Արցախի պետական նախարար Ռուբէն Վարդանեան դիմատետրի իր էջին վրայ ելոյթ ունենալով՝ յայտնած է, որ հանդիպում ունեցած է իր ընկերներուն, գործընկերներուն եւ համախոհներուն հետ՝ Արցախէն, Հայաստանէն եւ Սփիւռքէն, որոնք «անտարբեր չեն եւ ճգնաժամային շրջանում շարունակում են մնալ Արցախի եւ այստեղ ապրող 120 հազար հայութեան կողքին»: Այս մասին կը տեղեկացնէ «Թերթ»ը:
Ընկերային ցանցերու վրայ հրապարակուած տեսանիւթին մէջ Վարդանեան կ՛ըսէ հետեւեալը.
«Ճգնաժամը մեզ ինքնամաքրուելու եւ հայրենիք, ազատութիւն, յարգանք, արդարութիւն արժէքների կարեւորութիւնը հասկանալու հնարաւորութիւն տուեց: Ադրբեջանը մեծ սխալ թոյլ տուեց՝ ընտրելով այս ճանապարհը, քանի որ շրջափակումը հնարաւորութիւն տուեց Արցախի ներսում կրկին զգալ այն էներգիան (ներուժը), որը կար 1988ին: Ես տեսնում եմ, որ դիմադրելու էներգիան փոխանցւում է ոչ միայն Արցախի ներսում, այլ նաեւ ամբողջ հայկական աշխարհում: Ես յաճախ եմ լինում շրջաններում, գիւղերը չունեն գազ, լոյս, բայց ինձ ասում են՝ մենք կը դիմանանք: Սրանք պարզապէս գեղեցիկ խօսքեր չեն, այլ արցախցիների մեծ մասի իրական դիրքորոշումը: Շատ դժուար է, բայց խուճապային տրամադրութիւններ առհասարակ չկան: Ինքդ քո հանդէպ յարգանք վաստակելու ցանկութիւնն իսկապէս ֆանտաստիկ (սքանչելի) ֆենոմեն (երեւոյթ) է: Դա զգացւում էր ոչ միայն Դեկտեմբերի 25ի հանրահաւաքին, դա զգացւում է ամէն օր, թէեւ իրավիճակն իսկապէս ծանր է»: