image
Հրատապ լուրեր:

«Մանկությունը՝ նշանառության տակ». ընդհատված կյանքերի վավերագրությունը ժամանակակից արվեստի հարթակում

«Մանկությունը՝ նշանառության տակ». ընդհատված կյանքերի վավերագրությունը ժամանակակից արվեստի հարթակում

Ժամանակակից Արվեստի Ինստիտուտում տեղի ունեցավ «Մանկությունը՝ նշանառության տակ» ցուցահանդեսի բացումը, որը վավերագրում է 2016-2023 թվականներին արցախյան հակամարտության տարբեր փուլերում զոհված հինգ երեխաների պատմություններ։ Այս երեխաների կյանքն ընդհատվել է տան կամ դպրոցի բակում՝ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով։

«Մանկությունը՝ նշանառության տակ» ցուցահանդեսը լուսանկարիչ Անի Գեւորգյանի եւ լրագրող Շուշան Փափազյանի համատեղ նախագիծն է։ Այն վավերագրում է արցախյան հակամարտության տարբեր փուլերը՝ սկսած 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից մինչեւ 2023-ի սեպտեմբերի բռնի տեղահանությունը, որոնց հետեւանքով տուժել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ։

Նախագծում փորձ է արվում հեռանալ կորստի բուն տեսարանից եւ ցույց տալ կյանքը, որ շարունակվում է  հիշատակներով։ 

Հեղինակները

Անի Գեւորգյան-լրագրող, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ Ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի խորհրդում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Բարսելոնայում, Վիեննայում եւ այլուր։ Ավելի քան տասը տարի զբաղվել է պատերազմական եւ հետպատերազմական թեմաների լուսաբանմամբ։

Շուշան Փափազյան- հակամարտություններ լուսաբանող լրագրող՝ 44-օրյա պատերազմից սկսած։ Արցախի վերջնական հայաթափումից հետո նա անդրադարձել է մի քանի հիմնական թեմաների, ինչպիսիք են՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի պատերազմում զոհված, խոշտանգված եւ անհայտ կորած զինծառայողների ու նրանց ընտանիքների՝ որպես պատերազմից վերապրողների պատմությունները, ինչպես նաեւ զինված հարձակումների կամ հրետակոծության զոհ դարձած խաղաղ բնակիչների վավերագրությունները։

«Արեւելք»-ը զրույցներ ունեցավ ցուցահանդեսի հեղինակների, համադրող Ռուբեն Արեւշատյանի, ինչպես նաեւ Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստաբան Նազարեթ Կարոյանի հետ։

Լուսանկարիչ Անի Գեւորգյանը նշում է, որ տարիներ շարունակ ինքն էլ, Շուշանն էլ լուսաբանել են հակամարտությունը՝ պատերազմ, զոհեր, բռնի տեղահանություն եւ հպանցիկ անդրադարձել են նաեւ երեխաների հարցին։ Սակայն մի որոշ շրջան համարում էին, որ դեռ պատրաստ չեն այդ թեմային ավելի խորությամբ մոտենալու, մինչեւ այն պահը, երբ հասկացան, որ թե՛ էմոցիոնալ, թե՛ մասնագիտական առումով այնքան են հասունացել, որ կարող են այս ծանր թեման առանձին ներկայացնել: «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնից» ստացած ենթադրամաշնորհի շնորհիվ նրանք հինգ ֆոտոպատմություն ստեղծեցին Արցախում ադրբեջանական հրետակոծությունների հետեւանքով զոհված երեխաների եւ նրանց ընտանիքների մասին:

Անի Գեւորգյան. «Նման ծանր իրադարձությունները հաղթահարվում են հիշելով, ապրելով եւ վերապրելով»

«Ես իմ կողմից՝ ֆոտովավերագրության ու ֆոտոշարքերի, իսկ Շուշանն իր կողմից՝ լրագրողական տեքստերի ուղղությամբ... Մենք տարբեր հարթակներից ենք շարժվել, լուսաբանել ենք. ես լուսանկարում էի, իսկ ինքը վարում էր հարցազրույցներն ու գրում պատերազմի հետ կապված տարբեր պատմություններ՝ զոհվածների, վիրավորների ճակատագրեր, սոցիալական խնդիրներ։ Այսինքն՝ մերձպատերազմական բոլոր ծանր խնդիրներին յուրաքանչյուրս մեր ֆորմատով անդրադարձել ենք։

Այնպես ստացվեց, որ ինչ-որ պահի երկուսս էլ, իրար չճանաչելով, սկսեցինք աշխատել իրավապաշտպան տիկին Ժաննա Ալեքսանյանի հետ, որ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության ղեկավարն է։ Տիկին Ժաննայի շնորհիվ ես ավելի մոտիկից ծանոթացա այս ուղղությանը եւ տարիներով զբաղվեցի դրանով՝ զգալով իմ ներդրումն ունենալու ցանկությունը։ Այդպիսով ծանոթացանք եւ որոշ պատմություններ միասին իրականացրեցինք։

Կային թեմաներ, որոնց շուրջ մտածում էինք, որ քանի որ երկուսս էլ ունենք անհրաժեշտ սթրեսակայունություն, իսկ մեր լրագրողական ու մարդկային էթիկայի պատկերացումները համապատասխանում են, կարող ենք միասին հանձն առնել այնպիսի նյութեր, որոնք միշտ հետաձգել էինք՝ մտածելով, թե դեռ պետք է հասունանան։ Եվ երբ ունեինք այսպիսի մի ցանկ, թե որ թեմաներն է հարկավոր ավելի խորությամբ բացել, համընկավ, որ հնարավորություն ստացանք Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փոքր ենթադրամաշնորհին արժանանալ։ Այն ուղղեցինք հենց այս նախագծին՝ ընտրելով ֆոտոպատմությունների ձեւաչափը. ծավալուն ֆոտոշարք եւ ընդարձակ տեքստ՝ մեկը մյուսով հարստացված։ Մի քանի ամիս աշխատեցինք դրա վրա, հրապարակեցինք նախ հայերեն, ապա անգլերեն եւ, ըստ էության, ավարտեցինք։

Սակայն հասկացանք, որ սա մի թեմա է, որին երկուսս էլ տարիներով ենք մոտեցել, եւ սա սովորական նյութ չէ, որ պարզապես հրապարակես ու անցնես՝ գիտակցելով, որ շատերի համար անգամ ընթերցելն է դժվար։ Մարդիկ կան, որ միայն վերնագիրը տեսնելով՝ հեռու են մնում, որովհետեւ սա իսկապես ցնցող է։ Մենք հասկանում ենք դա, քանի որ մարդկային է ծանր ապրումներից հեռու մնալը։ Ուստի սկսեցինք այլ ձեւաչափեր մտածել թեման նորից առաջ մղելու եւ հանրությանը ներկայացնելու համար։ Այդպես ծնվեց հենց ցուցահանդեսի գաղափարը, իսկ հետագայում ցանկանում ենք նաեւ ֆոտոգրքի տարբերակին հասնել, ինչը, անշուշտ, լրացուցիչ ժամանակ ու ռեսուրսներ է պահանջում։

Մենք անչափ շնորհակալ ենք Ժամանակակից արվեստի ինստիտուտին։ Ըստ էության, մենք դասական իմաստով արվեստագետներ չենք, սա լրագրողական նախագիծ է, բայց արվեստին ծառայող եւ այն զարգացնող այս կառույցը մեզ շատ ջերմ ընդունեց։ Կարելի է ասել, որ այս ցուցահանդեսով մենք որոշակիորեն օգտվում ենք ինստիտուտի բարձր հեղինակությունից։ Մի բան է ցուցադրվել սովորական մի սրճարանում կամ քիչ հայտնի սրահում, եւ բոլորովին այլ ու պարտավորեցնող է, երբ քեզ ընդունում են եւ համաձայնում քո նախագիծը համադրել (կուրացիա անել) նման հեղինակավոր անձինք։ Ռուբեն Արեւշատյանի հետ աշխատելը մեզ համար մեծ պատիվ էր։

Շատ ենք ուզում, որ մարդիկ իրենց մեջ ուժ գտնեն եւ գան նայելու, որովհետեւ նման թեմաներին անդրադառնալը թեթեւ զբաղմունքներից չէ։ Բայց պետք է հասկանանք, որ կյանքը միայն հեշտ թեմաների մասին չէ. կան մարդկային ու բարոյական նորմեր, որոնք դեռ ոչ ոք անվավեր չի հայտարարել։

Մեր գլխավոր պատգամն այն է, որ պատերազմի այս հետքերն ու ընտանիքների պատմությունները չեն պատկանում միայն իրենց։ Այս ամենը ապրել եւ այս միջով անցել ենք մենք բոլորս։ Այդ անձնական պատմությունների մեջ թաքնված է մեր ամեն մեկի պատմությունը։ Պարտադիր չէ, որ մեր անմիջական շրջապատում, Աստված հեռու պահի, զոհ կամ կորուստ լինի, որպեսզի այս ցավը համարենք մերը։ Մեզ համար չափազանց կարեւոր է հիշատակը, որովհետեւ հիշատակը հարգելն ինքնին մեծ առաքելություն է։ Մենք ուզում ենք, որ մարդիկ հիշեն եւ չխուսափեն դրանից։ Սա հաճելի թեմա չէ, բայց այն համամարդկային է, եւ չի կարելի մոռացության մատնելով փորձել շրջանցել կամ ցատկել այդ ամենի վրայով։ Ծանր իրադարձությունները հաղթահարվում են հիշելով, ապրելով ու վերապրելով։ Աչք փակելով՝ մենք կընկնենք մի այլ թակարդի մեջ, որը կարող է շատ վատ տեղ տանել»։

Շուշան Փափազյան. «Այս պատմությունները հիշեցնում են, որ վիճակագրության հետեւում չապրած մանկությունն է»

«2016 թվականից հակամարտությունների լուսաբանման ոլորտում ենք, Արցախի մասին անընդհատ գրում ենք։ Սակայն հոգեպես պատրաստ չէինք՝ ո՛չ ես, ո՛չ Անին, գրելու այն երեխաների մասին, ովքեր մահացել են դպրոցի կամ տան բակում։ 2023 թվականի վերջնական հայաթափումից հետո՝ արդեն 2024-ին, այդ պահը հասունացավ, եւ մենք որոշեցինք, որ կարող ենք անդրադառնալ այս թեմային։ 

Քանի որ երկար տարիներ աշխատում էինք այս թեմաներով, այցելում տարբեր ընտանիքների, մեզ փոխանցում էին նոր կոնտակտներ, եւ այդպես կարողացանք գտնել այն ընտանիքները, որտեղ երեխաներ էին զոհվել։ Ես ու Անին առանձին ցուցակներ ու մարդկային պատմություններ ունեինք հավաքած, եւ յուրաքանչյուր լրագրողական աշխատանքի ժամանակ փորձում ենք անդրադառնալ այս ընտանիքներին։ Քանի որ նախագիծը վավերագրում է 2016-2023 թվականների գրեթե բոլոր հակամարտությունները, ամեն պատերազմական շրջափուլից փորձել ենք ներկայացնել մեկ երեխայի պատմություն, որպեսզի կարողանանք ամբողջական պատկերն արտացոլել։

Մենք հաճախ մոռանում ենք, որ թվերի հետեւում մարդկային ճակատագրեր են, եւ մեր նախագծով փորձել ենք ցույց տալ, որ այդ թվերի թիկունքում Արցախում զոհված երեխաներն են։ Երբ խոսում ենք պատերազմի մասին, առաջնահերթ հիշում ենք ռազմադաշտն ու զինվորներին, բայց անտեսում ենք, որ դպրոցում կամ տան բակում երեխաներ են սպանվում։ Մեր հիմնական պատգամը հենց դա է՝ ցույց տալ այն լուսանցքը, որը սովորաբար դուրս է մնում ընդհանուր լուսաբանումից»։



Ռուբեն Արեւշատյան. «Իմաստավորել կորուստն արվեստի լեզվով»

Ցուցահանդեսի համադրող Ռուբեն Արեւշատյանն անդրադարձավ լրագրողական այս նախագծի հետ իր աշխատանքի առանձնահատկություններին եւ կորստի վերաիմաստավորմանը.

«Իմ համադրողական պրակտիկայում եղել են դեպքեր՝ թեեւ ոչ հաճախ, երբ աշխատել եմ լրագրողական նախագծերի հետ։ Սակայն նմանատիպ ծանր, ողբերգական թեմայի հետ աշխատանքը թերեւս առաջինն էր։ Ի սկզբանե բավականին դժվար էր կողմնորոշվել, թե ինչպես պետք է զատես, ինչպես ցուցադրես նյութը, որովհետեւ թե՛ ծավալն է մեծ, թե՛ ողբերգության չափը։ Սակայն հենց առաջին օրն անցած միտքս կիսեցի աղջիկների հետ. նրանք սկզբում զարմացան, բայց միանգամից հասկացան ասելիքս։ Այն է՝ ներկայացնել նյութն ամբողջական, պարզապես գտնել դրա ցուցադրման ճիշտ ձեւաչափը։

Կա նաեւ մի այլ հանգամանք. սա Ժամանակակից արվեստի ինստիտուտն է, իսկ արվեստը հնագույն եւ կարեւորագույն միջոցներից է՝ հաղթահարելու մահվան վախը կամ հենց մահը։ Այսինքն՝ այն օգնում է իմաստավորել կորուստը։ Նպատակն էր փոխել նյութի շեշտադրումը։ Յուրաքանչյուր պատմություն ներառում էր բազմաթիվ լուսանկարներ. կային պատկերներ, որոնք վերաբերում էին այն միջավայրերին, որտեղ այդ երեխաներն ապրել են, կամ որտեղ այժմ ծնողներն են ապրում՝ առանց իրենց երեխաների։ Անիի լուսանկարած այդ դրվագները խորապես ազդեցիկ էին եւ ուժգին արտահայտում էին կյանքի ողջ համատեքստը, այդ մարդկանց սոցիալական վիճակը, կորուստն ու մարդկային պատմությունը։ Ամենակարեւորը հենց մարդկային պատմությունն է։

Մենք այդ համադրումը վերածում էինք ընդհանրական պատմության ներկայացման՝ յուրօրինակ մի ժապավենի, որտեղ լուսանկարները հանդես են գալիս որոշակի հաջորդականությամբ։ Այժմ ամեն մի պատմության հետ կապված է մեկ առանցքային նկար, որն այդ փոխհարաբերության մեջ ձեւավորում է նոր փոխաբերական իմաստներ։ Արվեստագետն ու համադրողն այդ իմաստները տրամադրում են հանդիսատեսին, որպեսզի դիտողի մոտ սկսեն նոր ընկալումներ ձեւավորվել՝ այդպիսով վերաիմաստավորելով թե՛ կորուստը, թե՛ ողջ պատմությունը։

Բնականաբար, այստեղ կա նաեւ կյանքը շարունակելու հստակ շեշտադրում։ Կորստի հաղթահարումը հենց կյանքի շարունակությունն է»։

Նազարեթ Կարոյան. «Ցավի մասին պիտի արտահայտվես, որ արտահայտվելով ցավին իմաստ տաս»

Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանը մանրամասնեց ցուցադրության կարեւորությունը ինստիտուտի առաքելության եւ մասնագիտական պրակտիկայի տեսանկյունից.

«Հայաստանի ժամանակակից արվեստի ավանդույթների մեջ ընդունված է տեղ տալ ճնշվածին, սեղմվածին, մարգինալացվածին ու անտեսվածին՝ այն ամենին, ինչը մի տեսակ դուրս է մնում հասարակական ուշադրությունից կամ հալածված է իշխանությունների կողմից։ Այս տեսանկյունից, երբ դիտարկում ենք ներկայացված նյութը, այն ամբողջովին տեղավորվում է այդ կատեգորիայի մեջ։ Մյուս կողմից՝ եթե անդրադառնանք ավելի ֆորմալ կողմին, Շուշանի եւ Անիի իրականացրած աշխատանքը հետազոտական նախագիծ է՝ արվեստի, հասարակության ու լրագրության հատման տիրույթում։ Այսօրինակ միջբնագավառային հետազոտական աշխատանքն ու դրա ցուցադրությունը նույնպես առանցքային են մեր ինստիտուտի համար։

Մեր ասպիրանտական դպրոցը, որն այս պահին սառեցված է, ուներ տարբեր արվեստանոցներ։ Դրանցից մեկը ստեղծագործական-հետազոտական էր, որը ղեկավարում էր Ռուբենը եւ կոչվում էր «Հետազոտական հենքով արվեստի պրակտիկաների արվեստանոց»։ Այսինքն՝ հեղինակների կատարած աշխատանքն ինչ-որ չափով տեղավորվում է հենց այդ պրակտիկայի մեջ։ Դրա համար էլ այս նյութը ժամանակակից արվեստի համատեքստում տեղավորվում է ոչ միայն քաղաքական, այլեւ մասնագիտական առումով։ Այնպես որ, մենք հատուկ ջանք չենք թափել այս նյութն ընդունելու համար, այն լիովին համընկնում էր մեր սկզբունքներին։

Խնդիրը միայն ժամանակի սղությունն էր. ունեինք կառավարչական հարցեր, մեր ամբողջ տարին հագեցած էր ցուցահանդեսային նախագծերով, եւ միայն մեկ ազատ ամիս ունեինք, որը ցանկանում էինք տրամադրել սրահի տեխնիկական ու վերանորոգման աշխատանքներին։ Սակայն, երբ հեղինակները դիմեցին մեզ, սիրով ընդառաջեցինք։

Ինչ վերաբերում է ցուցադրության պատգամին՝ ցավի մասին պիտի արտահայտվես, որպեսզի արտահայտվելով ցավին իմաստ տաս։ Անհրաժեշտ է ցավը ներառել ավելի լայն իմաստային պարունակի մեջ, եւ դրանով իսկ այն դարձնել տանելի։ Ինչպես Ռուբենն ասաց, արվեստը տալիս է այդ իմաստներն ընդլայնելու հնարավորությունը, բայց չափազանց կարեւոր է, որ թեման խոսեցվի։ Լռելը, փակվելն ու մեկուսանալը հիվանդության, վշտի ու կորստի անհաղթահարելիության շարունակությունն են։ Այդ ցավը կարեւոր է մարդկային, մարդաբանական իմաստով. այն մշտապես հիշեցնում է մեր ով լինելու, կյանքի մեջ գտնվելու եւ արժեքների մասին։ Այն պետք է փոփոխություններ մտցնի մարդկանց գիտակցության մեջ, բայց միաժամանակ թույլ տա, որ կյանքը հնարավոր լինի»։