Պետութիւնը պարտաւորութիւն ունի պաշտպանելու մարդիկը, եւ պաշտօնեաները իրաւունք չունին վնասելու անոր: Այս մասին ֆէյսպուքեան իր էջով գրած է Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը:
Ան մասնաւորապէս նշած է.
«Ինձ համար արդէն անցած 2021թ. ընթացքում մեր երկրի բնակչութեան իրաւունքների ու անվտանգութեան լուրջ սպառնալիքներից են եղել`
1. ՀՀ այն բարձրաստիճան պաշտօնեաները, որոնք կայտարարել են, թէ մեր գիւղերի մօտ ու ճանապարհներին յայտնուած ատրպէյճանական զինուած ծառայողները, նրանց յենակէտերն ատրպէյճանական տարածքում են եւ ՀՀ-ն ոչինչ անել չի կարող:
Նրանցից մէկն էլ անգամ ասել է, թէ առանց դելիմիտացիայի ու դեմարկացիայի ճանապարհահատուածների պատկանելիութեան հարցը կարող ենք համարել լուծուած:
2. Այդ պաշտօնեաները նման յայտարարութիւններով թոյլ են տուել իրենց պաշտօնէական կարգավիճակի կոպիտ խախտում` վտանգելով մարդու կեանքի ու միւս կենսական իրաւունքները, վնաս հասցնելով անվտանգութռանը:
Խօսքս նաեւ վերաբերում է բնակչութեանը ատրպէյճանական զինուած ծառայողների յանցաւոր արարքներից պաշտպանող մեր զինուորների, սահմանապահների, ոստիկանների պաշտպանութեանը:
3. Այդ պաշտօնեաների յայտարարութիւններն օրինականացրել են ատրպէյճանական յանցաւոր արարքները Հայաստանի բնակչութեան նկատմամբ եւ երկարաժամկէտ «մաքրելու» ենթակայ խոչընդոտներ են ստեղծել մեր բնակչութեան իրաւունքների պաշտպանութեան ու անվտանգութեան համար:
4. Այդ բարձրաստիճան պաշտօնեաները նման յայտարարութիւններ արել են [առնուազն] նրա համար, որ իրենց նկատմամբ ներքին քաղաքական դժգոհութիւններ չառաջանան կամ դրանք մեղմուեն:
Այսինքն` դասական օրինակներ են, թէ ինչպէս քաղաքական շահերից ելնելով` կարող է վնաս հասցուել երկրի անվտանգութեանն ու մարդու իրաւունքներին:
5. Այդ բարձրաստիճան պաշտօնեաները պէտք է հասկանան, որ ցանկացած նման յայտարարութիւն դիտարկւում է հենց նշածս տեսանկիւնից ու այսուհետ նման յայտարարութիւններ չանեն:
Ոչ ոք իրաւունք չունի անել մեր իրաւունքներն ու անվտանգութիւնը վտանգող արարքներ եւ վերջ:
Յ.Գ. Մեր հայրենակիցների նկատմամբ վայրագութիւններ արել ու շարունակում են անել ատրպէյճանական զինուած ծառայողները, բայց պետութիւնը պարտաւորութիւն ունի պաշտպանելու մարդկանց, եւ պաշտօնեաներն իրաւունք չունեն վնասել դա":