ԱՄՆ-ում 94 տարեկանում կյանքից հեռացել է հայ նշանավոր գործիչ, գրող, հրապարակախոս, աշխարհում առաջին կին դիվանագետ Դիանա Աբգարի թոռնուհին՝ Լյուսիլ Աբգարը: Մահվան լուրը հաղորդել է Հայ կանանց միջազգային ասոցիացիայի Սան Ֆրանցիսկոյի մասնաճյուղը (AIWA-SF):
Լյուսիլ Աբգարը հոր հետ Ճապոնիայից ԱՄՆ է տեղափոխվել 1940-ականներին՝ Դիանա Աբգարի մահից հետո: Նա իր տատիկի՝ 1919-1920 թվականներին Ծայրագույն Արեւելքում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ Դիանա Աբգարի հուշերն ընտանեկան արխիվում գտել է ԱՄՆ տեղափոխվելուց շատ ավելի ուշ՝ 2002-ին եւ հրապարակել 2004-ին: From the Book of One Thousand Tales: Stories of Armenia and Its People, 1892-1922 խորագրով գիրքը Դիանա Աբգարի՝ հայոց պատմության, հատկապես ցեղասպանության մասին տասնյակ գրքերից մեկն է:
Լյուսիլ Աբգարն ամբողջ կյանքում ԱՄՆ-ում ներկայացրել է իր նշանավոր տատի գործունեությունը՝ Բրիտանական Հնդկաստանից մինչեւ Ծայրագույն Արեւեւլքի երկրներ, որտեղ նա աչքի է ընկել իբրեւ շնորհալի դիվանագետ եւ մտավորական:
Երբ 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանը վերականգնեց իր պետական անկախությունը, ոչ մի երկիր չշտապեց այն ճանաչել։ Եւ միայն 1920 թվականին, ի շնորհիվ Դիանա Աբգարի ջանքերի, Ճապոնիան դարձավ առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչեց հայակական Առաջին Հանրապետության անկախությունը։