Երևանում գտնվող նշանավոր դերասանուհի Արսինե Խանջյանը, անդրադառնալով Երևանում տեղի ունեցող իրադարձություններին, ասաց, որ իր ձերբակալության օրը տուն գնալով, հիշել է պատկերներ ֆիլմերից, որոնք հայոց ցեղասպանության մասին են: «Թերևս «Արարատ» ֆիլմում չկան նման պատկերներ, բայց հիշել եմ Տավիանի եղբայրների, Ֆաթիհ Աքինի ֆիլմերը»,-«Արևելքի» հետ զրույցում ասաց դերասանուհին, նշելով, որ Երևանի փողոցներում տեղի ունեցածը հիշեցնում է 101 տարի առաջվա դեպքերը:
«101 տարի առաջ էլ նույնն էր՝ մարդիկ իրենց տանն էին, փողոցում կամ գործի վրա, եկան ժանդարմները, առանց իրավունքի, առանց թղթի, առանց բացատրության, ձերբակալեցին, տարան... Ես այս օրերին Երևանում այդ տեսարանները վերապրեցի, և զգացի, որ այն ինչ լսել եմ իմ նախնիներից, 101 տարի հետո Երևանում ինձ և ուրիշների հետ է պատահում, մի տարբերությամբ, որ այս անգամ հայ ոստիկանն է, հայ պետությունն է, որ գործադրում է թուրքական ոճը: Եւ այս ամենը՝ հայրենիքումս. ո՞վ կսպասեր»,-հուզված ասաց դերասանուհին:
Մեզ հետ զրույցում Արսինե Խանջյանը նաև պատմեց, որ հաղորդագրություն է ստացել Թուրքիայում ապրող ծանոթից, որը զարմացել է, թե այս ինչ է կատարվում Երևանում. «Մեզ թվում էր, թե ամենախայտառակ ոստիկանությունը Թուրքիայում է, գրել էր ծանոթս Թուրքիայից: Բայց մի մոռացեք, որ ի վերջո սահման ենք: Կես կատակ, կես իրական պատասխանեցի ես»,-ասաց Արսինե Խանջյանը:
Հիշեցնենք, որ Արսինե Խանջյանը Տավիանի եղբյարների` ցեղասպանության մասին պատմող «Արտույտների ագարակը» ֆիլմի գլխավոր հերոսուհիներից է: Նա խաղացել է նաև Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում, որը նույնպես հայոց ցեղասպանության մասին է: Արսինե Խանջյանը դերակատարություն ունի նաև Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմում, որի մասին ակնարկեց հարցազրույցի ընթացքում: Թուրքական ծագումով գերմանացի ռեժիսորի «Սպի» ֆիլմը նույնպես հայոց ցեղասպանության մասին է:


Արսինե Խանջյանը՝ Խորենացի փողոցում և «Արտույտների ագարակը» ֆիլմում