Ցավով տեղեկանում ենք, որ կյանքից հեռացել է ամերիկահայ տաղանդավոր նկարչուհի, մանրանկարչուհի և հասարակական գործիչ Սիրուն Երեցյանը: Նա սփյուռքում և Հայաստանում առավել հայտնի էր հայոց այբուբենի գեղարվեստական նկարազարդումների՝ հանրահայտ «Սիրուն տառեր» շարքի շնորհիվ:
Սիրուն Երեցյանը ծնվել է 1951 թվականին Բեյրութում (Լիբանան)՝ Ցեղասպանությունից փրկված գաղթականների ընտանիքում: Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին տեղափոխվելով ԱՄՆ՝ նա հաստատվել է Լոս Անջելեսում, որտեղ ավարտել է Otis/Parsons Art Institute դիզայնի ինստիտուտը: 1998 թվականին Գլենդելում հիմնադրել է հանրահայտ «Ռոսլին» գրատուն-պատկերասրահը (Roslin Art Gallery), որը տարիներ շարունակ եղել է հայ մշակույթի և արվեստագետների կարևորագույն կենտրոններից մեկը:
Արվեստագետը, որին ամերիկյան մամուլն անվանել է «Սիրամարգե տիկինը», իր կտավներում և մանրանկարներում միահյուսում էր հայկական բազմադարյան ավանդույթներն ու արդի արվեստի շունչը։
Կյանքի վերջին տարիներին Սիրուն Երեցյանը պայքարում էր կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ (ALS) ծանր հիվանդության դեմ, ինչի պատճառով զրկվել էր շարժվելու և վրձին բռնելու հնարավորությունից։ Սակայն, ցուցաբերելով կամքի բացառիկ ուժ, նա հատուկ համակարգչային սարքի միջոցով՝ աչքերի շարժումներով, շարունակում էր արարել և ստեղծել գրքեր։
Մայրիկի կորստի կապակցությամբ սրտառուչ հայտարարությամբ է հանդես եկել նրա որդին՝ Առնո Երեցյանը.
«Սա իմ ամենադժվար հրապարակումներից մեկն է, որ ստիպված եմ անել: Եվ այս անգամ գրում եմ անձամբ, քանի որ պետք է հայտնեմ մայրիկիս՝ Սիրուն Երեցյանի մահվան մասին:
Նա բացառիկ անձնավորություն էր՝ հին ու հզոր հոգով, տաղանդավոր արվեստագետ, իմ ճանաչած ամենաաշխատասեր մարդկանցից մեկը, ամենասիրող ու հոգատար մայրերից մեկը, նվիրվող ու անձնվեր անհատականություն և բժշկող հոգի:
Նա մեկ կյանքի ընթացքում հասավ այնքանին, որքանին ուրիշները գուցե կհասնեին մի քանի կյանքերի ընթացքում: Նա ծնվել էր Լիբանանի փախստականների ճամբարում՝ Ցեղասպանությունից մազապուրծ եղած ընտանիքում: Մեծացել է պահածոների տուփերից ու փայտի կտորներից սարքված ժամանակավոր տնակում: Լիբանանի աղքատության ու քաղաքացիական պատերազմի միջից, որտեղ նա ինձ լույս աշխարհ բերեց գլխավերևում թռչող ռումբերի ներքո, նա ի վերջո հորս հետ փախավ ու հասավ Լոս Անջելես, որտեղ նրա տաղանդը ծաղկում ապրեց...»: