Ռուսիան եկեր է, յանձներ է Լեռնային Ղարաբաղը Ատրպէյճանին ու վերադարձեր է Ռուսիա։ Այս մասին լրագրողներու հետ զրոյցին յայտարարած է ՀՀ անվտանգութեան խորհուրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը։
«Երբ Հայաստանն ամբողջութեամբ կախուած էր Ռուսաստանից, պատերազմ չե՞նք ունեցել՝ ունեցել ենք։ Եկէք արձանագրենք, որ մինչեւ այս գոյութիւն ունեցող իրավիճակի պատճառով ենք մենք յայտնուել պատերազմում, մենք փորձել ենք այս փոփոխութիւններով կայունութիւն բերել ու համոզուած ենք, որ այս փոփոխութիւնները կայունութիւն են բերելու»,- նշած է ան՝ խօսելով արտաքին քաղաքական միջաշառաւիղի (վեքթորի) փոփոխութեան մասին։
Գրիգորեան պնդած է՝ Ռուսիան վերցուցած է Լեռնային Ղարաբաղը։
«Սա է տեղի ունեցել, երբ մենք ամբողջովին կախուած էինք Ռուսաստանից։ Ռուսաստանը եկել, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, յետոյ ետ գնացել, սա է ամբողջ իրականութիւնը։ Ես պնդում եմ՝ Ռուսաստանը վերցրել է Լեռնային Ղարաբաղը»,-ըսած է ան՝ շեշտելով՝ առանց Ռուսիոյ թոյլտւութեան՝ պատերազմ տեղի չէր ունենար։