Այսօր երեկոյան Ստամբուլի Հարբիեի շրջանի «Ջեմալ Ռաշիդ Ռեյ» համերգասրահում (CRR) տեղի կունենա հոբելյանական համերգ՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին: Ինչպես հաղորդում են «Արեւելք»-ի աղբյուրները, հոբելյանական այս համերգը նախատեսված էր անցյալ տարի, սակայն արցախյան դեպքերի պատճառով հետաձգվել էր:
Նախաձեռնությունը Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ)` Ստամբուլում տեղակայված ՀՀ ներկայացուցչությանն է: Աշխատանքները տարվել են դեռեւս ՍԾՏՀԿ-ում ՀՀ նախկին ներկայացուցչի՝ Սահակ Սարգսյանի օրոք, դրանք շարունակել է Ստամբուլում տեղակայված այդ կազմակերպության Հայաստանի նորանշանակ ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանի գրասենյակը:
Հատկանշական է նաեւ, որ Արամ Խաչատրյանի հոբելյանի նշումը Թուրքիայում համընկնում է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի նախագահության շրջանին. այդ կազմակերպության նախագահությունը Հայաստանը մեկ տարով ստանձնել է այս տարվա հուլիսի 1-ին: Արամ Խաչատրյանին նվիրված համերգի անցկացման համար էլ համերգասրահ է տրամադրել Ստամբուլի քաղաքապետարանը. «Ջեմալ Ռաշիդ Ռեյ» համերգասրահը քաղաքի՝ դասական երաժշտության մեծագույն սրահներից է:
Համերգին մասնակցելու են հայաստանցի երեք երաժիշտներ՝ ջութակահար Անուշ Նիկողոսյանը, դաշնակահար Սոնա Բարսեղյանն ու թավջութակահար Միքայել Նավասարդյանը:
Նրանք Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից բացի կատարելու են նաեւ այլ երաժշտահանների գործեր: Ցուցադրվելու է նաեւ Արամ Խաչատրյանին նվիրված տեսաֆիլմ: Տեղեկացանք նաեւ, որ համերգին հրավիրված են պաշտոնյաներ, դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Աշխարհահռչակ հայ կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգությունը լավագույնս ներկայացնելու համար գործում է նաեւ պոլսահայ կամավորականներից կազմված հանձնաժողով, որ գլխավորում է «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Քոչունյանը:
Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության՝ Ստամբուլում տեղակայված ՀՀ ներկայացուցչությունը նախկինում էլ համերգներ է կազմակերպել Ստամբուլում. դրանցից մեկը նվիրված էր Հայաստանի անկախության 25-ամյակին, իսկ երկրորդը՝ Ստամբուլում տեղակայված այդ կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչության հիմնադրման 30-ամյակին։