image

Արշակ Սրբազան կանչուած է ԱԱԾ

Արշակ Սրբազան  կանչուած է  ԱԱԾ

Իշխանութիւնները սկսած են հետապնդումները Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներու եւ անոնց աջակիցներու նկատմամբ: Երէկ ալ Նիկոլ Փաշինեանի ասուլիսի թիրախը հոգեւորականներն էին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին եւ Վեհափառ Հայրապետը: Այս մասին գրած է 168.am-ը։

Լրատուամիջոցի տեղեկութիւններով`օրեր առաջ Ազգային անվտանգութեան ծառայութիւն (ԱԱԾ) կանչուած է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիւանապետ Գերաշնորհ Տէր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրեանը:

«Ըստ մեր աղբիւրներու`իշխանութիւնների կողմից հետապնդումների պատճառը Արշակ արքեպիսկոպոս Խաչատրեանի ակտիւութիւնն է, նրա կոշտ դիրքորոշումներով, քննադատական ելոյթները, հարցազրոյցները, եւ յատկապէս ապրիլի 23-ին`Հայոց ցեղասպանութեան 109-րդ տարելիցին նուիրուած ջահերով երթի ժամանակ Ծիծեռնակաբերդում նրա ունեցած ելոյթը։

Ի դէպ, Նիկոլ Փաշինեանի կառավարման տարիներուն առաջին անգամը չէ, որ Արշակ սրբազանին կանչում են ԱԱԾ` փորձելով լռեցնել նրան: 2020թ. նոյեմբերին եւս նա հրաւիրուել էր ԱԱԾ, ըստ մամուլի հրապարակումների`Նիկոլ Փաշինեանի անմիջական ցուցումով` իշխանութիւնների դէմ ուղղուած իր քննադատութիւնների պատճառով:

Փորձ էր արուել սպառնալիքի միջոցով Արշակ Սրբազանին լռեցնել: Այն ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատուական համակարգի տնօրէն Տէր Վահրամ քահանայ Մելիքեանը հաստատել էր Սրբազան հօրն ԱԱԾ հրաւիրելու տեղեկութիւնը՝ այլ մանրամասներ չյայտնելով:

2020թ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրեանին ԱԱԾ հրաւիրուելու պատճառը, ըստ ԶԼՄ-ների, նրա հետեւեալ խօսքն էր. «Նիկոլ Փաշինեանը ձախողել է երկրի ղեկավարումը եւ պէտք է հեռանայ ժողովրդի եւ իրաւապահների միջեւ բախումներից եւ, որ ամէնից վտանգաւորն է, արիւնահեղութիւնից խուսափելու համար: Ժամանակն է անձնական անվտանգութիւնը զոհել պետութեան ապագայի համար»:

Ապրիլի 23-ին, ջահերով երթի օրը, Ծիծեռնակաբերդում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրեանը յուժկու ելոյթ էր ունեցել, որով յստակ քաղաքական գնահատական էր հնչեցրել Հայաստանի իշխանութիւնների դաւաճանական գործողութիւնների, թշնամու օրակարգերը սպասարկելու, երկրում տիրող իրավիճակի, Արցախի կորստի, Տաւուշում կատարուող գործընթացների մասին։ Նա ներկայացրել էր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դիրքորոշումը եւ նզովք հնչեցրել.

«Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանութեան իսկութիւնը, նզովեալ պիտի լինի սերնդէ սերունդ,

ով փորձում է ջնջել պատմական մեր յիշողութիւնը, անիծեալ պիտի լինի նրա ու նրա ընտանիքի անունն ու յիշատակը յաւիտենապէս,

ով պայքարում է եկեղեցու դէմ, յաւիտենական դատապարտութեան ու ամօթի խարանով պիտի յիշուի պատմութեան մէջ,

ով խարխլում է հայոց ընտանիքի հիմքերը, զրկուած պիտի մնայ ընտանեկան յարկից ու ընտանեկան ջերմութիւնից,

ով հրաժարւում է հայրենի հողերից, անիծեալ ու աստանդական պիտի դառնայ եղբայրասպան Կայէնի նման»,-ըսուած էր Սրբազանի ելոյթում։

Մենք կը փորձենք կապ հաստատել եւ մանրամասներ ստանալ ԱԱԾ լրատուական ծառայութիւնից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատուական համակարգից»,-գրած է լրատուամիջոցը: