Լիբանանցի գեղանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Նադիմ Քարամի «Երեք փղեր» պողպատյա քանդակախումբը Երևանի Սիրահարների այգում բացվեց 2017թ. մայիսին, հեղինակի ներկայությամբ։ Փղերի արձանները՝ 0.9մ, 1.5մ և 3մ բարձրություններով, ձեռք են բերվել Պողոսյան հիմնադրամի համաղեկավար, գեղանկարիչ և ճարտարապետ Ժան Պողոսյանի նախաձեռնությամբ ու միջոցներով։
Քանդակների ծակոտկեն մակերեսների հարուստ նախշերը գաղափարների, երազների, հուշերի կաղապարներ են, որոնք ամեն մեկն ազատ է յուրովի լցնելու (մեկնաբանելու)։ Քարամը հավատացած է, որ քանդակները կենդանի օրգանիզմներ են, և որ արվեստը՝ քաղաքային միջավայրերին էներգիա ներարկելով, կարող է վերհանել երազանքներ, արթնացնել հուշեր։
«Փղերի ընտանիքի» ժամանակակից արձանախմբի բացմանը հեղինակը տեղացի լրագրողներին իր համոզմունքը փոխանցելով նշել է, որ հիշողության արժեքը շատ լավ իմացող հայերը կըմբռնեն ավանգարդիստական ոճի այս կոմպոզիցիան: Քանդակները Սիրահարների այգում իրարից մի փոքր հեռու՝ բլրակների վրա են: Նադիմ Քարամը սկզբում փղերը միասին էր ուզում տեղադրել, բայց այգու տեղանքին ծանոթանալով, առանձին դիրքը ճիշտ համարեց. «Որովհետև սա Սիրահարների այգի է, և այստեղ մարդիկ դեռ պիտի պահմտոցի խաղան, հետո նոր գտնեն իրար, սիրեն, ամուսնանան և զավակներ ունենան»:
Պողոսյան հիմնադրամ
Լուսանկարները՝ Սուրեն Մանվելյանի