Չեմ գիտեր, թէ որքանո՛վ իրատեսական է, բայց յաջորդ տարին կրնայ իրատեսական ըլլալ, 2028-ը կրնայ իրատեսական ըլլալ։ Սակայն այս պահուն մենք կեդրոնացած ենք վիզայի ազատականացման երկխօսութեան վրայ։ Այս մասին յայտարարած է Նիկոլ Փաշինեան՝ պատասխանելով այն հարցին, թէ ե՛րբ կը նախատեսեն դիմում ներկայացնել Եւրոպական Միութեան անդամակցելու համար։
«Մենք լաւ հասկանում ենք, որ միաժամանակ հնարաւոր չէ լինել ԵՄ եւ ԵԱՏՄ կազմում։ Եւ հասկանում ենք, որ ապագայում Հայաստանը պէտք է ընտրութիւն կատարի, բայց մինչեւ այդ մենք պէտք է այլընտրանք ստեղծենք, իրական քաղաքական հարց ուղղենք մեր ժողովրդին։ ՀՀ քաղաքացիները պէտք է որոշեն՝ ցանկանում են մնալ ԵԱՏՄ-ի կազմում, թէ ցանկանում են միանալ ԵՄ-ին։ Մենք ցանկանում ենք, որ հայ ժողովուրդը ժողովրդավարական ընտրութիւն կատարելու հնարաւորութիւն ունենայ», նշած է Փաշինեան։
Ան աւելցուցած է, որ Հայաստանի համար եւրոպական քաղաքականութիւնը գործիք կամ ճանապարհ չէ՝ տարածաշրջանէն կտրուելու կամ քաղաքական, հոգեբանական եւ տնտեսական առումներով մեկուսանալու։
«Այսօր տարածաշրջանային քաղաքականութիւնը մեր երկրի առաջնահերթութիւններից է։ Մեր անկախութեան ընթացքում ունեցել ենք հակամարտութիւն Ադրբեջանի հետ, բարդ յարաբերութիւններ ունենք կամ չունենք Թուրքիայի հետ, միշտ ունեցել ենք լաւ յարաբերութիւններ Վրաստանի եւ Իրանի հետ, բայց այստեղ էլ սահմանափակումներ կան՝ կապուած միջազգային պատժամիջոցների հետ։ Մենք Հայաստանը մեր տարածաշրջանից դուրս չենք տեսնում», նշած է Փաշինեան։