Այսօր Լոս-Անջելեսի լավագույն սրահներից մեկում` Նորթրիջի համալսարանի Valley Performing Arts Center-ում տեղի կունենա հայ երգչուհի, աշխարհահռչակ սոպրանո Իզաբել Բայրաքդարյանի (Isabel Bayrakdarian) համերգը` «Իմ երգերը, իմ ժառանգությունը» խորագրով: Երգչուհուն նվագակցելու է ամուսինը` դաշնակահար-կոմպոզիտոր Սերուժ Քրաջյանը: Ըստ ծրագրի, հնչելու են հայկական երգեր:
Կանադայում բնակվող օպերային երգչուհի Իզաբել Բայրաքդարյանը ծնվել է Լիբանանում, 14 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Կանադա: Ելույթներով հանդես է եկել Պլաչիդո Դոմինգոյի, Յո-Յո Մայի, Փինչաս Զուկերմանի հետ։ Պարգեւատրվել է Ելիզավետա թագուհու կողմից՝ ոսկե մեդալով, ստացել է Կանադայի արվեստի խորհրդի, «Մետրոպոլիտեն» օպերայի ազգային խորհրդի, Պ. Դոմինգոյի մրցույթի 1-ին եւ այլ մրցանակներ: Իզաբել Բայրաքդարյանի ձայնը հնչել է կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում. նա կատարել է Կոմիտասի երգերից:
Los Angeles Times-ը լոս-անջելեսյան համերգի առթիվ անդրադարձ է կատարել «Գրեմմիի» առաջադրված հայ երգչուհու արվեստին: