Այսօր, ըստ գլխավոր դատախազության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, որոշում է կայացվել Ալեք Ենիգոմշյանի խափանման միջոցը փոխելու և նրան ազատ արձակելու մասին:
Ավելի վաղ, «Արևելքի» այն հարցին, թե ի՞նչ են անում ընկերներն ու հարազատները՝ ինքնուրույն տեղաշարժման հնարավորությունից զրկված մարդուն ազատ արձակվելու ուղղությամբ, Ալեք Ենիգոմշյանի ընկերներից դերասանուհի Արսինե Խանջյանն ասաց, որ գործ արվում է, որի մասին չի ուզում բարձրաձայնել, բայց մասնավորապես նշեց «Զորյան» հիմնարկության կողմից այդ ուղղությամբ տարվող աշխատանքը: Նշենք, որ ավելի քանի քսան տարուց ավելի է՝ «Զորյան» հիմնարկության անդամ է նաև Արսինե Խանջյանը: «Զորյան»-ը միավորում է ԱՄՆ-ում և Կանադայում գործող երկու հետազոտական ինստիտուտներ, որոնք զբաղվում են հայ ազգային-ազատագրական շարժման, հայերի ցեղասպանության, առաջին եւ երկրորդ անկախ պետությունների և հայկական սփյուռքի խնդիրներով:
Արսինե Խանջյանը մեզ հետ զրույցում նշեց նաև, որ Ալեքն իր մանկության ընկերն է, և նրա խորհրդով է ինքը Խորենացի փողոց գնացել, որտեղից էլ ձերբակալվել է: