image

Կրոնական գործչի նվիրական ճանապարհ. Տեր Հովսեփ Ավագ Քահանայի ծննդյան 75-ամյակը

  Կրոնական  գործչի նվիրական ճանապարհ. Տեր Հովսեփ Ավագ Քահանայի ծննդյան 75-ամյակը

Մեր եկեղեցու կամարների ներքո իր առաքելությունը նվիրական շունչով իրականացրած արժանապատիվ Տեր Հովսեփ Ավագ Քահանան նշեց իր յոբելյանը՝ 75-ամյակը։Այս առիթով՝ երկարակեցության և արևաշատ օրերի մեր մաղթանքները միացնելով «Արևելք»ի ընթերցող հասարակությանը, ներկայացնում ենք Սիրելի Տեր Հոր կենսագրությունը՝ մաղթելով նրան բեղուն տարիներ և Քրիստոսի նվիրական խոսքը տարածելու արևաշատ օրեր։

 

Արժանաշնորհ Տեր Հովսեփ Ավագ Քահանա Հակոբյանը ծնվել է Սեպտեմբերի 7-ին, 1950, Էջմիածին քաղաքում, Հայաստան:

1960-62 թվականերին հաճախել է Էջմիածին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին:

1962-ի Սեպտեմբերին ընդունվել է Սուրբ Էջմիածնի Հոգևոր Ճեմարան:

1967-ին ձեռամբ Մայր Տաճարի Լուսարարապետ՝ Գերշ․ Տ․ Հայկազուն Արքեպս․ Աբրահամյանի ձեռնադրվել է Սարկավագ:

1968-ին ավարտել է Հոգևոր Ճեմարանը և նույն տարվա Հունիս ամսին նշանակվել Կաթողիկոսարանի Քարտուղար:

1970-1972 թվականներին կամավորաբար ծառայել է Խորհրդային բանակում և վերադառնալով շարունակել է իր աշխատանքը իբրև Կաթողիկոսարանի քարտուղար։

1974-ի Փետրվարի 16-ին ամուսնացել է Մերի Մանվելյանի հետ:

1974-ի Դեկտեմբերի 22-ին Մայր Աթոռում ձեռնադրվում է ամուսնացյալ Քահանա և 1975-ի Մարտին նշանակվում Էջմիածին քաղաքի Սբ․ Հռիփսիմե վանքում իբրև ծիսակատար, միաժամանակ շարունակելով Կաթողիկոսարանի քարտուղարի պաշտոնը:

1977-ին Տեր Հոր ընտանիքը բախտավորվում է արու զավակով, որին ի հիշատակ իր վաղամեռիկ եղբոր՝ անվանակոչում են Խաչատուր:

1978-ի Մայիսին իբրև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ, Տեր Հայրը Անանիա Վարդապետի հետ մասնակցում է Հյուսիսային Ամերիկայի Արևելյան Թեմի Հոգևորականաց Համագումարին, այցելելով նաև Կանադայի Թեմը։ 

Ամերիկայից վերադարձին նա Սբ․ Հռիփսիմե վանքից տեղափոխվում է Մայր Տաճար իբրև ծիսակատար, սակայն Սեպտեմբեր ամսին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Նորին Սրբություն Տ․ Տ․ Վազգեն Ա, Հայրապետի բարձր կարգադրությամբ, նշանակվում է Էջմիածին քաղաքի Սրբ. Աստվածածին եկեղեցու պատասխանատու, ապա՝ Վանահայր, միաժամանակ շարունակելով իր պաշտոնը իբրև Կաթողիկոսարանի քարտուղար։ 

1979-1993 թվականներին Վեհափառ Հայրապետի գիտությամբ և հրամանով, Տեր Հայրը ստեղծում է նախապատրաստական դպրոց բաղկացած 9-14 տարեկան փոքրիկներից ու պատանիներից։ Դպրոցի նպատակն էր պատրաստել եկեղեցական արարողություններին որոշ չափով գիտակ պատանիներ Հոգևոր Ճեմարանների համար։ Տեր Հայրը այդ փոքրիկներից կազմել է մի երգչախումբ, որոնք տարբեր հանդեսների ընթացքում ելույթներ են ունեցել կազմակերպված Մայր Աթոռի կողմից, ինչպես Վարդանանց և այլն։ 

Այդ պատանիներից շատերը տարբեր տարիներին սովորել և ավարտել են Սուրբ Էջմիածնի, Վազգենյան Դպրանոցի ու Շիրակի Ընծայարանի դասընթացները, ոմանք արդեն հոգևորականներ են, կուսակրոն կամ ամուսնացյալ, ոմանք Սարկավագներ և ծառայում են թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում և թե՛ արտասահմանյան մի շարք երկրներում։ 

Տեր Հայրը տարբեր տարիներին Վեհափառ Հայրապետի կողմից պարգևատրվել է «Քահանայական լանջախաչ»-ով և «Ծաղկյա փիլոն»-ով։ 

1991 թվականի Ապրիլին, Նորին Սրբության հրամանով և Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նորին Ամենապատվություն Տ․ Թորգոմ Արքեպս․ Մանուկյանի հանձնարարությամբ, Տեր Հայրը պատասխանատվություն է ստանձնել երեխաներ նախապատրաստելու և ուղարկելու Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարանում ուսանելու, որը և կատարել է ամենայն բարեխղճությամբ, առնվազն 60 երեխաներ ուղարկելով Երուսաղեմ 1991 հոկտեմբերին և 1992-ի Ապրիլին։ 

1994-ի Սեպտեմբերին Կաթողիկոսական Տեղապահ և Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նորին Ամենապատվություն Տ․ Թորգոմ Արք․ Մանուկյանի կարգադրությամբ նշանակվել է Ազգային Եկեղեցական Ժողովի նախապատրաստական Հանձնախմբի պատասխանատու՝ նախագահ ունենալով Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմի Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ․ Վաչե Արքեպս․ Հովսեփյանին։ 

1994-ի Դեկտեմբերին Տեր Հայրը ընտանյոք տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ և 1995-ի Հուլիս ամսից մինչև այսօր շարունակում է իր հոգևոր ծառայությունը Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմում։ 

 

1995 թվականի Օգոստոս ամսից Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմի Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ․ Վաչե Արքեպս․ Հովսեփյանի հրահանգով և Թեմական Խորհրդի որոշումով ընդունվել է աշխատանքի Առաջնորդարանում իբրև Առաջնորդի օգնական և այցելու հովիվ։ Առաջնորդ Հոր կարգադրությամբ մի քանի ամիսներ շաբաթը երկու անգամ եկեղեցում շարականներ է սովորեցել Փասադենայի Հովսեփյան ամենօրյա Վարժարանի սաներին։ 

1996 թվականի Դեկտեմբերի 15-ին ընտրվել է իբրև Հոգևոր Հովիվ Քուփըրթինոյի Սբ․ Անդրեաս Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և ծառայել մինչև 1997 թվի Հունիս ամիսը, որից հետո վերադարձել է Առաջնորդարան իր նախկին պաշտոնին, շարունակելով իր ծառայությունը իբրև այցելու հովիվ։ 

2003 թվականի Հունիսի 8-ից Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմի նորընտիր Առաջնորդէ Գերաշնորհ Տ․ Հովնան Արքեպս․ Տերտերյանի կարգադրությամբ նշանակվել է Քրսեսենթա Հովիտի Հայց․ Առաքելական Եկեղեցու Հոգևոր Հովիվ, կենտրոն ունենալով Թահանգա քաղաքը, միաժամանակ Ասռաջնորդարանում շարունակելով իր աշխատանքը։ Կարճ ժամանակվա ընթացքում Առաջնորդ Հոր աջակցությամբ Տեր Հայրը Եկեղեցում կազմակերպել է Կիրակնօրյա և Շաբաթօրյա վարժարանների, Երաժշտական Դպրոցի ստեղծումը և մանավանդ երիտասարդների Միությունը։ 

2003 թվականի Օգոստոսի 27-ին Սրբազան Հոր օրհնությամբ կամակերպել է Սուրբ Էջմիածնի Գէորգյան Ճեմարանի Սանուց Միությունը, նպատակ ունենալով Կալիֆորնիայում և այլ երկրներում բնակվող տարբեր տարիներին սովորած և ավարտած սաների միջոցով օգնել Ճեմարանի այսօրվա աշակերտության, թե՛ նյութապես և թե՛ բարոյապես։ Տեր Հայրը կանոնավորապես շաբաթը երկու անգամ տարբեր օրերին նշանակվել է Գլենդելի Սբ․ Աստվածածին և Թահանկայի «Ֆրենդլի» առողջապահական կենտրոնների այցելու քարոզիչ, մեր մայրերին ու հայրերին բաշխելով իր օրհնությունը։ 

2004 թվականի Հունիսից Տեր Հայրը նշանակվել է նաև Լա Կանիատայի նորաստեղծ Ծուխի Հոգևոր Հովիվ։

2004 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Նորին Սրբություն Տ․ Տ․ Գարեգին Բ․ Հայրապետի Սրբատառ Կոնդոկով արժանացել է «Ավագ Քահանայության» պատվին։ 

2006 թվականի Հունիս և Հուլիս ամիսներին Տեր Հայրը մասնակցել է Clermont School of Theology համալսարանի վերապատրաստման երեք տարբեր խտացյալ դասընթացներին “Pastoral Care and Spiritual Formation, Pastoral Leadership and Administration and Practice of Preaching անունը կրող դասանյութերին և հաջողությամբ վերջացնելով դրանք, ստացել մասնավոր մասնակցության վկայական։ 

2005 թվականից սկսած Թահանգայի, Սենլանդի, Գլենդելի, Բրբենկի, Լա Քրեսենթայի և Մոնթրոզի հավատացյալների համար Առաջնորդարանի աշխատակից Հայկ Մադոյանի հետ սկսել է «Քրիստոնեական Դաստիարակություն» հաղորդաշարը, որի նպատակն էր պարզ մեկնաբանություններով բացատրել մեր ժողովրդին Հայ Եկեղեցու դիրքն ու դավանանքը այլ եկեղեցիների հետ։ Հաղորդաշարը սփռվել է Լոս Անջելոսի հեռուստատեսային տարբեր ալիքներով ավելի քան 13 տարիներ շարունակ։ 

2007 թվականից սկսած այս հաղորդաշարը սփռվում էր Լոս Անջելոսի զանազան քաղաքներում «Աստծու խոսքը» անվան տակ։ Տեր Հորը և Հայկին միացել էին երկու աշխատակիցներ՝ Սբ․ Գրքի սերտողության քրիստոնեական դաստիարակության բաժնի տնօրեն՝ Մաշտոց Ջոբանյանը և Գևորգյան Ճեմարանի Սանուց Միության Ատենապետ՝ Բրշ․ Համլետ Սրկ․ Մեհրաբյանը, որոնք կես ժամ տևողությամբ միասին մեկնաբանում էին Կիրակի օրվա Ճաշու Ավետարանը։ 

«Հայ եկեղեցու դերը մեր կյանքում» անվան տակ 2007 թվականից սկսած Տեր Հայրը և վերոհիշյալ անձինք մի այլ ալիքով ամեն շաբաթ առավոտյան հերթականությամբ երկու հոգով կես ժամ տևողությամբ պարզ բացատրություններ էին տալիս հավատացյալ ժողովրդին մեր Եկեղեցու անցած պատմության, դավանանքի, ծեսի, սրբերի և այլ հարցերի մասին։ Եվ այսպես շարունակ հեռուստատեսային ծրագրերը շարունակվեցին ավելի քան 13 տարիներ։ Դժբաախտաբար դրամական նեղության պատճառով 2017 թվականի Օգոստոսից այս հաղորդումները դադարեցվեցին։ 

2012 թվականի Հունիսին Առաջնորդ Սրբազան Հայրը Տեր Հորը տեղափոխում է Առաջնորդարան, իր վրայից վերցնելով Քրեսենթա Հովիտի Հոգևոր Հովվի պարտականությունները, այնտեղ նշանակելով համեմատաբար ավելի մի երիտասարդ քահանայի։ 

Տեր Հայրը շարունակում է իր ծառայությունը իբրև «Արարատ Տան» քարոզիչ, այցելու Հովիվ և արխիվի պատասխանատու։ 

Տեր Հայրը տարբեր տարիներին հրատարակել է շուրջ 16 պարզ քարոզագրքեր, որոնք մինչև այսօր լայն տարածում ունեն հավատացյալ ժողովրդի մեջ՝ թե՛ Հայրենիքում և թե՛ Լոս Անջելոսում։ 

2015 թվականից Տեր Հայրը Արևմտյան Թեմի ընդունված կարգի համաձան անցել է թոշակի, սակայն նույն աշխուժությամբ դեռևս շարունակում է իր ծառայությունը, իր նպաստը բերելով մեր հավատացյալ ժողովրդին։

Տեր Հայրը ավելի քան 50 տարի է, սկսած 1974 թվականից ծառայում է Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն