Ըմբռնելու համար Մայիս 28-ի պատմական մեծ նշանակութիւնը, անհրաժեշտ է աչքի առաջ ունենալ այն ծանր պայմանները, որոնց մէջ տառապած եւ արիւնաքամ հայ ժողովուրդը կարողացաւ կենաց մահու հերոսական կռիւներ մղել եւ Ազատ ու անկախ Հայաստանի հրաշքը իրագործել:
1917-ի պոլշեւիկեան յեղափոխութիւնը քայքայել էր ռուս պետութեան դիմադրական ուժը: Բանակը դադարել էր կռուելուց եւ հետապնդում էր միայն մի նշանաբան.- «դէպի տուն»:
Վէհիպ փաշայի ուժերի դէմ կանգնած 300.000-ի հասնող ռուսական զօրքը խուժան էր դարձել եւ դիրքերը լքած՝ նահանջում էր դէպի ետ:
Ահա այդ ժամանակ է որ թրքական բրոբականտը Կովկասի Թաթարների մէջ մեծ հող շահեց: Կռիւ սկսուեց ամբողջ Անդրկովկասի հայ եւ թուրք տարրերի միջեւ: Հայութիւնը թրքութեան հետ խառն էր ապրում գաւառից գաւառ եւ յաճախ մինչեւ իսկ նոյն գիւղի մէջ: Վայրկեանը շատ ձեռնտու է նկատւում համատարած թրքութեան տիրապետութիւնը հաստատելու անպաշտպան եւ իր բախտին լքուած այս շրջանին վրայ: Չկար մի երկաթուղագիծ, մի խճուղի, որ ազատ լինէր երթեւեկութեան համար: Թշնամին իր գործակիցներով կտրել էր հաղորդակցութեան բոլոր ճանապարները:
Յուսահատական ու վերջին ծայր վտանգաւոր կացութեան մէջ էր գտնւում Անդրկովկասի հայութիւնը եւ ջարդերից ազատուած այն գաղթականութիւնը, որ նահանջել էր հայկական բարձրաւանդակից եւ ապաստանել Անդրկովկաս:
Մի կողմից մեր դրան առջեւ կանգնած էր դարաւոր թշնամին՝ թուրքը իր բանակներով, միւս կողմից Թաթարների հետ մեր ներքին կռիւները կլանում էին հայ ժողովուրդի գրեթէ ամբողջ ուժը: Սով էր մեր երկրում եւ համաճարակ հիւանդութիւններ սպառնում էին զանազան շրջանների: Ռուս բանակը հեռանում էր խուճապահար եւ արտաքին օգնութեան ոչ մէկ յոյս էր մնում:
Ի՞նչ անել, ի՞նչպէս փրկել ժողովուրդի գոյութիւնը, ի՜նչ միջոցով դուրս գալ այս ծանր անելից:
Ճգնաժամային նման պայմանների մէջ ծանր սխալ էր համարւում կռուի դիմել եւ զէնքի ուժով պաշտպանուել տաճկական գերազանց ուժերի եւ միեւնոյն ատեն ներքին թշնամիների դէմ: Ոչ մի ռազմագէտ ուղեղ կարող էր երեւակայել այդ հնարաւորութւինը: Միակ ճամբան, որ բաց էր մնում հայութեան առաջ՝ մեծամեծ զիջումների եւ զոհողութիւնների գնով բանակցելու եւ լեզու գտնելու ճամբան կը նկատուէր: Վրացիները արդէն դիմել էին այդ միջոցին եւ համաձայնութեան էին գալիս թրքութեան հետ: Բայց ոչ մեր դիրքը եւ ոչ էլ պայմանները նման չէին Վրացիների կացութեան:
Շուարումի, լքումի եւ յուսահատութեան այս խեղդող մթնոլորտի մէջ է որ հայ ժողովուրդի մարտական մեծ կուսակցութիւնը՝ Հ.Յ.Դաշնակցութիւնը տուեց վճռական որոշումը եւ տէր կանգնեց հայութեան ճակատագրին: Նա կռուեց դուրս ուրիշ միջոց չգտաւ մեր ժողովուրդը փրկելու:
Ընկրկումի եւ տատանումի ժամանակ չկար: Թարմ էր օրինակը տարագրութեան ճամբաներէն մինչեւ Տէր Զօրի անապատները մաս առ մաս բնաջնջուած հայ զանգուածների նահատակութեան: Անդրկովկասի հայութեան ալ սպառնում էր նոյն բախտը, եթէ կռուելուց հրաժարուէր: Թուրքը գալիս էր մեր ազգի մնացորդներն էլ ոչնչացնելու հաստատ որոշումով:
Պամտական բախտորոշ վայրկեաններ էր ապրում մեր ժողովուրդը: Զօր. Նազարբէգեանի ընդհ. հրամանատարութեան տակ կազմակերպուեցին շուտով հայութեան զինեալ ուժերը, իբրեւ կորիզ ունենալով միայն վեց կամաւորական գունդեր: Հայ բանակը 1917 Հոկտեմբեր ամսից սկսած մինչեւ Մարտ կարողացաւ ոչ միայն Արարատեան դաշտի բոլոր ճանապարհները մաքրել թշնամի տարրից, բռնել ռազմագիտական կարեւոր դիրքերը, գործածելի դարձնել խճուղիները, բանալ վտանգաւոր վայրերը, այլ նաեւ կրցաւ իջնել Բարթողեան լեռներից դէպի հարաւ եւ մտնել հայոց աշխարհի սահմանակից գաւառներից ներս:
Կովկասը բաժնուեց երկու զօրաշրջանների.- Մէկը՝ Ղարսի եւ Էրզրումի ուղղութեամբ, միւսը Երեւանից դէպի Ալաշկերտ:
Մարտին արդէն Վասպուրականից եւ Կարնից կռիւ տալով թշնամին մօտենում էր Արագածի, Արարատի եւ Մայմէխի (Ղարաքիլիսա) լանջերին: Իր առաջխաղացքի ընթացքին թուրքը խոր վստահութիւն ունէր թէ միանգամ ընդմիշտ վերջ է տալու հայ ժողովուրդի եւ Հայ դատի գոյութեան: Բայց հայութիւնը որոշած էր ապրել ու ոչ մի դժուարութեան առջեւ չնահանջել:
Կատարուեց հրաշքը: Դաշնակցութիւնը կարողացաւ ի մի հաւաքել եւ գոյապայքարի ճակատ նետել հայութեան բոլոր կենդանի ուժերը: Հայատանն ամբողջ մեծով պզտիկով ոտքի կանգնեց եւ պատուով մեռնելու եւ ազատ ապրելու վճիռով կուրծք տուեց թշնամուն: Որքա՜ն յուզիչ դրուագներ եւ հերոսական դէպքեր կարելի է նկարագրել այն կռիւներից, որոնց արդիւնքը եղաւ Մայիս 28-ի պատմական մեծ թուականը: Սարդարապատի, Ղարաքիլիսէի եւ Բաշ-Ապարանի ճակատամարտերուն մէջ իր տարած անօրինակ յաղթանակներով հայ ժողովուրդը տիրացաւ ազատ եւ անկախ ապրելու անփոխարինելի բարիքին: Այդ ճակատամարտներն եղան պատճառ, որ տաճիկները հարկադրուեցին դաշինք կնքել հայերի հետ եւ ճանաչել Հայաստանի անկախութիւնը: Յարգա՜նք հայ ժողովուրդին, նրա յեղափոխական մարտիկներին եւ ղեկավարներին, փա՜ռք հայ բանակին եւ նրա անձնուէր զինուորներին ու սպաներին, որոնք գիտցան արհամարհել ամէն դժուարութիւն եւ անվկանգ կամքով խոյացան մահուան դէմ մինչեւ արեան վերջին կաթիլով:
Այդ հերոսների կերտած թուականն է Մայիս 28-ը:
Նիւթը՝ «Ազատ օր»էն։