Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեան շնորհաւորած է Տոնպասի ժողովուրդը պատմական իրադարձութեան առիթով․
«Արցախի Հանրապետութեան իշխանութիւնների ու ժողովրդի անունից ողջունում եմ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլատիմիր Փութինի որոշումը` ճանաչել Տոնեցքի եւ Լուկանսքի Ժողովրդական Հանրապետութիւնների անկախութիւնը:
Ազգերի ինքնորոշման եւ սեփական պետութիւն կառուցելու իրաւունքն անքակտելի է իւրաքանչիւր ժողովրդի համար եւ հանդիսանում է միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունք:
Անկախ պետականութեան կերտումը եւ նրա միջազգային ճանաչումը հրամայական է դառնում յատկապէս գոյաբանական վտանգների ներքոյ, քանի որ այն բաւականին ազդեցիկ ու քաղաքակիրթ միջոց է արիւնահեղութեան եւ մարդասիրական աղէտի կանխարգելման համար:
Արցախի Հանրապետութիւնը տասնամեակներ շարունակ պայքարում է իր ազատութեան, անվտանգութեան ու պետականակերտման համար եւ ստիպուած է եղել բազմիցս անցնել ծանր փորձութիւնների ու ցեղասպան գործողութիւնների միջով: Ուստի, համոզուած ենք, որ Արցախի Հանրապետութիւնը, որն ունի համապատասխան պատմական, քաղաքական, իրաւական ու բարոյական անվիճարկելի հիմքեր, վաստակել է իր ինքնիշխան պետութեան միջազգային ճանաչումը:
Շնորհաւորում ենք Տոնպասի ժողովրդին այս պատմական իրադարձութեան կապակցութեամբ: Յոյսով ենք, որ երբեմնի ծաղկող այս երկրամասում կրկին կը վերահաստատուի ամուր խաղաղութիւն եւ կայունութիւն»: