image

Կարեն Դուրգարյան. «Ռահբանիների արվեստը նաև հայկական հիմք ունի»

Կարեն Դուրգարյան. «Ռահբանիների արվեստը նաև հայկական հիմք ունի»

Այսօր  արաբական աշխարհի երաժշտասերները տոնում են միջազգային ճանաչում ունեցող արաբ երգչուհի Ֆեյրուզի ծննդյան 80-ամյակը:  Ֆեյրուզը համարվում է լիբանանյան ժողովրդական երգի ամենանշանավոր անունը: Երգչուհին ծնվել է Լիբանանում, ուղղափառ ասորի ընտանիքում,   ունեցել է աղքատ մանկություն, փոքր տարիքից երազել է երգչուհի դառնալու մասին: Երիտասարդ տարիքում Ֆեյրուզին նկատել են արաբական արվեստում մեծ անուն ունեցող  Ռահբանի եղբայրները: Ֆեյրուզը սկսել է համագործակցել նրանց հետ, այնուհետև ամուսնացել է եղբայրներից մեկի` նշանավոր երգահան Ասի Ռահբանիի հետ: Ֆեյրուզը  և Ռահբանի ընտանիքը մեծ կապեր են ունեցել հայ արվեստագետների հետ` նրանց տան մշտական հյուրերն են եղել Արամ Խաչատրյանը, Ալեքս Մնակյանը, սփյուռքահայ բազմաթիվ արվեստագետներ:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական ղեկավար և  գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը նույնպես մտերիմ է Ֆեյրուզի և նրա արվեստագետ որդու` Զիադ Ռահբանիի հետ (լուսանկարում): Նա ղեկավարել է Ֆեյրուզի համերգը` Դուբայում, ինչպես նաև 2013 թվականին  հայ երաժշտի ղեկավարությամբ Ֆեյրուզը երգել է  Բաալբեքի միջազգային փառատոնում: Կարեն Դուրգարյանը Ռահբանիների հետ միասին մասնակցել է նաև համաշխարհային միասնական նվագախմբի ելույթներին:

«Արեւելքի» հետ զրույցում Կարեն Դուրգարյանը նշեց, որ մեծ անուն ունեցող այս արվեստագետները, որոնք հայ ժողովրդի  բարեկամներն են,  անհրաժեշտ կերպով ճանաչված չեն Հայաստանում, այն դեպքում, երբ նրանք աշխարհի բոլոր նշանավոր բեմերն են նվաճել և համաշխարհային փառք են ձեռք բերել. «Բազմիցս խոսել եմ  նրանց հետ այդ մասին, Ֆեյրուզի  երազանքներից մեկն է   գալ Հայաստան, և մենք իրականացնելու ենք դա: Իհարկե, մենք փորձելու ենք, որ Ֆեյրուզն  առաջին անգամ Հայաստանում լինի իբրև հյուր,  ոչ թե` համերգով: Նա շատ կապված է հայերի հետ:  Իր աշխատողների մեջ բազմաթիվ հայեր  կան,  իր ուսուցիչը հայ է եղել, Ռահբանիների  թատրոնում հայեր են եղել, նրա  խոհարարը հայ է, Ֆեյրուզի որդու` Զիադի տանը պատի վրա Կոմիտասի, Արամ Խաչատրյանի նկարներն են կախված, Կոմիտասի, այլ նշանավոր  հայերի մասին գրքերն են նրանց սեղանին, որոնք  կարդացել են, և այդ ամեն ինչը հպարտություն է դարձել այս ընտանիքի համար»:

Լիբանանում և արաբական աշխարհում հայտնի Ռահբանիների երաժշտական թատրոնը 1960-ականներից մինչև այսօր մեծ գործունեություն է ծավալում  Լիբանանում` հյուրախաղեր ունենալով նաև շատ երկրներում: Խոսելով Ռահբանիների մասին` Կարեն Դուրգարյանն ասաց, որ նրանց հիմնած երաժշտական ժանրն իր հիմքում կապ ունի հայկական ժողովրդական երգի և պարի թատրոնի հետ:  «Ռահբանինների սկիզբը եղել է Թաթուլ Ալթունյանը: Նրանք Լիբանանում տեսել են Թաթուլ Ալթունյանի երգի և պարի անսամբլի համերգը և, ոգեշնչվելով, հիմնել են իրենցը, աշխատել են այդ ուղղությամբ և զարգացրել` դառնալով արաբական արվեստում  այդ ժանրի  հիմնադիրը: Ռահբանիների արվեստը կապված է հայ մշակույթի հետ, և դա շատ ուրախալի է»,-մեր զրույցի ընթացքում նշեց Կարեն Դուրգարյանը:



 

«Ֆեյրուզը սիրո, աղոթքի երգիչ է: Նա իր ողջ արվեստով եղել է խաղաղության առաջամարտիկ»,-արաբ հայտնի երգչուհու ծննդյան 80-ամյակի առթիվ ասաց Կարեն Դուրգարյանը:

Խոսելով հայ-արաբական հարաբերությունների մասին` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորն ասաց, որ արաբ ժողովուրդը միշտ եղել է հայ ժողովրդի բարեկամը. «Այն ծանր ու  դժբախտ օրերը, որ հայ ժողովուրդն ապրել է  20-րդ դարում, մեր ժողովրդի հետ կիսել են արաբները: Նրանք սիրով են ընդունել հայերին,  մենք չենք կարող դա մոռանալ: Այդ մարդիկ մեզ ընդունել են, որովհետև նրանք նույնպես ապրել են ջարդ ու կոտորած և նաև` թուրքերի կողմից: Հետագայում էլ, նրանք մնացել են հայերի բարեկամը:  Ես բազմիցս եղել եմ թե' Սիրիայում, թե' Լիբանանում, երբեք չեմ զգացել օտարության զգացում հայերի ու արաբների միջև: Այսօր աշխարհն այնպիսին է, որ  հաճախ ընկալվում է, թե  արաբը, լինելով մահմեդական, թշնամի է քրիստոնյանին, մեզ: Ցավոք, մեծ քաղաքականության պատճառով մենք ունենք այն, ինչ որ ունենք»:

Մեր զրուցակիցը նաև նշեց նաև  այն մեծ դերի մասին, որ արվեստն ունի պատերազմների դեմ և խաղաղության տարածման առումով:  Եթե շատ արվեստագետներ իրենց պարտքն են համարում երգել մարդկության համար ծանր օրերին, շատերն էլ, պարզապես ծանր տանելով արհավիրքները, լռում են:

«Մադամ Ֆեյրուզը շատ տարիներ չի երգել միայն այն պատճառով, որ պատերազմ է,  և այդ պատերազմների պատճառով մենք չենք կարողացել հաղորդակցվել այն արվեստին, որ պարծանքն է Լիբանանի և ողջ արաբների և համամարդկային նշանակություն ունի: Որովհետև արվեստագետը միշտ չէ, որ կարող է ելույթ ունենալ, երբ որ իր ազգը, կամ իր երկիրը, կամ հարևանը պատերազմի մեջ են: Նույնը`   Զիադ Ռահբանին: Ես բազմից հարցրել եմ նրան` ինչո՞ւ համերգ չի ունենում, ասում էր պատերազմ է, ինչպե՞ս համերգ տամ: Ցավոք պատերազմը խանգարում է, բայց  մյուս կողմից էլ նրանք այն արվեստագետներն են, որ իրենց երգերով, երաժշտությամբ միայն   սեր և խաղաղություն են քարոզում»,-նշեց մեր զրուցակիցը: