image
Հրատապ լուրեր:

Ըստ Դաւիթ Տօնոյեանի. Օննիկ Գասպարեան պատերազմի 4-րդ օրը ըսած է որ պատերազմը պէտք է դադրի

Ըստ  Դաւիթ Տօնոյեանի. Օննիկ Գասպարեան պատերազմի 4-րդ օրը  ըսած է որ պատերազմը  պէտք է դադրի

ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար Դաւիթ Տօնոյեանը, որ 2021 թուականի Սեպտեմբեր 30-էն կալանաւորուած է եւ կը պահուի Երեւան Քկհ-ի մէջ, գրաւոր պատասխանած է NEWS.am-ի կողմէ ուղղուած մի քանի հարցերուն:

- Պարոն Տօնոյեան, ըստ էութեան, Ձեր վերաբերեալ քրէական գործով գրեթէ բոլոր ամբաստանեալներն ազատութեան մէջ են: Ձեր կարծիքով` ի՞նչ խնդիր են լուծում իրաւապահները` Ձեզ կալանքի տակ պահելով:

- Քրէական գործով մեղադրանք է առաջադրուած նախկին եւ գործող 7 պաշտօնեայի, որոնցից երեքը շարունակում են մնալ կալանքի տակ: Իմ կարծիքով, իրաւապահ համակարգը ձեռնպահ է մնում հէնց 44-օրեայ ռազմական գործողութիւնների տարելիցի ժամանակահատուածում կատարուած ձերբակալումների ժամանակ իր կողմից արուած աղմկահարոյց յայտարարութիւնների (ընդ որում` դրանք բանսարկու եւ ոլորտային գիտելիքների թերութեան հիման վրայ կառուցուած յայտարարութիւններ էին) պարագայում ինձ կալանքից ազատելու որոշումից, քանի որ կ'ենթարկուի իշխանութեան պատուհասմանը: Այդ մտավախութիւնն ունի նաեւ դատարանը, որը շարունակում է նոյն գործելաոճը` շուրջ 2 ամիս ձեռնպահ մնալով որեւէ դատական նիստ անցկացնելուց` քաջ գիտակցելով, որ սկսուող դատաքննութեամբ բացայայտուելու են կալանքի տակ գտնուող անձանց ազատ արձակելու, ինչպէս նաեւ նրանց մեղսագրուող արարքում արդարացնելու ակնյայտ հիմքեր: Նշուածով պայմանաւորուած` քայլեր ենք ձեռնարկում իրաւունքներիս պաշտպանութեան նպատակով Մարդու իրաւունքների եւրոպական դատարան դիմելու ուղղութեամբ:

 

- Դիտարկումներ կան, որ Ձեզ կալանքի տակ պահելը քաղաքական դրդապատճառներ ունի: Ձեր յարաբերութիւնները 44-օրեայ պատերազմից յետոյ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ ինչպիսի՞ն են եղել:

- Վարչապետի հետ պաշտօնավարմանս ընթացքում մշտապէս պահպանել եմ, իմ գնահատմամբ, պաշտօնական եւ շատ ծանր որոշումների կայացման պահին վստահելի յարաբերութիւններ: Պատերազմից յետոյ եղած յարաբերութիւնները բացասական կամ լարուած գնահատել չեմ կարող, բայց եւ այնպէս ինձ կալանքի տակ պահելն, անշուշտ, քաղաքական շարժառիթ ունի, որի վերաբերեալ ԱԺ ամբիոնից հէնց վարչապետն է արտայայտուել: Ստացուեց այնպէս, որ «քաղաքականութիւնն» իմ կամքից, ցանկութիւններից եւ վարքից անկախ սկսեց զբաղուել ինձանով:

 

- Ինչո՞ւ հրաժարական տուեցիք: Արդեօ՞ք ձեր նկատմամբ ճնշումներ եղել են:

- Ես հրաժարական չեմ տուել եւ իմ պաշտօնանկութեան օրը յայտարարել եմ. «Այս պահին պաշտօնավարումս դադարեցնելը կրկնակի դժուար է, քանզի սովորութիւն չունեմ հեշտ ու ընդունուած ճանապարհը բռնելով խուսափելու բարդ իրադրութեան մէջ յայտնուելուց, եթէ նժարին պետութեանն ու ժողովրդին ծառայել-չծառայելն է դրուած: Նոյն սկզբունքով եմ առաջնորդուել նաեւ 2018 թուականի գարնանը: Բայց ստեղծուած իրավիճակը կարիք ունի լիցքաթափման: Եւ ուզում եմ, որ իմ հեռանալն ընկալուի այդ տրամաբանութեան մէջ է: Այժմ էլ ասուածին աւելացնելու այլ բան չունեմ:

 

- 44-օրեայ պատերազմից յետոյ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարեանը յայտարարեց, որ պատերազմի չորրորդ օրն ինքը ԱԽ նիստին զեկուցել է, որ 2-3 օրուայ ընթացքում անհրաժեշտ է պատերազմը կանգնեցնել: Փաշինեանը հերքում է Գասպարեանի այս պնդումը: Դուք` որպէս պաշտպանութեան նախարար, որը ներկայ է եղել այդ նիստին, լսե՞լ էք Օնիկ Գասպարեանի այդ զեկոյցը:

- Նախկինում նշել եմ, հիմա էլ վերահաստատում եմ, որ վերոյիշեալ յայտարարութիւնն արուել է, աւելին` այն արուել է ոչ միայն Անվտանգութեան խորհրդի նիստերում, եւ այն ինձ հետ համաձայնեցուած է եղել: Այնուհանդերձ, Զինուած ուժերը պատրաստակամ են եղել մարտնչելու «ոչ մի քայլ նահանջ» սկզբունքով` անկախ ռազմական գործողութիւնների դադարեցման դիւանագիտական ջանքերից: