Պոսնիա եւ Հերցեկովինայի մէջ աւարտած է բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիներու Եւրոպայի առաջնութիւնը։ Ինչպէս կը յայտնեն Բռնցքամարտի ֆետերացիայէն, այն հայկական բռնցքամարտի համար առանձնացած է փայլուն արդիւնքով, որուն անդրադարձած է նոյնիսկ բռնցքամարտի Եւրոպական ֆետերացիան։ Մարզիչներ Արթուր Մելքումեանի, Արմէն Պաղտասարեանի եւ Յովհաննէս Շարպաթեանի գլխաւորութեամբ մրցավայր մեկնած մեր 17 մարզիկներէն 10-ը բարձրացած են պատուոյ հարթակ։
Իրենց բոլոր մրցակիցներուն յաղթած են ու պատուոյ հարթակի ամենավերին աստիճանին կանգնած են 50 քկ քաշային Շիրակի մարզը ներկայացնող Սպարտակ Նահապետեանը եւ 57 քկ քաշային Սեւան մարզական միութեան սան Անդրանիկ Մարտիրոսեանը։ Ընդ որում, Սպարտակ Նահապետեանը իր մրցակիցին յաղթած է նոքաութով։ 48 քկ քաշային Վազգէն Քարհանեանը, 63 քկ քաշային Արգիշտի Յակոբեանը եւ 75 քկ քաշային Դաւիթ Նիկողոսեանը նուաճած են արծաթեայ մետալ, իսկ 42 քկ քաշային Վահագն Գալստեանը, 70 քկ քաշային Լիովա Կիրակոսեանը, 80 քկ քաշային Կարէն Պետրոսեանը, 38 քկ քաշային Վիքթորիա Զաքարեանը եւ 42 քկ քաշային Հեղինէ Պետրոսեանը կանգնած են պատուոյ հարթակի 3-րդ աստիճանին։
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսվել