Հրատապ լուրեր:

«Միացէք մեզի». Արմէն Մուրատեանի կոչը՝ լրագրողներուն

«Միացէք  մեզի». Արմէն Մուրատեանի  կոչը՝ լրագրողներուն

Երեւանի պետական բժշկական համալսարանի նախագահ Արմէն Մուրատեան խնդրանքով դիմած է զանգուածային լրատուական միջոցներու բոլոր ղեկավարներուն:

«Յարգելի եւ սիրելի լրագրողներ, առնուազն 7 ամիս է Հայաստանում սկսել է պատուաստման գործընթացը, եւ մենք՝ բուժաշխատողներս, ցաւօք, դեռ հասարակութեան 12%-ին ենք կարողացել բացատրել, որ ներկայ պահին այլընտրանք չկայ՝ պէտք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատուաստումը։

Ես գիտեմ, որ հասարակութեան վստահութեան կարեւորագոյն ու հզօր զէնքերից մէկն այսօր ձեր ձեռքերում է, ուստի խնդրում եմ, եկէք մեր՝ բուժաշխատողների զէնքերի հաւաքածոյում, աւելացրէք ձեր զէնքերը, որպէսզի կարողանանք կանխենք այս կորոնավիրուսային աղէտը, որը մոլեգնում է աշխարհում ու ըստ պաշտօնական տուեալների Հայաստանում բնակուող 6582 մարդու կեանք է խլել․․․

12 %-ի արդիւնքն, ինձ ապացուցեց, որ ձեր ունեցած զէնքերի բացակայութիւնը կամ սխալ կիրառումը մեր՝ բժիշկներիս, զէնքերի հաւաքածոյում, ամէն վայրկեան միայն բարդացնում է մեր պայքարն այս նենգ հիւանդութեան դէմ պատերազմում։

Գաղտնիք չէ, որ այսօր ամենամեծ լծակները՝ հասարակութեանը մատուցելու պատկանում է 4-րդ իշխանութեանը։ Սոցիալական դաշտի ազատութիւնը իւրաքանչիւրին հասու է դարձել ու իւրաքանչիւրի առջեւ բացուել է անվերահսկելի հնարաւորութիւն` աշխատելու բաց տուեալների հետ, հանրայնացնելու տուեալներ, որ կարիք ունեն ուսումնասիրութեան, մշակման, համադրման, վերլուծութեան եւ նոր միայն հանրայնացման:

Պատրաստ եմ, բժշկական համալսարանի գիտական ողջ ներուժը տրամադրեմ, որպէսզի ՄԻԱՍԻՆ կարողանանք հասարակութեանը մատուցենք միայն հաւաստի եւ փաստերի վրայ հիմնուած բժշկագիտական տեղեկատուութիւն։

Հաւատացէք, մեզ՝ բժիշկներիս, այս կորոնամիֆային տեղեկատուական հոսքերի շրջանում, ձեր՝ լրագրողների, գրագէտ աշխատանքը օդ ու ջրի պէս անհրաժեշտ է։

Սպիտակ բանակն այսօր պատուով կատարում է իր աշխատանքը, առաջարկում եմ եւ խնդրում եմ միացէք Սպիտակ բանակին՝ եւ այս կորոնամիֆային տեղեկատուական տարափի միջից միասին դուրս կը բերենք միայն գիտական նիւթերը եւ կը մատուցենք ՀԱՆՐՈՒԹԵԱՆԸ:

Արդիւնքում, կը կանխենք կորոնաաղէտը, կը փրկենք Մարդկանց եւ կայուն ֆունտամենդ կը ստեղծենք՝ առողջ սերունդ ունենալու համար։

Յ․Գ․ Երկուշաբթի օրուանից՝ ԵՊԲՀ-ում, ստեղծուելու է աշխատանքային խումբ՝ԶԼՄ-ներին մասնագիտական տեղեկատուութիւն տրամադրելու նպատակով։ Աշխատանքային խումբն ունի յստակ սկզբունք՝ աշխատելու է առարկայական, արագ, փաստական ու կառուցողական։

Երկուշաբթի կը ներկայացնենք մասնագէտնէրին եւ նրանց տուեալները, որոնք հասանելի պիտի լինեն 7օր՝ 24 ժամ»։