Տեղեկատվական տեխնոլոգիաները հեղաշրջել են մեր ապրելու, հաղորդակցվելու եւ սովորելու կերպը:
Այսօր աշակերտները ցանկություն ունեն կրթություն ստանալու ժամանակակից եւ գրավիչ մեթոդներով: Ավանդական դպրոցները փոխվելու, նոր ժամանակներին համընթաց քայլելու մարտահրավերի առաջ են կանգնած: Վաղ թե ուշ բոլոր դպրոցներն ընտրելու են արդիական, նորաշունչ եւ գրավիչ ուսուցումը:
Հայկական համացանցային համալսարանի հիբրիդ (խառը) կրթական ծրագիրն ուսուցման արդի ոճի կիրառման լավագույն միջոցն է: Այս ծրագիրը համատեղում է ավանդական եւ առցանց կրթությունը՝ ավանդական ուսուցման մեթոդները հարստացնելով նորագույն տեխնոլոգիաների վրա հիմնված մուլտիմեդիա ռեսուրսներով: Ծրագիրն առաջին անգամ կիրառվել է 2009 թվականին՝ Շարժայի (ԱՄԷ) Օհանեսյան հայկական դպրոցում: 2009 թվականից առ այսօր ՀՎՀ-ի հիբրիդ (խառը) կրթության ծրագիրը հաջողությամբ իրականացվել է 58 հայկական համայնքներում եւ դպրոցներում՝ Լատինական Ամերիկայից մինչեւ Վրաստան եւ Կանադայից մինչեւ Ռուսաստան:
Հայկական համացանցային համալսարանի դասընթացներին կարող են մասնակցել ամբողջական դասարաններ: Նախնական համաձայնությունը ձեռք է բերվում համալսարանի եւ դպրոցի/համայնքի պատասխանատուների միջեւ, այնուհետեւ սկսվում է դասարանի ուսուցչի եւ Հայկական համացանցային համալսարանի հեռավար դասախոսի միջեւ համագործակցությունը: Այն շարունակվում է ողջ ուսումնական շրջանի ընթացքում եւ միտված է ապահովելու ուսանողների ուսման արդյունավետությունը եւ բարձր առաջադիմությունը:
Մասնակցության համար տեխնիկական պահանջները հետեւյալն են՝ ինտերնետ կապ, համակարգչային սրահ կամ դասարան, մեկ համակարգիչ մեկ աշակերտի համար կամ պրոյեկտոր/էկրան ամբողջ դասարանի համար:
Հայկական համացանցային համալսարանի այս բացառիկ կրթական ծրագրի մասին մանրամասն՝ Հայկական համացանցային համալսարանի պատրաստած տեսանյութում.