image

Լսեք Փառիկի երգերը եւ տվեք ձեր ողորմին՝ սեր, արվեստ ու բարություն հորդող այս գեղեցկագույն էակին

Լսեք Փառիկի երգերը եւ տվեք ձեր ողորմին՝ սեր, արվեստ ու բարություն հորդող այս գեղեցկագույն էակին

ԱՄՆ-ում մահացել է անզուգական հայ երգչուհի, ԱՄՆ-ի «Գորանի» ազգագրական երգերի խմբի հիմնադիր՝ Փառիկ Նազարյանը: 

Հայագետ Անահիտ Արամունի-Քեշիշյանն իր ազգականի՝ Փառիկ Նազարյանի մահվան առթիվ.

 

«Փառիկ Նազարյան․․․ ՓԱՌԻԿԸ․․․

Փառիկի մայրը հորս հորաքրոջ աղջիկն էր։ Նրանք քույր-եղբոր պես հարազատ էին միմյանց հետ, որից էլ բխել էր մեր՝ երեխաներիս մտերմությունը։

Փառիկի հետ իմ պատանեկան բուռն մտերմությունը սկսվեց նրա նկատմամբ իմ անթաքույց հիացմունքից։ Փառիկը բազմաշնորհ աղջիկ էր. սքանչելի բանաստեղծությունններ էր գրում, ձեռքի աշխատանքներ էր անում՝ արհեստավարժի հմտությամբ, դպրոցում փայլում էր բնագիտական և հումանիտար առարկաների մեջ, համալսարանում զարմացնում էր իր դասախոսներին՝ գիտելիքների իր պաշարով ու բացառիկ ուշիմությամբ, բարեհոգի էր, անմնացորդ նվիրված էր իր ընտանիքին, իր ընկերներին ու իր համայնքին, անուշ ու հմայիչ հումոր ուներ, որով թեթևացնում էր նոր հայրենադարձվածներիս հաճախ ծանր առօրյան, բայց այս բոլորին՝ ի զարմանս մեզ, հայտնվեց նաև սքանչելի, անզուգական երգող Փառիկը։ Ազգագրական և գուսանական երգերի Փառիկի կատարումները արժանացան ամենաբարձր գնահատականների՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ամերիկայի մեծ երաժիշտների կողմից։

80-ականների սկզբին, երբ նոր էինք հաստատվել ԱՄն-ում, Փառիկը հիմնեց ազգագրական երգերի փոքրիկ համույթ, որը կոչվում էր «Գորանի»։ «Գորանին», որում նաև ներառված էին մեր ընտանիքի անդամներից մի քանիսը, կարճ ժամանակում մեծ համբավ ու սեր վայելեց Լոս Անջելեսում։ Փառիկը նաև մենահամերգներով հանդես եկավ հայ և այլազգի հանդիսատեսների առջև, որոնցից հիշատակելու արժանի է Hollywood Bowl-ի 16000 հանդիսատեսների առջև հայկական իր երգերի կատարումը, որոնցից հատկապես «Քելե Լաոն» արժանացավ ջերմ ընդունելության։

Ցավոք, Փառիկը իր աշխատանքների բուռն շրջանում մեկը մյուսի հետևից կորցրեց սիրելի ընտանիքի մի քանի անդամների,  որոնք ծանրագույնս ազդեցին Փառիկի հոգեաշխարհի վրա։ Փառիկը որոշ ժամանակ դադարեց երգել և բավարարվում էր Հայ օգնության միությունում իր նվիրական աշխատանքով։ Վերջին մի քանի տարին Փառիկի մեջ կրկին արթնացել էր երգելու և իր արվեստը նոր սերնդին փոխանցելու իղձն ու մղումը, սակայն բախտը չարախնդաց նրան․ նա ախտորոշվեց քաղցկեղով, որը խլեց նրա այնքան սիրուն ու հարուստ կյանքը։

Այս համառոտ խոսքիս մեկնաբանության բաժնում կցում եմ Փառիկի մի քանի երգեր։ Լսեք այդ երգերը՝ խնդրում եմ և տվեք ձեր ողորմին՝ սեր, արվեստ ու բարություն հորդող այս գեղեցկագույն էակին»։