Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքի «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միությունը Առաջին Հանրապետության օրվա և Համբարձման տոնին ընդառաջ տոնախմբություն էր կազմակերպել «Փարվանա» ռեստորանում: Այդ մասին տեղեկանում ենք Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուց: Միության ատենապետուհի Քնարիկ Ղազարյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, շնորհավորեց ներկաներին գալիք տոների առթիվ և շնորհակալություն հայտնեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանին և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանին, որոնց օրհնությամբ ու գլխավորությամբ հինգ տարի է՝ ինչ սիրահայ համայնքը գործում է Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սուրբ հարկից ներս:
Գարնանային ծաղկուն ամիսը՝ մայիսը, հայի համար նշանավորվում է որպես հաղթանակների ամիս: Նշենք, որ սիրիահայի համար այս ամիսը նշանավորվում է նաև Ս. Մարիամ Աստվածածնին նվիրված մայիսյան ժամերգությունների շրջանով: «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միությունն իր ուրախ երեկոն սկսեց հայրենասիրական նոտայով՝ «Սարդարապատ» երգով և ազգային պարով:
Ապա տիկին Քնարիկը ներկաներին ներկայացրեց Համբարձման տոնի ավետարանական պատմությունն ու ժողովրդական սովորությունը, որի համաձայն տոնը կոչվում է նաև «Վիճակի օր»: Սիրիահայերի սովորության համաձայն՝ վիճակների մեջ պատրաստվում է մեկը, և ում բաժին է ընկնում այն, նա համարվում է բախտավորը՝ արժանանալով յոթ մրգերով լի զամբյուղին: Ուրախ երեկոն հագեցած էր մի շարք ժողովրդական խաղերով, որոնց իրենց ակտիվ մասնակցությունն էին բերում ներկաները: Սիրիահայերի շուրթերից անպակաս էին հայրենասիրական երգերը, զգալի էր հայի անկոտրուն ոգին, որն հայրենիքում առավել էր ամրացել: Սիրիայում ծագած պատերազմական արհավիրքը չէր կոտրել սիրիահայի կենսուրախ և լույսին ձգտող հզոր ոգին:
«Հույսի միավոր» տիկնանց միության երեկոն ավարտվեց Հայոց աշխարհի ամենատարածված և սիրված պարով՝ քոչարիով: Հայ քրիստոնյան լիահույս է վաղվա օրվա հանդեպ, քանի որ ապրում է հույսով, հավատով ու սիրով: