություններից գլխավորը թերևս այն է, որ բոլոր երգերը լսելուն զուգահեռ ունկնդիրները հնարավորություն ունեն նաև ընթերցելու երգերի խոսքերը, այն էլ երկու լեզուներով՝ հայերեն և անգլերեն տառադարձությամբ։ ԳՈՀԱՐ հավելվածը իսկական երաժշտական հանրագիտարան է հայ երգը և մշակույթը գնահատողների համար։ Օգտատերեrը նաև անմիջապես հավելվածի միջից կարող են այցելել «ԳՈՀԱՐ»-ի բոլոր կայքերն ու պաշտոնական էջերը, ինչպես նաեւ ցանկացած ժամանակ կապ հաստատել «ԳՈՀԱՐ»-ի հետ։ «ԳՈՀԱՐ»-ը իր առաքելությանը հավատարիմ մնալով շարունակում է իր աշխատանքը հայ երգի և մշակույթի պահպանման և տարածման գործում և այս նոր հավելվածը դրա վառ ապացույցներից մեկն է։ Նշենք նաև, որ հավելվածը անվճար է և բոլորը կարող են այն ներբեռնել App Store-ից կամ Play Market-ից հենց այսօր»,-հայտնեցին մեզ:
«ԳՈՀԱՐ»-ից հայտնեցին նաև, որ հավելվածի պահանջարկը գնահատում են բավականին լավ, թերևս վստահ ենք, որ այն գնալով ավելի կմեծանա: «Քանի որ ԳՈՀԱՐ-ի երկրպագուների աշխարհագրությունը բավականին լայն է և տարածվում է ամբողջ աշխարհով մեկ, ուստի յուրաքանչյուր սեգմենտի համար մշակվում է տեղեկատվածության տարածման հատուկ միջոց և գովազդային արշավ։ Սա համարում ենք ժամանակի հետ կապված ընթացակարգ, այլ ոչ թե խնդիր։ ԳՈՀԱՐ-ի ծրագրերը բնականաբար շատ են ևբոլորը ուղղված են հայ մշակույթի պահպանմանն ու տարածմանը։ Մեր առաքելությունը ամբողջ աշխարհով սփռված հայությանը հասանելի դարձնել հայ երգն ու երաժշտությունը։ Շուտով լրանում է ԳՈՀԱՐ-ի 20-ամյակը և հնարավոր է հանդես գանք նոր ծրագրերով, որոնց մասին խոսելը մի փոքր շուտ է։ Բոլոր նորություններին մեր երկրպագուները կարող են հետևել մեր ֆեյսբուքի և ինստագրամի պաշտոնական էջերում, ինչպես նաև կայքերում և հավելավածում։ Պարբերաբար իրականացնում ենք նաև հավելվածի թարմացումներ և նոր հնարավորություններ ենք ընձեռում օգտատերերին»,-ասացին «ԳՈՀԱՐ»-ից: