image

Կարապետ Բագրատունի. Հայոց եկեղեցու մեծ գործիչը (Լուսանկար)

Կարապետ Բագրատունի. Հայոց եկեղեցու մեծ գործիչը (Լուսանկար)

Ախալքալաքի Ս. Խաչ եկեղեցու բակում է գտնվում հայ եկեղեցու մեծ երախտավոր Կարապետ Բագրատունու (ավազանի անունը՝ Հովհաննես) հուշարձանը:

Կարինի եւ Վիրահայոց թեմերի առաջնորդ եղած այս նշանավոր հոգեւորականի 245-ամյակն է այս տարի: Ծնվել է Օսմանյան կայսրությունում՝ Էրզրումի վիլայեթում: Նախապես եղել է Եղիկյան: 

Նախնական կրթությունն ստացել է (1791 թվականից) Ակնի հոգևոր առաջնորդ Միքայել արքեպիսկոպոսի մոտ, այնուհետև Կ. Պոլսում ուսանել աստվածաբանություն, ճարտասանություն, քերականություն և լեզուներ։ 1801 թվականին Ակնում ձեռնադրվել է վարդապետ, ապա նշանակվել Կարնո և Ակնի վիճակների վանքապատկան կալվածքների հոգաբարձու։ 1808 թվականից՝ Կարնո հայոց հոգևոր թեմի առաջնորդ։ 1811 թվականին Եփրեմ Ա Ձորագեղցին նրան շնորհել է արքության պատիվ և տիտղոս։ Կարնո թեմում ծավալել է տնտեսական և հոգևոր-մշակութային արդյունավետ գործունեություն։

Հիմնել է իր անունը կրող Կարապետյան վարժարանը։ Աջակցել է ռուսական զորքին ու արքունիքին 1829 թվականին՝ Էրզրումի գրավման ժամանակ։ Երբ Ադրիանապոլսի պայմանագրրով (2.9.1829) Էրզրումի, Բայազետի և Կարսի փաշայությունները վերադարձվել են Թուրքիային, Կարապետ Բագրատունին, վախենալով թուրքերի վրեժխնդրությունից, Էրզրումի և շրջակայքի հայության անունից, 29 պատվավոր քաղաքացիների հետ, ռուսական բանակի հրամանատար Ի. Ֆ. Պասկևիչին է ներկայացրել (15.12.1829) աղերսագիր՝ խնդրելով թույլատրել տեղի հայերին գաղթել Ռուսական կայսրության սահմանները։ Կարապետ Բագրատունու հորդորանքով և առաջնորդությամբ 1830 թվականին Էրզրումից և շրջակա հարյուրավոր գյուղերից մոտ 50 հզ. (7298 ընտանիք) հայ գաղթել և բնակություն է հաստատել Ախալցխայում, Ախալքալաքում, Ծալկայում, Լոռի-Փամբակում և Շորագյալում։
Կարապետ Բագրատունու ջանքերով Էրզրում քաղաքի և շրջակա գյուղերի վանքերից ու եկեղեցիներից հավաքվել և Ախալցխա են տեղափոխվել հոգևոր-մշակութային արժեքներ (որոնց թվում՝ «Ծուղրութի Ավետարան»-ը)։ Դրանք հիմնականում զետեղվել են Ախալցխայի նորակառույց (1835–1837) Ս. Փրկիչ եկեղեցում։

Կարապետ Բագրատունու օժանդակությամբ ու մասնակցությամբ են ստեղծվել Ախալցխայի նոր, աջափնյա մասը՝ Պլանը, 100-ից ավելի գյուղեր՝ Ախալցխայի, Ախալքալաքի, Ծալկայի գավառներում, մոտ 60 եկեղեցի, Նոր Կարապետյան դպրոցը (1842–1844, այժմ՝ քանդված), Ախալքալաքի Ս. Մեսրոպյան արական դպրոցը և այլն։

1837 թվականի հունվարի 20-ին Կարապետ Բագրատունին նշանակվել է Վրաստանի և Իմերեթի հայոց թեմի առաջնորդ ու այդ պաշտոնում մնացել մինչև մահը։ 1837 թվականի սեպտեմբերին Ախալցխայում դիմավորել և ընդունել է Անդրկովկասի նորանվաճ երկրամասերն այցելած Նիկոլայ I ցարին։ Կարապետ Բագրատունու խնդրանքով կայսրը մեկ տարով ևս երկարաձգել է Ախալցխայի հայ գաղթականների՝ հարկեր չվճարելու արտոնությունը։ Ռուսական կառավարությանը մատուցած ծառայությունների համար Կարապետ Բագրատունին պարգևատրվել է (20.10.1830) Ս. Աննայի առաջին աստիճանի շքանշանով։ Թաղված էր Ախալցխայի Ս. Փրկիչ եկեղեցու գավթում, որտեղից 1953 թվականին աճյունը տեղափոխվել է քաղաքային գերեզմանատուն։ 

Կարապետ Բագրատունու հուշարձանը Ախալքալաքի Ս. Խաչ եկեղեցու բակում կանգնեցվել է 2000 թվականին: Իր գերեզմանն ու հուշարձանն ուխտատեղիներ են հատկապես վիրահայոց համար: