Սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության թանգարանում կգործի «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով աննախադեպ միջազգային ցուցահանդեսը, տեղեկանում ենք պատմության թանգարանից։ Այս բացառիկ ցուցահանդեսի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում կցուցադրվեն Լուվրի թանգարանի հավաքածուներից տասնվեց ուշագրավ ցուցանմուշներ, որոնք կհամադրվեն Հայաստանի պատմության թանգարանի երկու տասնյակից ավելի արժեքավոր թանգարանային առարկաների հետ:
Լուվրի թանգարանից փոխառված ցուցանմուշներից են Հովնան մարգարեի պատկերով գործվածքը (4-5-րդ դդ․, Եգիպտոս), խաչի ու ձկան քանդակը (5-7-րդ դդ., Եգիպտոս), մասանց պահարանը (5-րդ դ., Իտալիա), Գանեի սկիհը (6-7-րդ դդ․, Բյուզանդական կայսրություն) և արծաթյա դրվագազարդ ապարանջանը (12-13-րդ դդ․, Բյուզանդական կայսրություն), բյուզանդական աստվածամոր սրբապատկերը (15-րդ դ., Կրետե), խաչելության տեսարանով սրբապատկերը (19-րդ դ., Երուսաղեմ), որոնք կհամադրվեն Հայաստանի պատմության թանգարանում պահվող Դվինի թևավոր խաչի (7-րդ դ.), Սևանի Սուրբ Առաքելոց եկեղեցու փայտե խոյակների (9-րդ դ.), շքեղ փորագրություններով դռան (15-րդ դ.), Անիի բուրվառներից մեկի (13-րդ դ.), Բաղեշի Սբ. Հովհաննես վանքի խորանախաչի (1770 թ.), Գավառի Սբ. Հովհաննես եկեղեցու վարագույրի (19-րդ դ.) և այլ արժեքավոր ցուցանմուշների հետ։ Առանձնակի է ներկայացվելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից փոխառված Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքարանը։ Երկու հավաքածուների համատեղ ցուցադրությունը նպատակ ունի ընդգծելու Հայաստանի և քրիստոնյա Արևելքի բազմադարյա գեղարվեստական ժառանգության ամբողջ հարստությունն ու բազմազանությունը։
Այս առարկաներն ունեն լայն աշխարհագրական ընդգրկում (Բուլղարիայից Եգիպտոս, Կրետեից Սիրիա) և թվագրվում են 4-րդ դարից մինչև 19-րդ դարերով: Դրանք բացահայտում են փոխկապակցված արևելաքրիստոնեական աշխարհում կատարման եղանակների, վարպետների, պատկերագրության և մոտիվների փոխանակման կարևորությունը և այն կապերը, որ առկա են արևելաքրիստոնեական քաղաքակրթության և դրան նախորդած ժամանակաշրջանի (հատկապես՝ Հռոմեական կայսրության), ինչպես նաև իսլամական աշխարհի հետ: Այսպիսով՝ ցուցահանդեսը նպատակ ունի ընդգծելու ոչ միայն քրիստոնյա Արևելքի յուրաքանչյուր մշակույթին բնորոշ ինքնատիպ գեղարվեստական արտահայտչաձևերը, այլև (և գուցե հենց սա է ցուցադրության կարևորությունը) դրանց ընդհանուր գծերը, փոխառնչությունները և համընկնման կետերը։ Յուրատեսակ ցուցադրական միջավայրում ներկայացվող այս հավաքածուները ոչ միայն համաքրիստոնեական հոգևոր մշակույթի, այլև համաշխարհային մշակութային ժառանգության իսկական գլուխգործոցներ են: Ցուցահանդեսով սկիզբ է դրվելու Հայաստանի պատմության թանգարանի և Լուվրի թանգարանի համագործակցության նոր ձևաչափին՝ հիմնված անցյալ տարի երկու հաստատությունների միջև կնքված հուշագրի վրա։ Ցուցահանդեսը բացվելու է ՀՀ անկախության տոնին, որը խորհրդանշական է Հայաստանի՝ որպես առաջինը Քրիստոնեությունը պետականորեն ընդունած և խոր քրիստոնեական արժեհամակարգ ունեցող երկրի համար։ Ցուցադրությունն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և Լուվրի թանգարանի համագործակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Ցուցադրությունը կգործի մինչև 2026 թվականի մարտի 21-ը։