Բանակին տրվել է՝ «առաջ» հրամանը: Չէ', մի վախեցեք/կամ ուրախացեք/, պատերազմը չի սկսվել, մենք Բաքվում թեյ չենք խմելու, կամ Դաշքեսանում զկեռ չենք ուտելու, պարզապես բանակն արդիականացվում է: Այն, ինչը հիմա կա, լավը չէ, ամոթ է, թույլ է, բայց բանակի արդիականացումը կոռուպցիայի դեմ պայքարի պես մի բան է. որքան անհրաժեշտ է, նույնքան էլ ծիծաղելի է: Չի կարող կոռուպցիայի դեմ պայքարը մի օր ավարտվել. կարող է, բայց այդ ժամանակ աշխարհում պետք է ապրի մեկ մարդ, ընդ որում՝ առանց Աստծու, որպեսզի մարդ ես, նրան հանկարծ չկաշառի: Բանակի արդիականացումն էլ չի կարող մի օր ավարտվել, թեկուզ 7 տարուց: Այս առումով ես չգիտեմ, թե ինչո՞ւ են արդիականացնում մեր բանակը: Չէ, լավ են անում, վաղուց պետք է անեին, բայց ինչո՞ւ են անում, որ ի՞նչ լինի, կամ ի՞նչը էլ առաջվա պես չլինի: Օրինակ զե՞նքը, դե այսինքն, եթե հիմա մենք կռվում ենք հին զենքով, ապա արդիականացումից հետո պետք է կռվենք նո՞ր զենքով, կամ, եթե հիմա մենք կռվում ենք հիմնականում ռուսական զենքով, ապա արդիականացումից հետո պետք է կռվենք մե՞ր զենքով… Ընդ որում հիմա արդիականացումից հետո՛ էլ պետք է կռվենք: Կռիվը մեր հավերժ ուղեկիցն է. մենք կռվում էինք նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ թուրքը չկար՝ Աստծո պլաններում:
Հիմա բանակի արդիականացման 7-ամյա ծրագիրը պատրաստ է: Մարդիկ նստել, լուրջ-լուրջ մտածել եւ գրել են, որ բանակն ավելի ուժեղացնելու համար պետք է… Ի՞նչ: Օրինակ՝ զարգացնել ռազմարդյունաբերությունը: Պատկերացրեք յոթ տարուց մենք ունենալու ենք զինատեսակներ, որոնց վրա կարմիր, կապույտ եւ ծիրանագույն տառերով գրված է լինելու made in Armenia, ու մենք այնքան ենք դողալու այդ զենքի վրա, որ չենք համարձակվելու օգտագործել այն: Ի դեպ, օգտագործելո՛ւ մասին. բանակի արդիականացումը ենթադրո՞ւմ է նաեւ ժամանակակից զենքից օգտվել իմացող զինվորական կազմ: Սա շատ կարեւոր է, քանի որ դու կարող ես ստեղծել ժամանակակից զենք, բայց քո բոլոր զինվորները ԱԿ-74-ից բացի այլ բան կրակել չկարողանան եւ դուխից բացի այլ հատկանիշներ չունենան: Լավ, ենթադրենք, բանակի արդիկանացման ծրագրով մենք ոչ միայն ժամանակակից զենք ենք ունենալու, այլեւ այդ զենքն օգտագործել կարողացող զինվորներ, բայց այդ զինվորները այս ծրագրի շրջանում փոխելո՞ւ են իրենց վերաբերմունքը միմյանց հանդեպ: Օրինակ, 7 տարի հետո, երբ արդիական բանակ ունենանք, զինվորն իր գուլպան չի՞ նետելու ծառայակից խեղճ ընկերոջ դեմքին ու ասա՝ տար լվա, հըլը, արա՛: Եթե նետելու է, ուրեմն կապ չունի, թե զենքդ որքանով է արդիական. բանակդ քարանձավային է: Եւ սա ամենակարեւորն հարցն է, նկատի ունեմ, ոչ թե զինվորի ձեռքի զենքը, կամ նրա դուխը, այլ նրա միտքը: 7-ամյա ծրագրով այդ միտքը արդիականանալո՞ւ է… Ծրագիրը կազմողներն ասում են, որ իրենց պաշտոնական դիրքը չարաշահողները պատժվելու են, զինվորի հացը կերած անբարոյականները բանտարկվելու են, բայց կներեք, այս ամենն անելու համար 7-ամյա ծրագիր էր պե՞տք, ես կարծում էի, որ քրեական օրենսգիրքը, ռազմական կանոնադրությունն ու օրենքն առհասարակ բավարար էին, այսինքն ես վստահ եմ, որ զինվորի հացն ուտելը ոչ թե արդիական չէ, այլ ապօրինի է: Ինչեւէ, պատկերացնենք, ավելի ճիշտ երեւակայենք, որ 7 տարի հետո մեր բանակում ով գողանում է զինվորի հացը, կանգնեցնում են շարահրապարակում, հերթով մոտենում են, անկախ ուսադիրներին աստղերի քանակից ու մեծությունից անվանում անբարոյական ու թքում են երեսին: Երեւակայենք, որ 7 տարի հետո մեր բանակում այն զինվորը, ով իր գուլպան կնետի խեղճ ծառայակցի վրա, արագ հայտնաբերվում ու պատժվում է, այնպես, որ ամեն մեկն իր գուլպան ինքը լվա, երեւակայենք, որ մեր զինանոցն այնքան արդիական է, որ Բաքվում նստած սարսափից թեյ են խմում ու չեն էլ մտածում մեր ուղղությամբ նույնիսկ նայելու մասին… բայց սա կկոչվի արդիական բանա՞կ: Կարծում եմ՝ ոչ, քանի որ արդիական բանակ չի լինում, ոստիկանություն էլ չի լինում, արդիական կրթություն էլ չի լինում, բժշկություն էլ չի լինում, նույնիսկ գրականություն կամ կարի մեքենա չի լինում, մանավանդ 7 տարի հետո: Լինում է արդիական հասարակություն, որը ընդունակ է ամեն օր փոխվել, թարմանալ եւ ստեղծել պետություն, որտեղ բոլոր օղակները արդիականանում են ոչ թե 7 տարով կամ 7 տարին մեկ, այլ ամեն օր: Մենք որքան էլ ուզենք, չենք կարող պետության մի օղակը, նույնիսկ ամենակայացածն ու կարեւորը, վերցնենք ու առանձին արդիականացնենք: Չի ստացվելու, ինչպես չի ստացվելու կոռուպցիան առհասարակ թողնելը եւ միայն առանձին ոլորտում, ասենք նույն բանակում, արմատախիլ անելը: Եթե կրթության կամ առողջապահության կամ պետավտոտեսչության բնագավառներում կոռուպցիա կա, ուրեմն բանակում էլ է լինելու, ամենուր է լինելու: Չի կարող դեղատոմսի համար բժշկին փող տվողը փող չտալ զինկոմին՝ որդուն բանակ չտանելու կամ տանելուց էլ լավ տեղ տանելու համար: Եվ հակառակը չի կարող լինել: Եվ ուրեմն բանակին տրվել է «առաջ» հրամանը, որն իրականում նշանակում է՝ տեղում քայլով մարշ:
Ուրեմն երկու բան կա, մեկը՝ լավ, մյուսը՝ վատ: Վատն այն է, որ քանի դեռ բանակ են գնում մեր որդիներն ու եղբայրները, բանակը չի արդիականանալու: Բայց քանի որ բանակ են գնում մեր որդիներն ու եղբայրները, այն մնալու է անպարտ, սա էլ լավն է: