Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի ու պետական բարձրաստիճան այրերի մասնակցությամբ տեղի ունեցած հանրապետական մաղթանքը կատարվեց Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում, որն այս տարի ենթարկվել էր մասնակի բարենորոգման: Բարենորոգումն իրականացվել էր քուվեյթահայ գործարար, բարերար և մտավորական Կիրակոս Գույումջյանի միջոցներով. նրա հովանավորությամբ երկաթյա շինարարական աշխատանքներ է իրականացվել եկեղեցու ներսում: Բարերարը նույնպես ներկա էր հանրապետական մաղթանքին, որից հետո պատասխանեց «Արևելքի» հարցերին.
-Պարոն Գույումջյան, տեղյակ ենք, որ աջակցել եք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարին, կասե՞ք ինչով եք աջակցել և ինչո՞ւ ընտրեցիք հատկապես այս եկեղեցին:
-Թե ինչու հատկապես այս եկեղեցին… Բախտով էր, որ ընտրվեց, հատուկ որոշված չէր, պարզապես Հայաստան իմ այցելություններից մեկի ժամանակ այցելել էի այս նորակառույց տաճարը, ներս էի մտել աղոթելու, աղոթքից հետո այլ հայացքով նայեցի եկեղեցուն, տեսա, որ դեռ անելիք կա, զգացի, որ դեռ որոշ գործեր ավարտված չեն, կիսատ են: Եվ քանի որ իմ աշխատանքը կապված է մետաղի հետ՝ Քուվեյթում մետաղյա ճարտարապետական արտադրություն իրականացնող ընկերություն ունեմ, որոշեցի, որ այդ ընկերության միջոցով էլ լրացնեմ բացը: Դիմեցի Վեհափառին, ներկայացրի առաջարկս, նշելով, որ եկեղեցում պակաս գործեր կան, Վեհափառն էլ ասաց, որ ժամանակի ընթացքում կամաց-կամաց կավարտենք, ես առաջարկեցի ինքս կատարեմ և ավարտեմ այդ աշխատանքները:
Երգչախմբի կանգնած տեղի կողային ճաղերը պատրաստեցինք, իսկ հետո՝ խորանը ժողովրդից անջատող բրոնզյա և մարմարյա ճաղերը: Ուրախ եմ, որ կարողացա իմ ներդրումն ունենալ համայն հայության մայրաքաղաքում խոյացող այս տաճարում:

-Հաճա՞խ եք լինում Հայաստանում:
-Այո, հաճախ եմ լինում: Տուն ենք գնել Սայաթ-Նովա պողոտայի վրա: Ուրախ ենք, որ մեր տունն ունեցանք հայրենիքում, պետք է վերանորոգենք, և դա ևս պատճառ կլինի ավելի հաճախ գալ Հայաստան:
-Մի փոքր կպատմե՞ք Ձեր մասին:
-Քուվեյթի հնագույն ընկերություններից մեկի՝ Metal Center ընկերության հիմնադիրն եմ, ընկերությունը զբաղվում է վանդակաճաղերի, մեծ հյուրանոցներում օգտագործվող մետաղյա ձևավորման իրերի, դարբնագործական նմուշների, անբիծ, չժանգոտող, պողպատե կառուցվածքների (stainless steel), մեծ ու ժամանակակից առանձնատներում գործածվող մետաղյա ճարտարապետական զարդարանքների և բազմաթիվ այլ որորտներում կիրառվող մետաղյա իրերի արտադրմամբ: Ես Սիրիայից եմ, բնիկ հալեպցի: Չորս զավակ ունեմ, երեքն ամուսնացած են, փոքր տղաս դեռ չի ամուսնացել: Վերջին 40 տարին մեր ընտանիքը, մեր տունը, մեր գործը Քուվեյթում է:
-Տուն գնել եք, իսկ Հայաստանում ներդրումներ անելու մտադրություն կա՞:
-Մենք մինչև հիմա դեռ ներդրումներ չենք արել Հայաստանում, սակայն այժմ արդեն կա նման մտադրություն՝ զբաղվելու պղնձի և երկաթի վերամշակմամբ:
-Չե՞ք կարծում, որ սփյուռքահայերն ավելի աշխուժորեն պետք է մտածեն Հայաստանում ներդրում անելու մասին, ի՞նչն է խանգարում նրանց:
-Անկասկած պետք է այդպես լինի, սակայն արտասահմանցիները չեն կարողանում գալ և աշխատել այստեղ, քանի որ այլ մթնոլորտի, այլ միջավայրի մեջ են վարժվել աշխատել: Այդ է հիմնական պատճառը, որ այստեղ չեն կարողանում աշխատել: Մի քիչ այս միջավայրի հարցն է, թերևս, որ խանգարում է: Բայց ասեմ, որ իմ եղբայրն է Հայաստանում աշխատում, FOTON ընկերության ներկայացուցիչն է և այստեղ գործ է սկսել: Ինքս նույնպես նման մտադրություն ունեմ, հուսով եմ՝ կստացվի:
-Մենք այսօր նշում ենք Հայաստանի անկախության 25-ամյակը: Երբ Հայաստանն անկախացավ, Դուք Քուվեյթում էիք, հիշում եք այդ օրը, ի՞նչ զգացողություններ ունեիք:
-Աննկարագրելի է մեր զգացողություններն և ապրումները, շատ ուրախ էինք: Բոլորս էինք երազում, որ այդ օրը իրականություն դառնա, երազում էինք տասնամյակներ շարունակ և այդ երազանքն իրականացավ: Եվ Փառք Աստծո, արդեն մենք անկախ Հայաստանում ենք, մնում է պահենք և զորացնենք մեր անկախ երկիրը, յուրաքանչյուրս մեր չափով, լինի հայաստանցի, թե սփյուռքահայ:
