image

Փաշինեան ինք ըսած է, որ պատերազմի դադրեցման համար Փութին ըսած է, թէ պէտք է գործել «5+2» ձեւաչափին հիման վրայ. Շարմազանով

Փաշինեան ինք ըսած է, որ  պատերազմի դադրեցման համար Փութին  ըսած է, թէ  պէտք է   գործել «5+2» ձեւաչափին հիման վրայ. Շարմազանով

Հասարակութիւնը պէտք է թմբիրէն դուրս գայ եւ գիտակցի, որ այս օրերուն կ'որոշուի Հայաստանի ու Արցախի ճակատագիրը: Այս մասին, Ապրիլ 28-ին, Աւետիք Իսահակեանի արձանին մօտէն ՀՀԿ-ի նախաձեռնած երթի մեկնարկին լրագրողներու հետ զրոյցին յայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Էտուարտ Շարմազանովը:

«Մեր խնդիրն է նման շարժումներով ցոյց տալ, որ կամ այսօր, կամ երբեք: Արդիւնքը կը լինի բաւարար, եթէ այս իշխանութիւնը հեռանայ: Այս իշխանութիւնն իրեն սպառած իշխանութիւն է, նա սպառուել է դեռ Նոյեմբերի 9-ին: Բայց երբ մի բան ֆիզիքապէս արդէն գոյութիւն չի ունենում, ինքնաբերաբար խռխռացնում է, հիմա այս իշխանութիւնը խռխռացնելու վիճակում է, իրենք չեն գիտակցում», ըսաւ ան:

Պատասխանելով իշխանութիւներուն հետ երկխօսութեան երթալու մասին հարցին Շարմազանով ըսաւ, որ սա իշխանութիւն-ընդդիմութիւն կամ սահմանադրական բարեփոխումներու հարց չէ, որ նստին սեղանի շուրջ քննարկեն:

Յայտարարելով, որ իշխանութիւններուն հետ բանավէճի երթալու իմաստ չկայ` ՀՀԿ փոխնախագահը ըսաւ. «Ո՞ւմ հետ գնամ բանավէճի, նրա՞ հետ, ով ասում էր` բանակցութիւնները պատերազմի նոյն ելքն էին ապահովելու` բայց առանց զոհերի: Նրա հետ, որն ասում էր, թէ կարող էր պատերազմը կանգնեցնել, բայց չի կանգնեցրել, որ խաբում ասում էր, թէ մինչեւ Շուշին չտայինք չէին կանգնելու, երբ հակառակի մասին Փութինն էլ է ասում, ես էլ եմ ասում:

Սրանց խաղաղութեան մասին խօսելը նոյն է, ոնց որ Հիթլերը խօսի քրիստոնէութիւնից: Հիթլերն էլ էր ասում` իմ շարժումը քրիստոնէական է: Խաղաղութիւնից խօսում է մէկը, որը պատերազմ է բերել, որը պատերազմով հազարաւոր երիտասարդների սերունդ է ոչնչացրել, որը մի ամբողջ սերունդ է ուղարկել պատերազմ, շատ լաւ իմանալով, որ արդէն պարտուել է:

Ես պաշտօնապէս յայտարարում եմ, որ 2020 թուականի Հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինեանն շատ լաւ իմացել է, որ մենք պարտուած ենք, ու այն ասել է մեր հետ հանդիպմանը, որին 20 մարդ է մասնակցել: Հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինեանն իմացել է, որ պարտուած ենք, իսկ Հոկտեմբերի 20-ին բոլորին ասել է, որ գնան կոտորուեն: Սրա մնալով մենք Հայաստանի նոր տարածքներ ենք տալիս, թուրքը քայլելով գալիս է: Նոր Սարդարապատն այսօր է: Սա Վազգէնի եւ Նիկոլի տեսակների պայքար է»: