72 տարեկանում մահացել է Մաշտոցյան Մատենադարանի գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի եւ Երեւանի պետական համալսարանի դասախոս Գեւորգ Տեր-Վարդանյանը։ Անվանի մտավորականի մահվան լուրը հայտնել են Մատենադարանից:
Գեւորգ Տեր-Վարդանյանը ծնվել է 1951 թ. հունվարի 9-ին Շամշադինի շրջանի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում, 1968 թ. ավարտել է նույն գյուղի միջնակարգ դպրոցը: 1968-1973 թթ. սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության, աղբյուրագիտության եւ ազգագրության բաժնում, որն ավարտել է պատմաբան-աղբյուրագետի մասնագիտությամբ:
1974 թ. աշխատել է Մաշտոցյան Մատենադարանում, 1978 թ.՝ ավագ գիտաշխատող եւ գլխավոր ավանդապահ, 1992 թ.-ից՝ Ձեռագրագիտության բաժնի վարիչ եւ գլխավոր ավանդապահ: 1995-1998 թթ. զբաղեցրել է Հայաստանի Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնը: 2016 թ. ստացել է Պատմական գիտությունների դոկտորի աստիճան:
Գեւորգ Տեր-Վարդանյանը մեծ հեղինակություն էր հայ ձեռագրագիտության ասպարեզում, հայերեն ձեռագիր մատյանի բազմահմուտ եւ քաջագիտակ մասնագետ։ Բացառիկ է նրա դերը՝ «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Մաշտոցի անուան Մատենադարանի» բազմահատորյակի կազմման եւ խմբագրման գործում։
Շուրջ 200 հոդվածների, ուսումնասիրությունների եւ մենագրությունների հեղինակ է: Զգալի է նաեւ նրա մանկավարժական վաստակը. տարիներ ի վեր դասավանդել է Երեւանի պետական համալսարանում եւ Գեւորգյան ճեմարանում, ինչպես նաեւ պատրաստել է ձեռագրագետներ Մաշտոցյան Մատենադարանում:
Միջազգային բազմաթիվ գիտաժողովների մասնակցած լինելու եւ այլալեզու իր հրապարակումների շնորհիվ Գեւորգ Տեր-Վարդանյանը մեծ համբավ ունի նաեւ միջազգային հայագիտության մեջ։ Դրա վկայություններից մեկն այն է, որ Մխիթարյան միաբանության հրավերով տարիներ շարունակ պարբերական այցելություններով կատարել է Սուրբ Ղազարի մատենադարանի ձեռագրական նյութի մատենագիտական-ձեռագրագիտական մշակում:
Մեծ է նաեւ նրա վաստակը արտերկրում հայկական մշակույթը ներկայացնելու գործում՝ ձեռագրական ցուցահանդեսների կազմակերպման ասպարեզում: Վերջինիս վկայականներից է 2008 թ. Ֆրանսիայի կառավարության հրամանագրով «Գրականության եւ արվեստների շքանշանով» պարգեւատրելը՝ 2007 թ.-ին Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում Մատենադարանի մասնակցությամբ կայացած ցուցահանդեսների համար:
2022 թ. մշակույթի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, երկարամյա աշխատանքային գործունեության համար եւ թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից Գեւորգ Տեր-Վարդանյանը պարգեւատրվել է ոսկե մեդալով:
Հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 30-ին Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, ժամը 18։00-20։00։
«Արեւելք»-ը ցավակցում է Գեւորգ Տեր-Վարդանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին: