Ռուսիոյ նախագահի մամուլի քարտուղար Տմիթրի Փեսքովն այսօր հերքած է «Հայկական ժամանակ» թերթի հրապարակումն այն մասին, որ Մոսկուան կը ստիպէ Հայաստանին միանալ Ռուսիոյ եւ Պելառուսիոյ միութենական պետութեան։
Ինչպէս հաղորդած է ԹԱՍՍ-ը, պատասխանելով այն հարցին, թէ արդեօ՞ք Ռուսիան նման մտադրութիւն ունի, Տմիթրի Փեսքովն ըսած է. «Ոչ, դա հերթական անհեթեթութիւնն է»։
Այսօր «Հայկական ժամանակ» կայքին մէջ հրապարակուած է «Ինչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտութիւն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների եւ փորձագիտական հանրութեան» յօդուածը, որուն մէջ, մասնաւորապէս, ըսուած է.
«Ռուսաստանը Հայաստանից համարեայ ուզում է այն, ինչ ուզում է Ուքրանիայից, որ այն դառնայ «Ռուսաստան-Պելառուս» միութենական պետութեան կամ Ռուսաստանի մաս։ Ու եթէ Ուքրանիայի դէպքում նման արդիւնքի համար ՌԴ-ն օգտագործում է ռուսական եւ գուցէ պելառուսական զօրքերը, Հայաստանի դէպքում օգտագործում է Ատրպէյճանի եւ որոշ չափով էլ ՀՀ-ում տեղակայուած ռուսական զօրքերը»։
Յօդուածը ստորագրուած է «Հաւաստի Աղբիւր»-ի կողմէ: