Լուսանկարում Այնթապի բնակչուհի Լյութֆիե Բիլեմջյանն է՝ 17 տարեկան: Նա իր ծնողների և երկու եղբայրների հետ բռնագաղթել էր Դեր Զոր: Լյութֆիեի մայրը զոհվում է երեխաներին պաշտպանելիս: Նրա հայրը և կրտսեր եղբայրը նույնպես սպանվում են, իսկ ավագ եղբայրն անհետանում է: Լյութֆիեն դառնում է չեչենի սեփականություն: Վերջինս էլ նրան վաճառում է մի քրդի, սա էլ աղջկան հանձնում է Մահմուդ փաշային՝ մի մեծահարուստ թուրքի, որի տանը Լյութֆիեն մնում է 11 տարի:
Հայոց ցեղասպանության ընթացքում բազմաթիվ հայ կանայք ենթարկվեցին անմարդկային սեռական բռնությունների, վաճառվեցին ստրկության: Թուրքերը, քրդերն ու արաբները բռնագաղթի ճանապարհին հայ գաղթականների գիշերակացի ժամանակ հաճախ առևանգում էին գեղեցիկ կանանց ու աղջիկներին: Հարկադրված իսլամ ընդունած կանանց տալիս էին նոր՝ թուրքական անուններ: Երբեմն, համաձայն տեղի ցեղային ավանդույթների, այդ կանանց դեմքին ու մարմնին դաջվածքներ էին արվում: Միջին Արևելքում և իսլամական երկրներում դաջվածքները լայնորեն օգտագործվում էին որպես թալիսման և չարխափան. դրանք հաճախ կետերի կամ խաչերի տեսք ունեին, ցույց էին տալիս կանանց ազգային-կրոնական պատկանելությունը և նշում նրանց կյանքում կատարված փոփոխությունը:
Ազգերի լիգայի պատվիրակ, ազգությամբ դանիացի միսիոներուհի Կարեն Եփփեն, համագործակցելով արաբական աշիրեթների առաջնորդների հետ, մինչև 1928 թվականը կարողանում է իսլամական գերությունից ազատել շուրջ 2000 հայ կանանց և երեխաների:
Նրա ջանքերով 1926 թ. մայիսի 18-ին փրկվում է նաև Լյութֆիեն:
«Նոյեմբերի 27, 1916 թ. Ստրկավաճառ շուկաները... Ճանապարհի երկայնքով, որտեղով անցնում են բռնագաղթյալները, կանանց համար ստեղծվել են ստրկավաճառ շուկաներ, որտեղ 12-ից 14 տարեկան դեռատի հայուհու գինը տատանվում է մոտավորապես 8-ից 23 ֆրանկի սահմանում: Տողերիս հեղինակն այս շուկաներից մեկը տեսել է Դամասկոսում:
... Իսլամական աշխարհի այսպես կոչված «ինտելեկտուալները»` խոջաները, ուլեմները, քադիներն ու մուֆտիները, կարողացել են արագ օգտվել այդ հնարավորությունից»:
Լոնդոնում Ֆրանսիայի ռազմական կցորդ գնդապետ դը Լա Պանուսը՝ ֆրանսիական բանակի գլխավոր հրամանատար գեներալ Ժոֆրիին
Լուսանկարի աղբյուրը` Ազգերի լիգայի արխիվ, Ժնև