Սեւ աչքերով, փոքրամարմին, հրաշալի կին է Արշոն: Իսկական Հալեպի հայուհի է. նրանք գիտեն հյուրընկալության շատ մանր կանոններ, որոնցով հաճելիորեն զարմացնում են հյուրերին: Հալեպում ծնված, մեծացած 55-ամյա Արշո Ուրուլյան-Քահքեջյանը չորս ամիս է՝ ընտանիքի հետ Հայաստանում է ապրում: Հայաստան են եկել Սիրիայի Հալեպ քաղաքը ազատագրվելուց մոտ հինգ ամիս հետո: Սիրիայի ամենամեծ հայաբնակ քաղաքը՝ Հալեպը, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրվեց եւ Սիրիայի բանակի տիրապետության տակ անցավ 2016-ի դեկտեմբերին՝ մինչ այդ չորս տարի մնալով պատերազմի անողոք լծի տակ: Հալեպի պատերազմից մեծապես տուժել են նաեւ հայ բնակիչները, զոհվել է մոտ երեք հարյուր հայ, քանդվել են հայերին պատկանող տներ ու գործատեղիներ: Սիրիահայ մոտ հարյուր զինվոր է զոհվել բանակում ծառայության ընթացքում... Արշոն Հայաստան է եկել, երբ Հալեպում այլեւս պատերազմ չէր, եւ միջազգային մարդասիրական կազմակերպություններն ու Սիրիայի կառավարությունը սկսել են Հալեպի վերակառուցումը: Բոլորը զարմացած հարցնում են նրանց՝ ինչո՞ւ եկաք, պատերազմը վերջացավ… Արշոն սկզբից լացելով էր պատասխանում այս հարցին: Հիմա, առանց արցունքների, հստակ պատասխաններ ունի, բայց բոլորի հետ չէ, որ ուզում է կիսել հոգին տակնուվրա արած ցավը: Հալեպում ամեն ինչ, առանց բացառության ամեն ինչ հիշեցնում է Արշոյի որդուն՝ Սիրիայի բանակի (Սիրիայի արաբական զինված ուժեր) զինվոր Անդրանիկ Քահքեջյանին, որ զոհվել է սիրիական պատերազմում՝ 2014-ի մայիսին, Դեր Զորի մարտերի ժամանակ: Փողոցները, որոնցով քայլել է որդին, հայկական ակումբները, ուր հաճախել է նա, ընկերները, որոնք միշտ այցելում էին Արշոյին, ճաշերը, որ սիրում էր տղան, դպրոցը, ուր գնացել է… ամեն ինչ ծայրահեղ դժվարացրել էր Արշոյի կյանքը Հալեպում: Տունը, ուր ծնվել եւ մեծացել է Անդրանիկը, նրա զոհվելուց հետո մեկ տարի շարունակ ցավի բույն է եղել այս կնոջ համար՝ ամեն մի անկյունը հիշեցնում էր որդու մանկությունը, պատանեկությունը: Այդ տնից է Անդրանիկ Քահքեջյանը զինվորագրվել Սիրիայի բանակին, եւ այդ տանն է նա լսել որդու մահվան լուրը… Արշոն փախչում էր տնից, որ չմեռնի հիշողությունների տանջող ճիրաններում: Նրա փախուստը տեւեց այնքան, մինչեւ Հալեպի Նոր Գյուղ թաղամասում գտնվող Քահքեջյանների տունը եւս փլվեց ռմբակոծությունից, եւ Արշոն… ուրախացավ. «Դուք չեք հավատա, երբ որ մեր շենքի վրա ռումբ ընկավ, եւ մեր տունն էլ հիմնահատակ փլվեց, ես ուրախացա: Քանի որ անհնար էր ապրել այդ տան մեջ, ամեն մի անկյունից կարծես որդիս դուրս պիտի գար, սարսափելի տանջող էր… Մայրիկիս տանն էի, ամուսինս զանգեց, ասաց՝ վատ լուր պիտի տամ, շատ սառը սրտով ասացի՝ զավակիս մահվանից հետո այլեւս ոչ մի լուր ավելի վատ չի կարող լինել: Ասաց՝ տունը ռումբից փլվել է: Ասացի՝ լավ որ փլվել է…»,-հիշում է:
Եվ Արշոն հավաքեց ճամպրուկներն ու ընտանիքի հետ նախ Լիբանան, իսկ հետո էլ Հայաստան եկավ… Քահքեջյանների ընտանիքում բոլորն առաջին անգամ էին Հայաստան գալիս, հայրենիքը սիրել են միանգամից, բայց Արշոն իրատես կին է, ասում է՝ չորս ամիսը դեռ շատ քիչ է հարմարվելու համար, երկար ժամանակ է պետք, որ հարմարվեն եւ ամեն ինչ անում են, որ գտնեն իրենց տեղը, քանի որ եկել են մնալու: Փոքր որդին աշխատանք է գտել մասնավոր գործատուի մոտ, ամուսինը՝ Զարեհ Քահքեջյանը չի կարող ծանր աշխատանք կատարել, վիրավոր է, ռումբի պայթյունից է վիրավորվել, բայց ընտանիքի մեծ ցավի կողքին այդ մասին երբեմն մոռանում են…
Հայաստան գալով Արշոն ուղիներ է փնտրել մեղմել վիշտը, եւ հայրենիքն օրեօր ամոքիչ է դառնում նրա համար: Արշակունյաց պողոտայի հին, միահարկ սեփական տներից մեկում Արշոն ապրում է ամուսնու եւ կրտսեր որդու հետ: Տունը, որ գտել են տների վարձակալության գործով զբաղվող սիրիահայ միջնորդի միջոցով, այնքան չի հավանել, որքան՝ տանտիրուհուն, որ Արշոյի պատմելով ազնիվ ու ջերմ երեւանցի կին է: Տան բակում շատ կատուներ կան, երեւանյան բակ է՝ խաղողի ծեր վազով, կատուները վազվզում են ոտքերի տակ: Արշոն կատվից վախենում է, չի վախենում՝ սարսափում է: Մեր զրույցի պահին մի կատու բակի կողմից թռավ դրսի պատուհանագոգին: Արշոն վեր թռավ, փակեց աչքերը: Մանկուց եկած վախ է, ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել: Ամուսինը կատակում է. «Արշո՛, մի վախեցիր, սրանք հայ կատուներ են…»: Արշոն լայն ժպտում է եւ նույն պահին էլ մեղավոր է զգում իր ժպիտի համար, թերեւս որդուն է հիշում: «Որդուս մահից հետո ես յոթ ամիս ոչ մի բան չէի կարողանում անել, նստում էի, բռնում ծնկներս եւ օրորվում: Ամեն օր, ամեն րոպե ես այդ դիրքով էի՝ կտրված ամեն ինչից, այս աշխարհից… Չէի կարողանում դուրս գալ, խոսել, ճաշ եփել»,-ասում է հալեպահայ կինը: Արշոն հայտնվել էր անէության մեջ, ինչպես ինքն է նկարագրում՝ աշխարհը չէր ընկալում, կյանքի հատակում էր զգում ինքն իրեն: Չէր ուզում ապրել: Մեղքի զգացում է ունեցել, որ որդին չկա, իսկ ինքն ահա ապրում է: Արշոյի մայրն էլ ռումբի պայթյունից էր վիրավորվել, նախքան որդու զոհվելը: Մինչ այդ Արշոն էր խնամում մորը, բայց դաժան հարվածից հետո չէր կարողանում զբաղվել հարազատ մոր խնամքով: 2015-ին մայրը մահացավ Հալեպում… Որդուն կորցնելուց հետո Արշոյի կողքին իր կյանքի ամենածանր պահին ոչ մի հոգեբան, սրտի ցավերը բուժող ոչ մի մասնագետ չի կանգնել, դրանց տեղն էլ չի իմացել, չնայած ընկերուհիներն ու բարեկամները միայնակ չեն թողել նրան, բայց երիտասարդ, որդեկորույս մայրն իր ուժերով է դուրս եկել ընկճախտի ճիրաններից: Ուժեղ է: հրաշալի: «Մի օր փոքր որդիս՝ Շանթը, ներս մտավ, տեսավ ես նորից ծնկներս բռնած, աչքերս փակ, օրորվում եմ: Ձեռքը խփեց սեղանին եւ գոռաց՝ մամա՛, մինչեւ ե՞րբ... Ախր ես էլ կամ, մյուս եղբայրս էլ կա: Մեզ լրիվ մոռացել ես: Մենք յոթ ամիս է՝ տանջվում ենք, ձայն չենք հանում: Ո՛չ տուն ես մաքրում, ո՛չ ճաշ ես եփում, մեզ համար գոնե վեր կաց ու արա: Եղբայրս գնաց, բայց մենք էլ կանք»:

Արշո Ուրուլյանը
Որդու այդ խոսքը Արշոյին հանել է թմբիրից, անգոյության չվերջացող ճանապարհից: Նա փորձեր է արել վերադառնալ կյանք, երեք որդիներից երկուսը կանգնած են առջեւը, ինչպես հալեպահայերն են ասում՝ սարի պես, փաշայի պես: Այսօր համեղ ճաշ էլ է եփում, մազերն էլ է հարդարում, չնայած միշտ տաք շագանակագույնի երանգներով ներկած մազերն այսօր սեւ են: Երեւանում արդեն մեկ անգամ կտրել է մազերը, տեղացի լավ վարսավիր է գտել՝ Սոնա անունով, որ սիրիահայերի ճաշակով սանրվածքներ է անում: Երեւանում բնակվող իր սիրիահայ ծանոթուհիներ են խորհուրդ տվել: Նույն ծանոթուհիները նրան տարել են նաեւ բոլոր այն վայրերը, որտեղ Սիրիայից Երեւան եկած սիրիահայերը կարող են խորհրդատվություն, օգնություն կամ աջակցություն ստանալ Հայաստանում: Մի տեղ ուտելիք են տվել, մի տեղ «բարի գալուստ» են մաղթել, մի տեղ տեղեկացրել են, որ բուժօգնությունից անվճար կարող են օգտվել եւ փաստաթղթերն են կարգավորել… Հայկական «Կարմիր խաչ» ընկերությունը, սիրիահայերի օժանդակության իր ծրագրերի շրջանակներում, սառցարան է տվել այս ընտանիքին, որ Արշոն ազատ ժամերին հալեպյան խոհանոցի ավանդական ճաշերից եւ խմորով ուտելիքներից պատրաստի եւ տեղադրի սառցարանում՝ մինչեւ վաճառելը: Հաճախորդներ է գտնում, վաճառում: «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունն էլ, ինչպես բազում կարիքավոր սիրիահայերի, այս ընտանիքի բնակարանային վարձը նույնպես վճարում է Հայաստանում հաստատվելու առաջին վեց ամիսներին: Իսկ դրանից հետո…. «Դրանից հետո Աստված մեծ է»,-ասում է Արշոն: Սեղանին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ամուսնու ներքին օրգանների սոնոգրաֆիայի նկարն ու եզրակացությունն են՝ մարմնում բեկորներ կան: Սիրիահայերի՝ Քանաքեռում գտնվող պոլիկլինիկայում («Քլոտիա Նազարեան» բժշկական կենտրոն) սիրիահայ բժիշկներից մեկը խորհուրդ է տվել հետագա բարդություններից խուսափելու համար չհեռացնել բեկորները, մանավանդ՝ չթափառող են: Հալեպում Զարեհ Քահքեջյանը մեքենաների նորոգման գործով է զբաղվել, գործը ծանր թիթեղների հետ էր, Երեւանում նույնը չի կարող անել, երբեմն ցավեր է ունենում, բայց թեթեւ գործ կկատարի, աշխատանք է փնտրում ծանոթների եւ սիրիահայերին աջակցող կազմակերպությունների միջոցով: Հաղթանդամ այս տղամարդը նույնպես ընկճվել է որդու մահից հետո, կյանքում առաջին անգամ երգ է գրել որդու հիշատակին, հալեպահայ երգիչները կատարում են այն… Երկուսով ցանկություն ունեն Երեւանում կամ Հալեպում ինչ-որ վայր կոչել Անդրանիկ Քահքեջյանի անունով, որն այնքան սիրված է եղել Հալեպում: Արշոն պատմում է, որ մինչեւ հիմա մահախոսականներ են գրվում որդու մասին, բոլոր առիթներին հոգեհանգիստ է կատարվում՝ Երեւանում, Հալեպում, Լաթաքիայում, ամեն տեղ ընկերներ ունի Անդրանիկը, սկաուտ է եղել, ապա՝ ՀՅԴ երիտասարդականի (ՍԵՄ) անդամ, նաեւ նվագել է ՀՄԸՄ-ի փողերախմբում: Այժմ Արշոն մի ցանկություն ունի. գնալ Հալեպ եւ մասնակցել որդու շիրիմի փոխադրությանը, լսել է, որ Հալեպի Ազգային առաջնորդարանը ծրագիր ունի՝ փոխադրել եւ մի վայրում ամփոփել Սիրիայի պատերազմին մասնակցած հայ զինվորների աճյունները եւ կառուցել հիշատակի դամբարան: Այդ ժամանակ Արշոյի հոգին կհանգստանա, քանի որ հայ զինվորի հուշարձանի վրա ծաղիկ դնող, մոմ վառող Հալեպում անպայման կգտնվի: Իսկ այսօր շիրիմը անորոշ մի վայրում է, պատերազմի օրերին հնարավոր չէր Հալեպի հայկական գերեզմանատանը հուղարկավորել, չգիտի էլ՝ այցելող կա՞, չնայած ընկերները երբեմն Անդրանիկի շիրմից նկար են ուղարկում, ամեն անգամ այցելելով եռագույն դրոշն են տանում… Անդրանիկը Սիրիայի բանակում էր կռվում, բայց այն հավատն ուներ, որ հայերի համար է գնացել, Հալեպի համար է կռվում, Հալեպն ազատագրվելու է, եւ հայերն ապրելու են խաղաղ… Շատերն այդ հավատով մնացին, համբերեցին կամ կռվեցին, որովհետեւ Հալեպն անփոխարինելի հայրենիք-ծննդավայր էր այնտեղ ծնված հայերի համար:

Սիրիայի բանակի զինվոր Անդրանիկ Քահքեջյանը (զոհվել է 2014-ին)
Այսօր Հայաստանն է հայրենիք դարձել բազում սիրիահայերի համար, որոնք հենց պատերազմի պատճառով են գտել իրենց մյուս հայրենիքը: Արշոն սովորել է Երրորդ մասի եւ Երկաթուղային Կայարանի մերձակայքի բանջարեղենի եւ նպարեղենի խանութների տեղը, փորձում է հարմար գնով գնել ընտանիքի ապրուստը: Երթեւեկում է քաղաքային տրանսպորտով, բայց երթուղայիններում շնչահեղձ է լինում, նախընտրում է ավտոբուս եւ տրոլեյբուս: Հագուստի խանութներ է այցելում, բայց դեռ Հալեպից բերած մաքուր բրդեղենն ու բամբակեղենն են հագնում, ասում է՝ այստեղ լավ հագուստը թանկ է: Վարժվում է նաեւ համերին եւ ուտելիքի, կենցաղային իրերի անուններին, բայց ճաշերն ու ավանդույթներն այս տանը միայն հալեպյան են:
Զրույցի ժամանակ Արշոն հյուրասիրում է չրերով պատրաստված խմորեղեն, որի մեջ կարամել է լցրել: Կարամելի նուրբ համը, որ շաքարը խարկելով է ստացել, այնքա՜ն է սազում կյանքի դժվարություններից դանդաղորեն դուրս եկող Արշոյին… Նա ընտանիքին ամբողջությամբ նվիրված կին է: Հայաստանում նույնպես պահում է տատերից եկած հալեպյան ավանդույթը՝ արեւմտահայ մոր համար շաբաթ օրը շուկայի եւ ճաշի օր է, կիրակին ամբողջությամբ ընտանիքին է նվիրված, բոլորով ճաշում են, ետճաշին վայելում տնական խմորեղենը, հյուր ընդունում կամ այցելում ծանոթներին: Երեւանի ծննդյան օրվա տոնակատարությանը մասնակցելու՝ ծանոթուհու հրավերը մերժել է. շաբաթ օրվան է համընկել, չէր կարող խախտել ավանդույթը եւ շաբաթ օրն այլ բանի նվիրել: Բայց Երեւանում Արշոն մի ավանդույթ, այնուամենայնիվ, խախտել է, որի մասին կանացի չարաճճիությամբ է պատմում. հալեպահայ կանանց մի հավաքույթի է գնացել, ընկել են տաք եւ անուշ զրույցներով, եւ Արշոն մոռացել է, որ ինքն ավելի շուտ տանը պիտի լինի, քան՝ ընտանիքի մյուս անդամները: Երբ ժամին նայել եւ տեսել է երեկոյան յոթն է, վազելով տուն է հասել. ամուսինն ու որդին զարմացած ու մոլորված կանգնած են եղել տանը` 27 տարվա մեջ ամուսինն առաջին անգամ տուն է եկել եւ տեսել, որ կինը տանը չէ: Բոլորով շփոթահար ծիծաղել են:
Երեւանի վարձով բնակարանում Արշոն այլեւս կուչ եկած չի նստում. տունը փայլում է մաքրությունից, որդու հիշատակի անկյունն է ստեղծել… Հավաքել է բակի խաղողը, սեւ խաղողը մի քիչ անհամ էր, պաստեղ է սարքել, կանաչ խաղողը կերել են: Մեզ ճանապարհելուց ցույց է տալիս խաղողի վազերը, նորից մի կատու է հայտնվում, այս անգամ՝ խաղողի շիրմայի վրա: Արշոն վախից սեղմվում է ցածր պատին.
-Արշո՛, մի վախեցիր,-ասում է ամուսինը,-հայ կատու է…

Արշո Ուրուլյանն ամուսնու՝ Զարեհ Քահքեջյանի հետ
Անուշ Թրվանց