Հայտնի է, որ Շառլ Ազնավուրի պապը՝ Միսակ Ազնավուրյանը, Վրաստանում է թողել իր կնոջն ու աղջիկներին եւ գերմանացի մի կնոջ հետ գնացել Փարիզ: Նա որոշ շրջանակներում հայտնի խոհարար էր եւ կյանքի վերջին տարիներն ընտանիքի հետ անցկացրել է Փարիզում եւ մահացել 1938 թվականին։
Միսակ Ազնավուրյանի առաջին կինը՝ Հայկանուշը, աղջիկների հետ գաղթել է Խորհրդային Հայաստան: Երբ Շառլ Ազնավուրն առաջին անգամ քրոջ՝ Աիդայի Հայաստան է այցելել, նրանք հանդիպել են իրենց տատիկին եւ հորաքույրներին: Այդ մասին ե՛ւ Շառլ Ազնավուրը ե՛ւ Աիդա Ազնավուրը, գրել են իրենց հուշերում:
Հետագայում Հայաստան են այցելել նաեւ Շառլի հայրը (կնոջ հետ), որ նույնպես հանդիպել է իր մորը եւ քույրերին: Այդ մասին նույնպես պատմում է Աիդա Ազնավուրը՝ իր հուշերում:
Հայաստանի Ազգային Արխիվում պահպանվել է տեսանյութ, թե ինչպես են Շառլ եւ Աիդա Ազնավուրյանները 1964 թվականին Երեւանում հանդիպում իրենց տատիկին եւ մյուս հարազատներին: Նրանց տոմսեր են տրամադրում եւ տատիկն ու հարազատները ներկա են լինում Շառլի երեւանյան համերգին:
Ազգային արխիվի տեսանյութում երեւում են նաեւ դրվագներ, երբ քանդակագործ Ալիս Մելիքյանը ստեղծում է Շառլ Ազնավուրի դիմաքանդակը: Այդ արձանն այժմ դրված է Փարիզում:
Տեսանյութում Շառլ Ազնավուրը երեւանյան համերգի ժամանակ խոսում է հայերեն: